Դաշինքը հատուկ ուշադրություն է դարձնելու «ռազմավարական առումով կարեւոր Կովկասին եւ Միջին Ասիային»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Ստամբուլ
ՆԱՏՕ-ի Ստամբուլի գագաթաժողովի կոմյունիկեում, որն ընդունվել է Եվրատլանտյան խորհրդի նիստից հետո, նշվում է (հոդված 31), որ Հյուսիսատլանտյան դաշինքը հատուկ ուշադրություն է դարձնելու «ռազմավարական առումով կարեւոր Կովկասի եւ Միջին Ասիայի» տարածաշրջաններին: Եվրատլանտյան խորհուրդը ողջունել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի որոշումը ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հաստատելու մասին:
Մոտ ապագայում հավանական է, որ ՆԱՏՕ-ն հատուկ լիազոր կունենա Կովկասում եւ Միջին Ասիայում: Ամենայն հավանականությամբ, Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի լիազորի կենտրոնավայր կընտրվի Թբիլիսին:
Օսկանյան-Գյուլ-Մամեդյարով հաջորդ հանդիպումըՙ հավանաբար սեպտեմբերին, Նյու Յորքում
Հունիսի 28-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպում արտգործնախարարների մակարդակով: Վարդան Օսկանյանը հանդիպումից հետո ասաց, որ օրակարգ չի եղել, եղել է մտքերի փոխանակում, «երկխոսությունը միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների ենթատեքստում էր»:
Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ մեր տարածաշրջանի հետ կապված հետաքրքրական զարգացումներ են գնում, մասնավորապես ՆԱՏՕ-ն ռազմավարական նոր մոտեցում է ցուցաբերում Կովկասի եւ Միջին Ասիայի նկատմամբ: Մյուս կարեւոր զարգացումը, ըստ Օսկանյանի, Եվրոմիության ընդարձակումն է, որի սահմանները մոտենում են մեր տարածաշրջանին: Թուրքիան Եվրոմիության հետ հարաբերություններում շուտով նոր կարգավիճակով է հանդես գալու, ինչը եւս նոր իրավիճակ է հաղորդելու մեր տարածաշրջանին, ասաց արտգործնախարարը:
Օսկանյան-Գյուլ-Մամեդյարով հանդիպման ընթացքում, որը տեւել է 45 րոպե, անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղի հարցին, բայց, ինչպես նշեց Հայաստանի արտգործնախարարը, խորքային քննարկում չի եղել, քանի որ Թուրքիան միջնորդի դերում հանդես չի գալիս: Սա հանդիպում էր երեք հավասար կողմերի միջեւ, որոնք Կովկասում ունեն շահեր եւ խնդիրներ, ասաց Օսկանյանը:
Ամենայն հավանականությամբ Օսկանյան-Գյուլ-Մամեդյարով հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, Նյու Յորքում: Ըստ թուրքական մամուլի, երեք երկրների արտգործնախարարները քննարկել են հանդիպումներում Վրաստանի իրենց գործընկերոջը ներառելու հնարավորությունը:
Աբդուլլահ Գյուլ. «Մեզ առաջարկվում է դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դերակատարությունը Հայաստանը համարել է անցանկալի, քանի որ Անկարան այդ խնդրում չի կարող լինել անաչառ միջնորդՙ ադրբեջանամետ դիրքորոշման պատճառով: Համենայն դեպս, այդպես է եղել մինչեւ վերջերս, եւ Օսկանյանն է մի շարք առիթներով նշելՙ Թուրքիան Ղարաբաղի հարցում չի կարող լինել անաչառ միջնորդ:
Հունիսի 26-ին, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին, Ստամբուլում կազմակերպված մի կոնֆերանսում («Տրանսատլանտյան դաշինքը նոր խաչմերուկներում») Թուրքիայի արտգործնախարարը ելույթ է ունեցել եւ ասել. «Մեզ առաջարկվում է դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այդ նպատակով ես մշտական շփումների մեջ եմ իմ ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ: Հուսով եմ, Ստամբուլի գագաթաժողովը նոր հնարավորություններ կընձեռի այդ երկխոսության համար: Թուրքիայի հաստատակամ դիրքորոշումը Կիպրոսի կարգավորման հարցում շատերին զարմացրեց»: Գյուլի ելույթում չի նշվում, թե ով է Թուրքիային առաջարկել ԼՂ հարցում դեր խաղալ:
Իլհամ Ալիեւի հանդիպումները Սեզերի եւ Էրդողանի հետ
Գագաթաժողովի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ բազմաթիվ հանդիպումներ: Մասնավորապես Ադրբեջանի նախագահը կեսժամանոց հանդիպումներ է ունեցել իր թուրք գործընկեր Ահմեդ Նեջդեթ Սեզերի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը, որը կարելի է Ստամբուլում որսալ, մանրամասներ չհաղորդեց, միայն նշեց, որ թուրք-ադրբեջանական երկխոսության ընթացքում կողմերը կենտրոնացել են ղարաբաղյան հակամարտության, Կիպրոսի խնդրի, երկկողմ հարաբերությունների վրա:
Էրդողանն անդրադառնում է Հայաստանին
Հայաստանի նախագահի Ստամբուլ ժամանելուց հրաժարվելը թուրքական մամուլի եւ պետական շրջանակների ուշադրությունից չի վրիպել: Հավանաբար Քոչարյանի մասին ավելի քիչ կգրվեր եւ կխոսվեր, եթե նա այստեղՙ Ստամբուլում լիներ:
Վերջին օրերին վարչապետ Էրդողանը հրապարակավ երկու անգամ անդրադարձել է Քոչարյանին եւ Հայաստանին: Մասնավորապես թուրքական «Փոսթա» թերթի հարցին, թե Քոչարյանը հրաժարվել է Ստամբուլ գալուց եւ շարունակ օրակարգ է բերում Ցեղասպանության հարցն ու այդ պայմաններում ի՞նչ է մտածում վարչապետը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին, Էրդողանը պատասխանել է, որ Անկարան իր հարեւանների նկատմամբ հետապնդում է փոխադարձ շահերի քաղաքականություն ու այդ քաղաքականությամբ կջանա մեղմել հարեւանների հետ առկա հակամարտությունները:
«Այդ քաղաքականությունը մեր գլխավոր նպատակն է եւ այդ ուղղությամբ ենք ընթանում», ասել է Էրդողանը եւ ավելացրել, թե Թուրքիան ջանում է դարմանել այն դառնությունները եւ գժտությունները, որոնք առկա են դրացիների միջեւ: «Նույնիսկ եթե բամբակի թելով կապված լինենք, մենք կողմնակից ենք, որ այդ կապերը չկտրվեն: Եթե Հայաստանը խույս է տալիս, մենք մինչեւ որոշ կետ նրա հետեւից կգնանք: Բայց եթե շարունակեն ցեղասպանության նման հարցերով զբաղվել, արդյունք չեն կարող ստանալ: Թողեք այդ հարցով զբաղվեն պատմաբանները: Մենք ապագայի աշխարհն ենք կառուցում: Այլապես հաջորդ սերունդները լավ բաներ չեն մտածի մեր մասին: Կարեւորն այն է, թե այս պահին Հայաստանում ժողովուրդն ի՞նչ կյանքով է ապրում: Այդ կետը պետք է արժեւորել», Էրդողանի խոսքերը մեջբերում է Պոլսի «Մարմարա» օրաթերթը:
Ըստ թուրքական «Ջիհան» գործակալության, հունիսի 28-ին մեկ այլ առիթով անդրադառնալով Քոչարյանի Ստամբուլ չգալուն, Էրդողանն ասել է. «Մենք չենք կարող ասել, թե ինչու Հայաստանը (նախագահը) չի մասնակցում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, բայց Հայոց ցեղասպանության մասին պնդումներն ընդունելի չեն»:
Ռոբերտ Քոչարյանի Ստամբուլ գալուց հրաժարվելը հավանաբար նշանակում է, որ Թուրքիան չի ցանկանում բացել Հայաստանի հետ սահմանները: 1993 թ.-ից ի վեր Անկարան շրջափակել է Հայաստանը, ինչն այլ կերպ, քան թշնամական քաղաքականություն, դժվար է որակել:
Օսկանյանի օրակարգը
Երեկ Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի նիստին: Օսկանյանը, ըստ ծրագրի, պետք է հարցազրույց տար թուրքական NTV հեռուստաընկերությանը, ապա այցելեր ճարտարապետներ Կարապետ եւ Նիկողոս Պալյանների նախագծով 1844-55 թթ. կառուցված «Դոլմաբահչե» սուլթանական պալատ: Ի դեպ, հունիսի 27-ին նախագահ Սեզերը հյուրասիրություն կազմակերպեց թանգարանի վերածված «Դոլմաբահչեում», որին ներկա էին ՆԱՏՕ-ի անդամ 26 պետությունների ղեկավարները: