ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԻՆՖՈ: Շուրջ 65 հազար զլոտի է պահանջվում Թուրքիայի տարածքում Յագելոնյան համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանող Ռաֆալ Ենդրոշիկի որոնումը կազմակերպելու համար:
Ինչպես հաղորդեց Կրակովի վանքի վանահայր Թադեուշ Իսահակյան-Զալեսկին, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել օգնելու Ռաֆալ Ենդրոշիկի որոնման կազմակերպմանը եւ խոստացել են որոնման խումբ տրամադրել, գումար է անհրաժեշտ թարգմանչի, ուղեկցողի ծառայությունների եւ այլ ծախսերի համար: Ուսանողի ընկերները վճռականորեն են տրամադրված եւ մտադիր չեն հրաժարվել ընկերոջը փնտրելու համար Թուրքիա մեկնելու գաղափարից:
Հայաստան ուղեւորված լեհ ուսանողը 2002 թվականի մայիսին անհետ կորել է Թուրքիայի տարածքում: Նա հետաքրքրվում էր Հայոց ցեղասպանության հարցերով: Հենց 1915 թվականի պատմական իրադարձությունները պետք է ընկած լինեին Հայաստանի մասին վավերագրական ֆիլմի հիմքում: Ենդրոշիկը մտադիր էր ուսումնասիրել նաեւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ ուսանողն անհետացել է Վանա լճի եւ Արարատ լեռան շրջանում: