Կյանքից հեռացավ հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Գեորգի Մինասյանը: Դժվար է նույնիսկ պատկերացնել, որ նրա կատարմամբ այլեւս չեն հնչի նոր երգեր, մինչդեռ արվեստագետը լի էր ստեղծագործական ավյունով ու բազում ծրագրերով:
Վերջերս մի անասելի տխրություն կար նրա աչքերում, նաեւՙ երկփեղկված կարոտ...
Գեորգի Մինասյանը ծնվել է 1942 թվականին Սոչիում, սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում եւ պետական թատերական ինստիտուտի օպերետայի բաժնում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կրասնոդարի օպերետայի թատրոնում, ապա Մոսկվայումՙ որպես «Մոսկոնցերտի» մենակատարՙ համերգներով հանդես գալով Խորհրդային Միության հանրապետություններում:
1972 թվականին ամուսնանալով, տեղափոխվում է Երեւան եւ ընդունվում ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբՙ որպես մեներգիչ: Գեորգի Մինասյան արվեստագետի համար հայ կոմպոզիտորների հետ համագործակցությունը ստեղծագործական նոր էջ է բացում: Նրա համար երգեր են գրել Ալ. Աճեմյանը, Ռ. Ամիրխանյանը, Ա. Հեքիմյանը, Ա. Բաբաջանյանը եւ ուրիշներ:
Որոշ ժամանակ անց Գեորգի Մինասյանը հանդես եկավ որպես «Հայհամերգի» մեներգիչՙ ստեղծելով սեփական գործիքային անսամբլ: Հաճախակի ելույթներ էր ունենում Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը:
90-ականների սկզբին տեղափոխվում է ԱՄՆ: Այնտեղ, Կ. Օրբելյանի հետ համագործակցության արդյունքում ծնվում են բազմաթիվ նոր երգեր, այդ թվում «Փառք մեր ազգության» երգը, որը սփյուռքահայության յուրատեսակ հիմնն է դառնում: Իսկ Գեորգի Մինասյանն իր կատարմամբ ԱՄՆ-ի «Armenian Music Award» երգի ամենամյա փառատոնի տարվա լավագույն երգչի տիտղոսին է արժանանում:
2001 թ. սիրված երգիչը կրկին հայրենիքում էրՙ այս անգամ մասնակցելու Առնո Բաբաջանյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ-հանդիսություններին:
Գեորգի Մինասյան երգչի, պայծառ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ, «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հուլիսի 1-ին, ժամը 12.00-14.00 տեղի կունենա Գեորգի Մինասյանի հոգեհանգիստը եւ վերջին հրաժեշտը Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճում: