Գարեգին Ա կաթողիկոսի մահվան 5-ամյա տարելիցի առիթով
«Ժամանակը այն կտավն է, որուն վրա մարդ իր կյանքի արվեստովը պատկեր մը կդրոշմե, եւ այդ պատկերն է, որ կտավը կփրկե կտավության ինքնիրմով «չեզոք», անիմաստ գոյութենեն եւ բնական փչացումեն»:
Գարեգին Ա կաթողիկոս
Ուղիղ 5 տարի առաջ, հունիսի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոսի գահը ծածկվեց սեւ շղարշով: Չկար այլեւս հայոց 131-րդ կաթողիկոսըՙ Գարեգին Ա Վեհափառ հայրապետը:
Սակայն ժամանակի կտավի վրա մնաց Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի, ինչ-որ տեղ անավարտ, սակայն գունագեղ ու ինքնատիպ պատկերը, որ առաջին հերթին Հայրապետի իմաստուն խոսքն էՙ առինքնող, իմաստուն խոհերով առլեցուն:
Վեհափառ հայրապետի մահվանից անմիջապես հետո լույս ընծայվեց նրա ասույթների ու պատգամների ընտրանին, որ այս օրերին կրկին ընթերցանության սեղանիս է:
«Մահը մարդուս ֆիզիկականին վերջ կդնե, բայց երբ մարդը իր ֆիզիկականը հոգիով անդրանցնի, մահեն ետք իսկ կապրի ան եւ կդառնա պատգամախոս...»:
Ժամանակի հավերժ պատգամախոսը դարձավ Գարեգին Ա-ըՙ ժամանակի իր խորախորհուրդ պատկերներով:
«Ժամանակը ջուրին նման կուգա ու կերթա: Օրը կշոգիանա, ցերեկը գիշերվան մեջ կմեռնի, եւ առավոտը հարություն կառնե: Ջուրը դեպի երկինք կշոգիանա, ամպերուն մեջ կմեռնի եւ անձրեւին հետ կվերածնի ու կվերադառնաՙ դառնալու համար գետ ու գետակ, առու եւ առվակ, աղբյուր եւ հոսանք, լիճ ու ծովակ, ծով ու օվկիանոս...»:
Ժամանակի այս հավերժական տեղապտույտի մեջ է Գարեգին Ա կաթողիկոսի խոսքը, որ ներշնչում է հավատ, հույս եւ սեր...
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ