Երեկ կեսօրին «Կիլիկիա» առագաստանավը անցել էր Հայաստան-Վրաստան սահմանը եւ Թբիլիսի մտնելու ճանապարհին էր: Ինչպես ասաց «Այաս» ծովային հետազոտությունների անդամ Հմայակ Թարախչյանը, նավը դեռ 1-2 օր կանցնի Վրաստանի ճանապարհներով: «Ճանապարհներն այնքան էլ լավը չեն, էլեկտրական լարեր, գազատար խողովակներ են հանդիպում, որոնք պետք է նավը շրջանցի: «Կիլիկիա»-ն մի քիչ դանդաղ, սակայն հաստատուն քայլերով առաջ է շարժվում», ասաց նա:
Ըստ հաշվարկների, երբ նավը հասնի Փոթի, ամենաքիչը մեկ շաբաթ նախապատրաստական աշխատանքներ կկատարվեն` վերջնական նորոգումներ, տեխզննում, մեկ-երկու օր փորձարկում Փոթիում: Մի խոսքով` մոտ երկու շաբաթ անց «Կիլիկիա»-ն կսկսի իր ծովային ճանապարհորդությունը:
Հմայակ Թարախչյանը Երեւանից օրական 1-2 անգամ հեռախոսով զրուցում է ծովային ճանապարհորդների հետ: Երեկ կեսօրին «նավաստիները մի քիչ հոգնած, բայց ուրախ ու խանդավառ էին»:
Թ. Մ.
Հ.Գ. Ի դեպ, երկու օր առաջ կազմակերպված հեռուստամարաթոնում հավաքվել է մոտ 14.000 ԱՄՆ դոլար: Բանկային հաշվի համարը բաց կլինի եւս մոտ մեկ շաբաթ: