Ընդամենը մի քանի ժամ առաջ Վիեննայից Երեւան էր ժամանել ամերիկյան հանրահայտ «Քրոնոս» քառյակը եւ երեկ առավոտյան «Երեւան» հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսին ներկա էր միայն խմբի ղեկավարըՙ I ջութակ Դեյվիդ Հարրինգթոնը: Աշխարհահռչակ քառյակն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կունենա երեւանյան իր առաջին ելույթը եւ այսօր մեր մայրաքաղաքը կդառնա մշակութային մեծ կենտրոն, թեկուզ մեկ օրով, որովհետեւ «աշխարհի որեւէ երկիր, որտեղ այցելում է «Քրոնոսը», այդ պահին դառնում է մշակութային կենտրոն», նշեց հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
«Քրոնոս» քառյակըՙ Դեյվիդ Հարրինգթոն (I ջութակ), Ջոն Շերբա (ջութակ), Հենկ Դաթ (ալտ), Ջենիֆեր Քալպ (թավջութակ) կազմակերպվել է 1973 թ. եւ իր գործունեության 30 տարիների ընթացքում երաժշտասեր հանրությանն է ներկայացրել երաժշտական ստեղծագործությունների ժանրային եւ արտահայտչական բազմազանության առումով աննախադեպ ընտրանի: Հատուկ այս խմբի համար գրվել եւ մշակվել են շուրջ 450 ստեղծագործություններ: Ամեն տարի «Քրոնոսն» ավելի քան հարյուր համերգով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրների հանրահայտ համերգադահլիճներում եւ օպերային թատրոններում (Կարնեգի հոլ, Սիդնեյի օպերային թատրոն, Լոնդոնի «Բարբիկա», Բուենոս Այրեսի «Տեատրո Կոլոն», «Լա Սկալա» եւ այլն):
Միջազգային բազմաթիվ մրցանակներ նվաճած (կամերային երաժշտության լավագույն կատարման համարՙ «Գրեմմի», Էդիսոնի եռակի, «Ռոլֆ Շոկ», «Նորարարական նվագացանկ», «Լե դիապազոն դ՛օղդը մե» եւ այլ մրցանակներ) «Քրոնոս» քառյակն իր ձայնագրություններն իրականացնում է միայն «Նոնսաչ Ռեքորդզ» ֆիրմայի միջոցով եւ առ այսօր թողարկել է 40 ձայներիզ: 2003-ին «Մյուզիքլ Ամերիկան» քառյակի անդամներին շնորհել է «Տարվա երաժիշտներ» պատվավոր կոչումը:
«Հայաստանում սա բացառիկ իրադարձություն է, «Քրոնոսի» կենդանի ունկնդրումը կյանքի լավագույն պահերից է լինելու, պետք չէ կորցնել եզակի հնարավորությունը», ասաց Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Ս. Ռոստոմյանը: Երաժշտական կենտրոնների միջազգային ասոցիացիայի անդամ ՀԵԻԿ-ն արդեն 5-րդ տարին է անցկացնում է «XXI-ի հեռանկարներ» միջազգային փառատոնը Երեւանում: Իր պրոֆեսիոնալ մոտեցումներով եւ գեղարվեստական որակների շնորհիվ փառատոնը լայն ճանաչման է հասել եւ հաջողել է Հայաստանում բազմիցս միավորել դասական երաժշտության այնպիսի աստղերի, ինչպիսիքՙ Լոնդոն Սիմֆոնիետան, Յուրի Բաշմետը, «Մոսկվայի մենակատարները», դաշնակահարներ Ալեքսեյ Լյուբիմովի, Ֆրանսուա Ժոել Տիոլիեն, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Իվան Մոնիգետին, Դավիթ Գերինգասը, Բորոդինի անվան լարային քառյակը, Չիլինգարյան քառյակը եւ այլն:
2004 թ. «XXI-ի հեռանկարները» հինգերորդ երաժշտական միջազգային փառատոնը մեկնարկում է այսօրՙ «Քրոնոս» քառյակի ելույթով: Դեյվիդ Հարրինգթոնը նշեց, որ մինչ Հայաստան գալն իրենք հետաքրքրվել են հայ երաժշտությամբ, իսկ կատարողացանկում տեղ են գտել հայ երեք կոմպոզիտորներ Տերտերյանի, Աշոտ Զոհրաբյանի, Տիգրան Թահմիզյանի ստեղծագործություններից: Սակայն Երեւանում իրենք հանդես կգան Հայաստանում դեռեւս չհնչած միայն ամերիկյան ժամանակակից կոմպոզիտորների գործերի կատարումներով:
«Քրոնոսի» (հունարեն «Chronos»-ժամանակ) երաժշտական ընկալումն ու մատուցումը կատարվում է արդի երաժշտական ոճերին եւ լեզվին համահունչ. «Մենք ապրում ենք բազմազան նորությունների ժամանակներում, լսում ամենատարբեր բնույթի երաժշտական կատարումներ եւ փորձում ենք օգտագործել դրանք մեր ստեղծագործություններում: Ինչպե՞ս են անվանում մեր երաժշտությունը: Նորվեգացի երկու երաժիշտներ համակարգչով ստեղծել էին այնպիսի մի երաժշտություն, որ մեզ թվացՙ մենք ենք նվագում, պահպանված էին «Քրոնոսի» ձայները, հնչյունները եւ ստեղծվել էր նորը: Այսօր փոխվել են երաժշտական հասկացությունները, երգահանների տաղանդը բացառիկ մակարդակների է հասել, ձեւերը շատ բազմաբնույթ են եւ որտեղից կծնվի հաջորդ գլուխգործոցը չգիտենք. գուցե մեզ անսպասելի մի տեղից»:
Երեւանում «Քրոնոս» քառյակի երաժշտական բացառիկ կատարումներն ունկնդրելու հնարավորություն ստեղծելու համար փառատոնի մենեջեր Սոնա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց «Ավստրիական ավիաուղիներ» եւ «Թուֆենկյան» ընկերություններին, «Ինեկոբանկին», ՀԲԸՄ-ին, «Սայաթ-Նովա» համալիրին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ