Հայագետները պիտի աշխատեն այս ուղղությամբ
Նախորդ ուսումնական տարվա սկզբին Երեւանում տեղի ունեցավ Հայագիտական միջազգային առաջին համաժողովը: Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի կազմակերպած այս միջոցառումը, որին մասնակցում էին հայաստանցի, սփյուռքահայ եւ արտասահմանցի հայագետներ, նպատակ ուներ նախ աշխուժացնել հարաբերական դադարը, կապեր ստեղծել հայագետների միջեւ: ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանի գնահատականով` դրան որոշակիորեն ծառայեց իր նպատակին` համաժողովին հետեւեցին հայագիտության բնագավառում մի քանի գիտաժողովներ, գիտական նստաշրջաններ:
Շուտով կլրանա համաժողովի անցկացման մեկ տարին: Արամ Սիմոնյանը բնական է համարում, որ շատ արագ արդյունքներ չէին գրանցվի, քանի որ համաժողովի ընդունած որոշումները պետք է համակարգվեին հիմնականում սփյուռքի հետ: Ամեն դեպքում, պրոռեկտորը արդյունքներից գոհ է: Համանախագահությունը համաժողովի ընթացքում ձեւակերպված առաջարկները ներկայացրել է ՀՀ նախագահին, այժմ սպասում են նրա արձագանքին: Հիշեցնենք, որ հիմնականում երեք խնդիր էր առաջադրված` հիմնադրել հայագիտական հետազոտությունների կենտրոն, հրատարակել «Հայագետ» ամսագիր եւ ստեղծել հայագիտական հիմնադրամ: Դեռեւս պարզ չէ, թե հայագիտական կենտրոնը տարածքային առումով ինչ աշխարհագրություն կընդգրկի, ինչ հաստիքներ կլինեն: Համաժողովի ընթացքում բարձրացվել է «Հայագետ» ամսագրի պետական ֆինանսավորման հարցը: Այն պետք է համակարգի հայագիտական հետազոտությունների, դրանց վերաբերյալ գրախոսականների տպագրման խնդիրը: Հայագիտական հիմնադրամը պետք է նպաստի հայագիտական հետազոտություններին: Ըստ Արամ Սիմոնյանի` հիմնադրամի ստեղծմանը պետք է նախ նպաստի պետությունը, որից հետո իհարկե այն կդառնա մասնավոր մարդկանց, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների, հիմնարկների խնդիրը:
Մինչեւ սեպտեմբեր կտպագրվեն գիտաժողովի լավագույն զեկուցումները: Աշխատանքը ձգձգվեց, քանի որ հիմնականում արտասահմանից նյութերը ուշ ստացան:
Ըստ Արամ Սիմոնյանի` այսօր հայագիտութան բնագավառում ցավալի խնդիրներից մեկը երիտասարդ կադրերի պակասն է: «Ասպիրանտուրայի ներկա վիճակն, իհարկե, մեզ չի կարող բավարարել քանակի իմաստով, որակի իմաստով` գուցե, ասաց նա: Սակայն եւ հայցորդների, եւ գիտական հիմնարկներում ու բուհերում աշխատող երիտասարդ կադրերի նկատմամբ առանձնակի ուշադրություն պետք է լինի. ցավոք սրտի հայագիտության մի շարք ճյուղեր այսօր կադրային ռեզերվ չունեն: Կադրերի որոշակի ծերացում նկատվում է հայագիտության բոլոր ոլորտներում»: Ըստ նրա` աշխատանք կատարվում է, սակայն բավարար չէ:
Արամ Սիմոնյանը խնդրի լուծման տարբերակներից մեկը համարում է ոչ միայն համաժողովի կազմակերպիչների, այլեւ ակադեմիայի, բուհերի` հայագիտության խնդիրներով զբաղվող մասնագետների հետեւողական աշխատանքը: «Շատ կարեւոր է, որ հայագիտությունը կապվի այժմեական խնդիրների հետ, այժմեականացվի հայագիտության հետազոտությունների մի մասը, համոզված է ԵՊՀ պրոռեկտորը: Դասականն ուսումնասիրելը շատ օգտակար, անհրաժեշտ նախապայման է հայագիտության զարգացման համար, բայց նաեւ շատ ակտիվ պետք է զբաղվել այժմեական թեմաներով: Կարծում եմ` անհրաժեշտ է մի շարք տեսական խնդիրների շուրջ նույնպես որոշակի քննարկումներ ծավալել` հայագիտության դերի, տեղի, բովանդակության, հայագիտության ճյուղերի վերաբերյալ հետեւությունների հանգելու համար»:
Ըստ առաջին համաժողովի որոշման` միջոցառումը պետք է պարբերականություն ունենա: Հաջորդը նախատեսվում է կազմակերպել 2006-ին: Արամ Սիմոնյանը կարծում է, որ այն թեմատիկ առումով պետք է ավելի նեղ բնույթ կրի, գուցե կընդգրկի հայագիտության 1-2 ճյուղ: Ինչ վերաբերում է երիտասարդ կադրերին, ապա առաջինի ժամանակ նրանց թիվը փոքր էր, քանի որ քչերը կարողացան զեկուցումների բարձր մակարդակ ապահովել: Ամեն դեպքում կազմակերպիչներն այդ հանգամանքը հաջորդ գիտաժողովի ժամանակ նկատի կունենան:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ