«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2004-06-25 | #118, 2004-06-26 | #119, 2004-06-29


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐՏՎԵՑ ՆԱԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Կրկեսը օրինականացնելու նրա վերջին հույսը վճռաբեկն է

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ Անդրեաս Սրապյանին պետական կրկեսի տնօրեն նշանակելուց հետո մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը անդուլ պայքար է մղում կրկեսի նախկին տնօրեն Սոս Պետրոսյանի դեմ, որը մշակույթի նախարարի հրամանով աշխատանքից ազատվելուց հետո դիմեց դատարան եւ մայիսի 31-ին վերականգնվեց պաշտոնում: Սակայն դատարանի որոշումից դժգոհ նախարարը, ինչպես երեւում է, նահանջելու մտադրություն չունի, որովհետեւ դատարանի վճռից հետո նա դիմեց վերաքննիչ դատարան, որտեղ երեկ լսվեց վճիռը բողոքարկելու նրա հայցը: Ի խորին հիասթափություն նրա, հայցը չբավարարվեց եւ առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ, այսինքն, Սոս Պետրոսյանին ճանաչվեց կրկեսի օրինական տնօրեն:

«Մշակույթի նախարարը հանձնվելու միտք չունի եւ առանց ինձ տեղեկացնելու մարդիկ է ուղարկել կրկես, որոնք քրքրել են բոլոր փաստաթղթերըՙ որեւէ ապօրինություն գտնելու եւ դատախազությանը դիմելու նպատակով: Ինձ դատախազությունից կանչեցին եւ պատմեցին մի բան, որն իսկական ֆելիետոնի նյութ է», մեր հեռախոսազրույցի ժամանակ ասաց պրն Պետրոսյանը, պատմելով հետեւյալը:

Մշակույթի նախարարը դատախազությանը գրել է, որ անցյալ տարվա ապրիլին կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանն ինքն իրեն եւ Վիկտորյա Պետրոսյանին Ֆրանկֆուրտից հրավիրել է Երեւանՙ հյուրախաղերի:

«Այդպիսի բան իմ կյանքում չէի կարդացել: Ես ոչ թե ինքս ինձ եմ հրավիրել, այլ որդուսՙ միջազգային մրցույթների դափնեկիր Սոս Պետրոսյանինՙ տիկնոջ հետ, որոնք Գերմանիայում թողնելով իրենց խոշոր հոնորարները, եկան Հայաստան եւ միլիոնավոր դրամների օգուտ բերեցին կրկեսին», նախարարի անտեղյակությունից ապշած ասաց նա:

Մինչ Սոս Պետրոսյանը նյարդերն է փչացնում դատարաններում, նախարարի նշանակած օրինացերկրական տնօրենը գործի է անցել ու իր պաշտոնում ինքն իրեն վստահ ու ամուր զգալով վերանորոգման աշխատանքներ է սկսել: Նոր տնօրենը, ըստ Սոս Պետրոսյանի, մսխում է վերջինիս բերած շահույթը, որով նա նպատակ ուներ սեպտեմբերին սկսել կրկես սառույցի վրա ծրագրի նախապատրաստական աշխատանքները:

Դեռ ավելին, նոր տնօրենն ընդունել է նոր հաշվապահի, ադմինիստրատորի, նախկին գանձապահին ազատել է աշխատանքից ու նրա տեղը նորին ընդունել, այսինքն, աշխատանքի է տեղավորել իր մարդկանցՙ արհամարհելով դատարանի որոշումը:

Նախարարի վերջին հույսը վճռաբեկ դատարանն է, որին դիմելու դեպքում եթե 15 օրից նորից նույն պատասխանը ստանա, հետաքրքրական է, թե ի՞նչպես կգործի օրինական տնօրենի դեմ..

«Ինձ բարոյապես վիրավորել են, աշխատելու տրամադրությունից զրկել, բայց կրկեսային արվեստը կրկեսից մղոններով հեռու մարդկանց չհանձնելու մղումն ինձ ստիպում է չլքել իմ աշխատանքը: Ես պիտի մնամ ու պայքարեմ», մեր զրույցի վերջում ասաց Սոս Պետրոսյանը, ցավ հայտնելով, որ ինքը այդ վիճակում հայտնված միակ արվեստագետը չէ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4