Ինչպես տեղեկացրել ենք նախապես, հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն Անգլիկան եկեղեցու պետ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Ուիլյամսի հրավերով մեկնեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Անգլիկան եկեղեցի պաշտոնական այցի ընթացքում, հունիսի 11-ին, Նորին Սրբությունը Բուկինգհեմյան պալատում հանդիպեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Նորին Մեծություն Էլիզաբեթ Բ-ի հետ:
Հանդիպման ընթացքում խոսվեց երկու պետությունների, ժողովուրդների եւ եկեղեցիների ջերմ հարաբերությունների, առկա բարեկամության զորացման եւ ամրապնդման կարեւորության մասին: Իր խոսքում Ամենայն հայոց հայրապետը մասնավորապես անդրադարձավ 1915 թ. Հայոց ցեղասպանությանը, նրա ճանաչմանն ու դատապարտման անհրաժեշտությանը:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Անգլիկան եկեղեցու պետ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Ուիլյամսը եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը: