«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2004-06-30 | #121, 2004-07-01 | #122, 2004-07-02


«ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՆՐԱ ՄԻ ՔԻՉ ԴԱՏԱՐԿ ԿԼԻՆԵՐ»

Փարաջանովի ընկերները Փարաջանովի հայրենիքում են

Նիկոլայ Ռապայ, Յուլիկ Սենկեւիչ, Իննա Գենս, Մարինա Օրլովա, Կորա Ծերեթելի, Սոֆիկո Ճիաուրելի, Վլադիմիր Գաբբե. սրանք Փարաջանովի ընկերներն են, որ այսօր Հայաստանում են, եկել են նշելու իրենց ընկերոջ 80-ամյակը: Եկել են, որ մեկ անգամ եւս այցելեն ընկերոջ շիրիմին, տեսնեն նրա հայրենիքը` Սեւանա լիճն ու Բջնին, Հաղպատն ու Սանահինը, արդեն որերորդ անգամ լինեն նրա տուն-թանգարանում, արդեն որերորդ անգամ բացահայտեն արվեստագետի ստեղծագործության նորանոր շերտեր: «Նայում եմ գործերին ու նոր բաներ հայտնաբերում», խոստովանում է Յուլիկ Սենկեւիչը: Մի փոքր հուզվում է, լռում, հետո` «Աշխարհն առանց քեզ մի քիչ դատարկ կլիներ»: Արվեստագետն ընկերոջը շնորհակալություն է հայտնում թողած ժառանգության համար:

Փարաջանովի ստացած նվերները մի քանի օր հետո արդեն իր մոտ չէին լինում, ուրիշներին էր նվիրում: Նման ճակատագիր ունեցավ նաեւ Յուլիկ Սենկեւիչի քանդակած մեդալներից մեկը: Երեկ Սենկեւիչը այն նվիրեց Փարաջանովի թանգարանին: Սա ընկերների միակ նվերը չէր թանգարանին: Կինոգետ Կորա Ծերեթելին ընկերներին առաջարկեց թանգարանի ցուցանմուշների համալրման մեկ տարբերակ եւս: Կան մարդիկ, ովքեր Փարաջանովի օրիգինալ գործեր ունեն, սակայն երբեք չեն համաձայնի բաժանվել դրանցից: Ծերեթելին առաջարկեց հնարավորության սահմաններում հավաքել դրանք, պատճենել եւ գործերի մի մեծ հավաքածու դարձնել: Դա նույնպես արժեքավոր ալբոմ կլինի:

Ասում են` մեծերը հավերժ մնում են հոգեւոր հիշողության մեջ: Ասում են` մեծ սերը մեծերի հանդեպ ոչնչով չի չափվում: Ասում են` ծաղկավաճառ կինն իմանալով, որ ծաղիկները շիրմին դնելու համար են տանում, մաղթել էՙ մյուս անգամ ուրախ առիթով ինձ մոտ գաք: Բայց որ իմացել է` ծաղիկները Փարաջանովի համար են, տխուր տրամադրությունը փոխվել է, դաշտի ծաղիկների մի փունջ է պատրաստել, խնդրել դա էլ իր անունից դնել արվեստագետի շիրմին:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4