Ներկայացնում ենք մեր թիմերի մրցակիցներին
Հուլիսի 14-ին չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներով կտրվի եվրոգավաթների 2004/05 թթ. խաղարկության մեկնարկը: Արդեն հայտնի են Հայաստանը ներկայացնող 4 ակումբների մրցակիցները: Մինչ նրանց մասին ընթերցողներին տեղեկացնելը, նշենք, որ ելնելով նախորդ տարիների տխուր փորձից եւ մեր թիմերի ներկա խաղամակարդակից, առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարելու հնարավորությունները սահմանափակ են: Դա խոստովանում են նույնիսկ թիմերի մարզիչները:
Եվ այսպես, չեմպիոնների լիգայի մրցաշարում «Փյունիկն» առաջին խաղում հյուրընկալվելու է Մակեդոնիայի «Պոբեդային»: Մակեդոնիայի առաջնությանը մասնակցում են 12 թիմեր: 3 շրջանով անցկացված մրցաշարում «Պոբեդան» 5 միավորով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված «Սիլեքսից»: 33 հանդիպումներում «Պոբեդան» վաստակել է 71 միավոր (+22=5-6, 78-42): Թիմի հարձակվող Դիմիտրովսկին 25 գնդակով դարձել է առաջնության լավագույն ռմբարկու: «Փյունիկը» լրջորեն է նախապատրաստվում մակեդոնացիների հետ հանդիպումներին: Ստեղծվել է մարզչական խորհուրդ, աշխատանքներ են տարվում «Փյունիկի» կազմն ուժեղացնելու համար: Ներկայումս «Փյունիկի» հետ է մարզվում Կիպրոսում հանդես եկող Ռոմիկ Խաչատրյանը, որը ՀՀ չեմպիոնի կազմում կմասնակցի չեմպիոնների լիգայի մրցաշարին: Բացառված չէ, որ «Պոբեդայի» հետ խաղերին մասնակցեն նաեւ Քարամյան եղբայրները: Խոսակցություններ կան, որ Սարգիս Հովսեփյանն էլ հնարավոր է միանա իր նախկին թիմակիցներին: Ամեն դեպքում թիմի կազմն ուժեղացնելու կարիք է զգում եւ առանց դրա մեր չեմպիոնին շատ դժվար կլինի հաղթահարել առաջին փուլի արգելքը: Նշենք, որ մեր թիմերն առաջին անգամ են հանդիպելու մակեդոնական ակումբների հետ:
ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում արծաթե մրցանակակիր «Բանանցին» բաժին է հասել ուկրաինական «Իլյիչեւեցը», որը վերջերս ավարտված առաջնությունում գրավել է 8-րդ տեղը (+10=10-10, 34-36, 40 միավոր): «Իլյիչեւեցը» եվրոգավաթին մասնակցելու իրավունք է ստացել «Ազնիվ խաղի» մրցանակի խաղարկությունում հաղթող ճանաչվելու շնորհիվ: Ցավոք, «Բանանցն» ընթացիկ մրցաշրջանում անհաջող է հանդես գալիս եւ թիմին դժվար կլինի հաղթահարել ուկրաինական արգելապատնեշը: Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ Դոնեցկի «Մետալուրգը» մի քանի ֆուտբոլիստ կտրամադրի «Բանանցին»: Սակայն մեր թիմը մրցելու է ուկրաինական ակումբի հետ, ուստի բացառված չէ, որ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան չթույլատրի «Մետալուրգի» ֆուտբոլիստներին հանդես գալ «Բանանցում»: Այդ դեպքում թիմը մտադիր է համալրվել ի հաշիվ տեղի ֆուտբոլիստների:
Բրոնզե մրցանակակիր «Շիրակը» մրցելու է Մոլդովայի «Տիրասպոլի» հետ, որը 8 թիմերի մրցավեճում զբաղեցրել է 4-ր տեղը (+12=9-7, 32-22): Թիմի հարձակվող Բարբուրոշը 8 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում 4-րդն է (լավագույն ռմբարկուն «Զիմբրուի» ֆուտբոլիստ Շիշելովն էՙ 15 գոլ): Հարկ է նշել, որ «Տիրասպոլը» ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարին մասնակցում է երկրի գավաթակիր «Զիմբրուի» փոխարեն, որն արտոնագրման գործընթացը չէր անցել: Ցավոք, «Շիրակն» ընթացիկ առաջնությունում շատ անհաջող է հանդես գալիս եւ, անկեղծ ասած, դժվար է հավատալ, որ գյումրեցիներին կհաջողվի հաղթել մրցակցին:
«Միկան» մրցելու է հունգարական ֆուտբոլի երբեմնի ճանաչված ու տիտղոսակիր ակումբներից մեկիՙ Բուդապեշտի «Գոնվեդի» հետ: Ճիշտ է, թիմն այժմ հանդես է գալիս առաջին խմբում, որտեղ գերազանց ելույթների շնորհիվ կրկին բարձրագույն խմբի ուղեգիր է նվաճել: «Գոնվեդն» աչքի է ընկել իր արդյունավետ խաղովՙ խփելով 100-ից ավելի գոլեր: ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարին «Գոնվեդը» մասնակցում է երկրի գավաթի եզրափակիչ մտնելու շնորհիվ: Եզրափակիչում թիմը 1-3 հաշվով զիջել է երկրի չեմպիոն «Ֆերենցվարոշին», որը 20-րդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը: Եվ քանի որ «Ֆերենցվարոշը» մասնակցելու է չեմպիոնների լիգայի մրցաշարին, ուստի «Գոնվեդն» իրավունք ստացավ Հունգարիան ներկայացնել ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: «Միկան» ընթացիկ մրցաշրջանում հաջող է հանդես գալիս եւ, կարծում ենք, թիմն ի վիճակի կլինի լուրջ մրցակցության: Միայն թե անհրաժեշտ է համարձակ գործել, շեշտը դնել հարձակողական գործողությունների վրա: Հուսանք, որ դա «Միկային» կհաջողվի: