«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2004-06-30 | #121, 2004-07-01 | #122, 2004-07-02


ՀԱԿԱՀԱՅ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ԱՌԹԻՎ

Խիստ հետեւողական գտնվելով, Ամերիկայից «Ֆայ թետա կապա» միջազգային պատվո ընկերակցության «Սիգմա ֆայ» մասնաճյուղի փոխնախագահ Սիմոն Մաղաքյանը (տե՛ս «Ազգի» հունիսի 15-ի համարը) շարունակում է հետապնդել ադրբեջանցիների հակահայ հիստերիայի դրսեւորումներն օտար երկրների համալսարաններում: Նա բաց նամակ է հղել Միջազգային հետազոտությունների եւ ուսանողների փոխանակման վարչությանը (IREX) տեղեկացնելու ապրիլի 24-ի առթիվ ԱՊՀ-ից ԱՄՆ-ում սովորող երիտասարդների ստացած անարգական նամակների մասին:

Մինեսոտա նահանգում սովորող Իրինա Գուբարեւան (Ռուսաստանի Կազան քաղաքից), Միսսուրիում սովորող ազգությամբ ռուս Իվան Սամսոնովը (Ադրբեջանից), մեկ այլ ռուս աղջիկՙ Աննա Պոտալյակը (ՌԴ-ից) եւ Մերի Պողոսյանը (Հայաստանից) ապրիլի 24-ի զոհերի հիշատակին նվիրված նամակներ էին տեղադրել ուսանողների քննարկումներին հատկացված օնլայն էջում: Որպես պատասխան նրանք ադրբեջանցի ուսանողներից ստացան խիստ անարգական եւ սպառնալից նամակներ: Ադրբեջանցիների գլխավոր «թիրախն» էին դարձել Իրինան եւ Աննան: Աննան կարեւորություն չէր տվել եւ ջնջել էր պատասխան նամակն իր սայթից: Իրինան, սակայն, պահպանել էր: Խիստ անարգական լինելու հետեւանքով հնարավոր չէ մեջբերել այն, սակայն հատկանշական է հետեւյալ տողը. «Կգա ժամանակ, ես կսպանեմ ձեզ բոլորիդ»: Գրողը Հուսեյն Իսմայիլովն է: Իրինան շատ քաղաքավարի պատասխան է գրելՙ բացատրելով, որ իր նամակում ադրբեջանցիների կամ Ադրբեջանի մասին ոչինչ չէր գրել:

«Այդքան քաղաքավարի մի եղիր, հիմար, փոքրագլուխ, այլանդակ ռուս: Կուզեի քեզ հետ քննարկել այս հարցը եւ ցույց տալ թուրք ժողովրդի հզորությունը փոքրիկ... Բերանդ փակի՛ր, տկարամիտ», պատասխանել էր Իսմայիլովը:

Համալսարանների ուսանողների փոխանակման բաժինը տեղյակ է եղել այս նամակագրությանը, սակայն, միջոցներ ձեռք առնելու եւ ատելությամբ առլեցուն նամակների առաքումը կասեցնելու փոխարեն «ներողություն» է խնդրել ադրբեջանցիներից Ապրիլի 24-ը նշելու համար:

Սիմոն Մաղաքյանը բաց նամակ հղելով IREX-ին պարտավորեցնում է.

1. Բացատրություն պահանջել ուսանողների փոխանակման բաժնի պատասխանատու Այմի Սանտիմորիցՙ Իսմայլովի նամակին պատշաճորեն չարձագանքելու համար:

2. Պաշտոնապես երաշխավորել ռուս եւ հայ ուսանողների ֆիզիկական եւ հոգեբանական անվտանգությունը, որոնք առաջիկա ուսումնական տարում սովորելու են գնալու «Փոխանակման ծրագրի» շրջանակներում:

3. Հուսեյն Իսմայլովին հոգեբուժական քննության ենթարկելՙ վստահ լինելու համար, թե կարո՞ղ է արդյոք ուսումը շարունակել այդ ծրագրում:

4. Ստիպել Հուսեյն Իսմայիլովին ներողություն խնդրել Իրինայից, մյուս ռուս ուսանողներից եւ առհասարակ ամբողջ ռուս ժողովրդից:

5. Ներողություն խնդրել Իրինա Գուբարեւայից, մյուս ռուս եւ հայ ուսանողներիցՙ Հուսեյն Իսմայիլովի նամակին պատշաճ պատասխան չտալու եւ նման ատելությամբ լի նամակների առաքումը ժամանակին չկասեցնելու համար:

Սիմոն Մաղաքյանը IREX-ին զգուշացնում է, որ նամակի պատճեններն ուղարկել է տարբեր դեսպանատներ, լրատվական գործակալություններ եւ հասարակական կազմակերպություններ. «Հայերի հանդեպ թուրք-ադրբեջանական ատելությունը վերածվել է ընդհանրապես քրիստոնյաների հանդեպ ատելության, մի բան, որ մենք չպետք է հանդուրժենք 21-րդ դարում: Ատելության եւ անպատժելիության մթնոլորտում չպետք է ապրենք», եզրակացնում է նաՙ հույս հայտնելով, որ IREX-ի ղեկավարությունը մինչեւ հուլիսի 20-ը գործնական քայլեր կձեռնարկի, այլապես, գրում է նա, «ես պետք է մտածեմ, որ IREX-ը չի մտահոգվում իր հովանավորությամբ Մ. Նահանգներում սովորող ուսանողների անվտանգության եւ արժանապատվության հարցերով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4