«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2004-06-26 | #119, 2004-06-29 | #120, 2004-06-30


ՎԱԼԱՆՍՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է Դ. ՎԵՆՍՈՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Վալանսի «Արմենիա» մշակութային միության նախաձեռնությամբ օրերս Ֆրանսիայի հայաշատ այդ քաղաքի հանրությանը ներկայացվեց Դավիդ Վենսոնի «Հայերը 19-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդների պատմություններում» աշխատությունը: Գիրքն ընդգծում է 17961895 թթ. նկարագրություններ եւ լույս է տեսել Վալանսի «Բուքինըրի» հրատարակչությունում:

Հեղինակին շնորհակալություն հայտնելով ճանապարհորդների պատմությունների հետազոտման հետ կապված ծավալուն աշխատանքի համար, մշակութային միության ղեկավար Գրիգոր Ամիրզայանը ձայնը տվեց «Բուքինըրի» հրատարակչության պատասխանատու Ռընե Աճեմյանին, որ պատմեց, թե ինչու է ընտրել հենց այդ աշխատությունը: Աճեմյանի խոսքերով, իրեն անմիջապես հիացրել է Վենսոնի կատարած հսկայածավալ աշխատանքը, հետին պլան մղելով գրքի հրատարակման տնտեսական կողմը:

«Հայերը 19-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդների պատմություններում» գիրքը Դավիդ Վենսոնի գիտական ատենախոսությունն է: Իր գրեթե մեկժամանոց ելույթի ընթացքում հեղինակը ներկաներին ապացուցեց, որ ինքը հմտորեն տիրապետում է նյութին եւ հիանալի բանախոս է: Պատմաբանը խոսեց Ալեքսանդր Դյումայի, Լամարտինի, Թեոֆիլ Գոթիեի, Ժորժ Պերոյի եւ 19-րդ դարի ֆրանսիացի մյուս հեղինակների մասին, որոնք հուշագրություններ են թողել հայերի եւ Հայաստանի վերաբերյալ: Ապա ներկաներից շատերը նրան մոտեցան ինքնագրեր ստանալու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4