«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2004-06-30 | #121, 2004-07-01 | #122, 2004-07-02


ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Դրան հավակնելու մասին հայտարարեց «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության ղեկավարը

Կուսակցության քաղաքական խորհուրդն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ստրասբուրգում ունեցած ելույթի, «վստահ եւ հստակ պատասխանների ու դիրքորոշումների» կապակցությամբ: Սակայն, ի տարբերություն արտաքին քաղաքականության, կուսակցությունը երկրի նախագահի դիրքորոշումը «ոչ այդքան հստակ եւ վճռական» է համարում ներքաղաքական դաշտում: «Դրա հետեւանքով ստեղծվել են կուսակցականացված նախարարություններ, դատարկ դահլիճով Ազգային ժողով, երկրում անհարգալից վերաբերմունք բարձրաստիճան ատյանների եւ ժողովրդի միջեւ», նշվեց «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության երեկ արված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ տեղի ունեցող անհիմն բռնությունները, ձերբակալությունները, մարդու իրավունքների ոտնահարումները հուսախաբ են անում առանց այն էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող հայ ժողովրդին:

Հայտարարության ընթերցումից հետո կուսակցության ղեկավար Միհրան Մովսիսյանը ավելացրեց, որ կոալիցիոն կառավարության մասին իրենց դժգոհությունը նախագահին հայտնել են դեռեւս 2003 թ.-ի մայիսին: Նա կուսակցությունների կողմից նախարարությունների սեփականաշնորհման օրինակ համարեց կրթության եւ գիտության նախարարությունում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ պաշտոնյան եթե չի անդամակցում այդ կուսակցությանն, ապա մեկուսացվում է աշխատանքից: Միհրան Մովսիսյանը նշեց նաեւ ԱԺ նախագահի կողմից ինքնաթիռը չվերթից հանելու եւ Սոֆիա մեկնելու փաստը, ինչի հետեւանքով Գյումրիից թռչող մարդիկ հայտնվեցին անորոշ վիճակում: Հաջորդը քաղաքաշինության նախարարությունն էր, որտեղ շուրջ երկու ամիս «շուկայական քննարկում էր գնում», թե ով պետք է զբաղեցնի այդ թափուր պաշտոնը: Մի խոսքով, «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության ղեկավարը նախագահին առաջարկեց ցրել կոալիցիոն կառավարությունը եւ լուծարել Ազգային ժողովը:

Սակայն, թերեւս, ամենակարեւորը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում այն էր, որ Միհրան Մովսիսյանը փաստորեն հայտարարեց երրորդ ուժի ստեղծման մասին, ներկաներին հիշեցնելով, որ այդ ուժի ստեղծման հնարավորության վերաբերյալ իրենք առաջին անգամ հայտարարել են դեռեւս ապրիլի 10-ին: Նա առայժմ հրաժարվեց բացահայտել, թե իր ղեկավարած կուսակցությունն ում հետ է հավակնելու զբաղեցնել այդ տեղը քաղաքական դաշտում: Միհրան Մովսիսյանը նաեւ նշեց, որ իրենք մտադիր չեն համագործակցել ընդդիմության հետ եւ մտադիր չեն շողոքորթել կամ գովերգել ոչ ընդդիմությանը, ոչ իշխանություններին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4