«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2004-06-26 | #119, 2004-06-29 | #120, 2004-06-30


ԲԱՐԵԿԱՄԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԸ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի այցը Բուլղարիայի Հանրապետություն տարբեր երկրների խորհրդարանների հետ հայ խորհրդարանականների համագործակցությանՙ վերջերս Երեւանում մեկնարկած համաժողովի առաջին գործնական արտահայտությունը կարելի է համարել:

Ժողովրդավարական փոփոխությունները Հայաստանում եւ Բուլղարիայում սկսվեցին գրեթե միաժամանակՙ 80-ական թթ. վերջերին: Դեմոկրատական շարժման շնորհիվ 1989 թ. Բուլղարիայում ստեղծվեց Ժողովրդավարական ուժերի միությունը (ԺՈՒՄ), որի անդամ Ժ. Ժելեւն ընտրվեց Բուլղարիայի նախագահ: Հաջորդ նախագահ Պ. Ստոյանովի հետ 1998 թ. հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը: Արթուր Բաղդասարյանի այս այցը, փաստորեն, երկար ժամանակ ընդհատված հարաբերությունները վերականգնելու փորձ է:

Բուլղարիան խորհրդարանական երկիր է, օրենսդիր մարմինըՙ 240 պատգամավորով միապալատ ժողովրդական ժողովն է: 2004 թ. Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ 2007թ. պատրաստվում է անդամակցել Եվրոմիությանը:

Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Օգնյան Գերշիկովի եւ բուլղար պատգամավորների հետ ԱԺ նախագահի հանդիպումը կայացավ այս երկիր նրա այցի երկրորդ օրը: Հանդիպմանը մասնակցում էր բուլղարահայ պատգամավոր, «Բուլղարիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռուբեն Գրիգորյանը: Նրանցից բացի, բուլղարական խորհրդարանում եւս մեկ հայ կա, եւ մեկ կին պատգամավոր, որի ամուսինն է հայ:

Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թ. հունվարից, այդուհանդերձ, խորհրդարանական մակարդակով համագործակցությունը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Բուլղարիայի համար նոր միջոցառում է եւ երկուսն էլ, այս իմաստով, փորձի կարիք ունեն:

Ժողովրդական ժողովի «Արեւմուտք» դահլիճում հայ եւ բուլղար խորհրդարանականների հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Նրանք լրագրողներին ներկայացրին հանդիպմանը ձեռք բերած պայմանավորվածությունները: Ե՛վ տնտեսական ու մշակութային, ե՛ւ միջխորհրդարանական կապերի զարգացման սկզբունքների եւ ուղիների վերաբերյալ 2 երկրների խորհրդարանների նախագահները նույն մոտեցումներն արտահայտեցին: Երկուսն էլ ընդգծեցին, որ արդեն իսկ հայ-բուլղարական կապերի աշխուժացման դրսեւորում են ապրանքաշրջանառությանՙ տարեցտարի աճող ծավալներն ու բազմազանությունը: Օգնյան Գերշիկովը նշեց, որ իրենք քաջատեղյակ են Հայաստանիՙ տրանսպորտային փոխադրամիջոցների սակավության խնդիրներին եւ մտադիր ու պատրաստակամ են աջակցելու նրան: Ցանկություն կա այդ համագործակցությունն ընդլայնել տարածաշրջանային եւ Տրասեկայի կտրվածքով եւս:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ Երեւան-Սոֆիա մշակութային միության ստեղծման շուրջ: Երեւանՙ Բուլղարիայի խորհրդարանի նախագահի պատասխան այցի ժամանակ կկազմակերպվի նաեւ հայ-բուլղարական գործարար ֆորում: Արթուր Բաղդասարյանը հույս հայտնեց, որ այս այցը հետագայում այլ հետաքրքրական դրսեւորումներ եւս կունենա:

Իսկ կոնկրետ ի՞նչ են ակնկալում հայ խորհրդարանականներն իրենց բուլղար գործընկերների հետ համագործակցությունիցՙ «Ազգի» հարցին ԱԺ պատգամավոր, պատվիրակության անդամ Սերգեյ Աբրահամյանը պատասխանեց. «Նախ եւ առաջ եվրոինտեգրման փորձը: Ուսումնասիրելով բուլղարացիների անցած ճանապարհըՙ մենք կարող ենք խուսափել որոշակի խնդիրներից եւ ավելի կարճ ժամկետում հասնել լիարժեք եվրոինտեգրմանը: Երկրորդ կարեւոր արդյունքը համարում եմ Հայաստանի եւ Բուլղարիայի մարզերի ու քաղաքների միջեւ բարեկամության հաստատումը: Գյումրու եւ Պլովդիվի միջեւ, իբրեւ 2 քույր քաղաքների, համագործակցության համաձայնագրերի ստորագրումը կկայանա այսօր: Համոզված եմ, որ դա օգտակար կլինի երկուստեքՙ ե՛ւ մեր, ե՛ւ բուլղարների համար»:

Ոչ միայն հայ խորհրդարանականները, այլեւ մեր երկիրն ընդհանրապես Բուլղարիայի խորհրդարանից, բնականաբար, պիտի ակնկալի նաեւ որոշակի դիրքորոշումՙ ցեղասպանության ճանաչման մեր ցավոտ խնդրի վերաբերյալ: Բուլղարահայ պատգամավոր Ռուբեն Գրիգորյանը հայ լրագրողներին տեղեկացրեց, որ այս առթիվ իրենց խորհրդարանում որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացվում են, բայց գործը դյուրին չէ, եւ դեռեւս անհայտ է, թե երբ պատրաստ կլինի օրինագիծն ու կմտնի խորհրդարան:

Օրվա երկրորդ կեսին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաեւ բուլղարական խորհրդարանի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի (նախագահՙ Վենկո Ալեքսանդրով) ղեկավարության հետ: Հայկական պատվիրակության կազմում ընդդիմությունը ներկայացնում էր «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանըՙ իբրեւ հայ-բուլղարական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4