Ավարտվեց ԱԺ նախագահի այցը Բուլղարիա
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ Սոֆիա ժամանած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցի վերջին օրը ներկա եղավ Բուլղարիայի Ժողովրդական ժողովի աշխատանքներին: Այդ օրը ժողովը պիտի քննարկեր սոցիալական ու առողջապահական խնդիրներին առնչվող օրինագծեր: Հետաքրքրական է, որ քննարկումն սկսելուց առաջ պառլամենտի փոխնախագահը շուրջ 15 րոպե ներկա-բացակա էր անումՙ ամենեւին չքաշվելով հայկական պատվիրակության ներկայությունից: Դա սովորական աշխատանքային առօրյա էր իրենց համարՙ օրը 2-3 անգամ ստուգում են պատգամավորների ներկայությունը: Բուլղարական փորձից այս սկզբունքի կրկնօրինակումը հաստատապես օգտակար կլինի նաեւ մեր խորհրդարանի համար: Շքեղ կահավորված, նույնիսկ վերնահարկ ունեցող դահլիճում շատ էին նաեւ կին պատգամավորները, համենայն դեպս, նիստին 5 տասնյակ կին էր մասնակցում: Բուլղարացի պատգամավորի աշխատավարձը 1500-2000 դոլար է: Իսկ ընդհանրապես երկրում նվազագույն աշխատավարձ համարվում է 150 դոլարը, թոշակի նվազագույն չափը 80 դոլարն է, բարձրըՙ 400 դոլարը:
Օրվա ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԵԽԽՎ-ում բուլղարական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ նախագահի տեղակալ Յունալ Լյութֆիի հետ: «Հայաստանը եւ Բուլղարիան երկար տասնամյակներ նախկին խորհրդային համակարգի մեջ էին եւ երկար ճամփա պիտի անցնեն, մինչեւ հասնեն եվրոպական մակարդակի ժողովրդավարության: Ժողովրդավարությունն առաստաղ չունի, այն պետք է եւ կարող է անընդհատ զարգանալ մեր երկրներում, անկախ այն բանից, թե այսօր ինչ մակարդակում ենք», խոսքի սկզբում ասաց Յունալ Լյութֆին: Հետո նա անդրադարձավ Բուլղարիայում ապրող փոքրամասնությունների խնդիրներին: Պարզվեց, որ ինքը թուրքական փոքրամասնության ներկայացուցիչ է եւ հրաշալի հարաբերությունների մեջ է բուլղարահայ պատգամավոր Ռուբեն Գրիգորյանի հետ:
Հայ պատվիրակներին կոչ արեց չապրել միայն անցյալով, այլ ապավինել քաղաքական երկխոսություններինՙ «Չի կարելի մտնել Եվրոպա, առանց հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու իմացության», ասաց նա: Այնուամենայնիվ, հայերին խորհուրդ տալով մոռանալ անցյալը, ինքը չմոռացավ դատապարտել Թեոդոր Ժիվկովի կողմից 70-80-ական թթ. 250 հազար թուրքերի արտաքսումը Բուլղարիայից:
«Հայաստանը հաստատակամորեն ընտրել է եվրոինտեգրման ճանապարհը: Եվրոխորհրդի հունվարյան բանաձեւում բարձր գնահատվեց Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը: Մենք փաստորեն օրենսդրական մեր պարտավորությունները 80 տոկոսի չափով իրականացրել ենք: Եվրոպական ճանապարհով Բուլղարիան ավելի առաջ է գնացել, լիովին կատարել է իր բոլոր պարտավորությունները, եւ այս իմաստով Հայաստանի համար հուսալի ընկեր ու խորհրդատու կարող է լինել, անցումային շրջանի մեր դժվարությունները շատ են», պատասխան ելույթում ասաց Արթուր Բաղդասարյանը: Նա կրկին ընդգծեց, որ շահեկան տրանսպորտային դիրքի շնորհիվ Բուլղարիան Հայաստանի համար դեպի արեւմուտք տրանսպորտային հուսալի կամուրջ կարող է լինել: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին ու հայ-թուրքական հարաբերություններին, ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների երկխոսություն սկսելու օգտին: Թուրքիայի համար էլ չափազանց կարեւոր են հարաբերությունները Հայաստանի հետ, եթե ուզում է մտնել Եվրոպա: Գուցե այս հարցում արդյունավետ տարբերակ դառնա Բալկանյան երկրների փորձի կիրառումը:
Պաշտոնական այցի ավարտին ԱԺ նախագահը հանդիպեց Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սիմեոն Սաքսկոբուրգգոտսկու հետ: Նա եղել է Բուլղարիայի վերջին թագավորը մինչխորհրդային շրջանում, իսկ այսօր էլ ղեկավարում է Ժողովրդական ժողովի ամենամեծ ընդգրկում ունեցող «Ազգային շարժում. Սիմեոն Երկրորդ» կուսակցությունը: Սիմեոն Սաքսկոբուրգգոտսկին պատրաստակամություն հայտնեց նպաստելու այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Ընդգծվեց «Երեւան-Սոֆիա» օդուղու բացումը, առանց որի դժվար է պատկերացնել տնտեսական հարաբերությունների զարգացումը: Այս առթիվ նախնական պայմանավորվածություններ եղան: Արձագանքելով Ս. Բաղդասարյանի հրավերինՙ Բուլղարիայի վարչապետը եւս խոստացավ առաջիկայում այցելել Հայաստան:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Բուլղարիա-Երեւան