ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանի ղեկավարները սիրում են տեղի-անտեղի հիշատակել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (ԱՀՌԾ), որի իրականացմամբ մինչեւ 2015 թ. աղքատության խնդիրը հիմնականում իբր պետք է լուծված լինի: Սակայն, աղքատության հաղթահարում ասելով, նրանք բոլորովին այլ բան են հասկանում, ի տարբերություն աղքատության միջազգայնորեն (ՀԲ կողմից) ընդունված սահմանման: Մեր կառավարության համար աղքատության սահմանագիծ է համարվում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սահմանած եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից մեծ խանդավառությամբ հիմք ընդունած ցուցանիշը: Խոսքը չարաբաստիկ 12 հազար դրամի մասին է, որից ավելի եկամուտ եթե մեկ ամսվա ընթացքում մեկ անձն ունենա, ապա նա, ըստ վերոնշյալ կառույցների «հանճարեղ» եզրակացության, այլեւս աղքատ չէ: Հենց այսպիսի աղքատության հաղթահարման մասին են խոսում մեր երկրի բարձրագույն ղեկավարները, որը շատ հեռու է միջազգայնորեն ընդունված եւ մասնագետների հիմնավորած աղքատության սահմանումից եւ սահմանագծից: Սակայն սա միակ խայտառակությունը չէ այս ծրագրում: «Աղքատության հաղթահարման ռազմավարություն. ամփոփ ցուցանիշներ» հավելվածում նշված են այն կանխատեսումները, որոնց ծրագրի իրականացման արդյունքում պետք է հասնենք 2015 թ.- ին: Անդրադառնանք դրանցից առավել հետաքրքրականներին:
Պարզվում է, որ անգամ 2015 թվականին վերոնշյալ սահմանմամբ աղքատությունն ամբողջապես հաղթահարված չի լինելու: Պարզապես ներկայիս 51 տոկոսի փոխարեն 11 տարի հետո աղքատները կկազմեն երկրի բնակչության 20 տոկոսը: Սակայն նույնիսկ այս խոստումը խիստ անհավատալի է թվում, որովհետեւ 2004 թ. համար կանխատեսվող աղքատության 43,7 տոկոս չափի փոխարեն ներկայումս շարունակվում է պահպանվել 51 տոկոսը:
Հաջորդն առաջանում է «որքա՞ն եկամուտ պետք է ունենան մարդիկ 2015 թ.-ին, որպեսզի այլեւս աղքատ չհամարվեն» հարցը: Մի՞թե աղքատության սահմանագիծը մնալու է նույն 12 հազար դրամը: Պարզվում է, որ ո՛չ: Մեր իշխանությունները բավականին «մեծահոգի» են: Աղքատության սահմանագիծը 11 տարի հետո պետք է կազմի ... 16588 դրամ: Այլ կերպ եթե ներկայացնենք, ապա կստացվի, որ ներկայիս 22 դոլարի փոխարեն աղքատության սահմանագիծը կբարձրանա ամբողջ 3 դոլարով, կազմելով 25 դոլար: Այդ ժամանակվա համար կանխատեսվող 622 դրամ 1 դոլարի համար փոխարժեքի դեպքում: Հարկ կա՞ մեկ անգամ եւս նշելու, որ սա ծաղրուծանակ է սեփական ժողովրդի նկատմամբ, այլ ոչ թե լավ կամ վատ ծրագիր:
Շարունակենք դիտարկել ԱՀՌԾ մյուս փայլատակումները: Նվազագույն աշխատավարձը նույնպես 11 տարի հետո կկազմի 16588 դրամ: Այնքան, որքան պետք է լինի աղքատության սահմանագիծը այդ ժամանակ: Առիթ ունեցել ենք եւ մեկ անգամ եւս կցանկանայինք հարց ուղղել այս ծրագիրը կազմողներին եւ հաստատողներինՙ իրենք 16588 դրամը քանի՞ րոպեում կամ, ծայրահեղ դեպքում, ժամում են ծախսում: Պատկերացնո՞ւմ են նրանք, թե ինչ է նշանակում այդքան աշխատավարձ կամ եկամուտ ունենալ մեկ ամսվա ընթացքում եւ միաժամանակ չհամարվել աղքատ: Եվ դա ոչ միայն հիմա, այլեւ 2015 թ.-ին: Դատելով նրանց արտաքին տեսքից, չեն պատկերացնում: Չեն պատկերացնում համենայն դեպս իրենց համար, այլապես, չնայած բազում այլ եկամուտներ ունենալուն, բազմապատիկ չէին բարձրացնի սեփական աշխատավարձերը:
Նույնն է պատկերը նաեւ կենսաթոշակների առումով: Ծրագրի ավարտական տարում միջին կենսաթոշակը կանխատեսվում է հասցնել 26,7 հազար դրամի: Տեղեկացնենք, որ առողջապահության նախարարության մասնագետների հաշվարկների համաձայն, աղքատության սահմանագիծը պետք է հենց այդքան կազմեր դեռեւս 1996 թ.: Պարզվում է, որ դրանից շուրջ 20 տարի հետո միայն թշվառ սոցիալական վիճակում գտնվող թոշակառուները, ավելի ճիշտ, նրանք, ովքեր մինչ այդ ողջ կմնան, կարող են հուսալ, որ կստանան այդքան գումար իրենց գոյությունը պահպանելու համար: Համեմատենք սա նախարարի կամ դատավորի 300 հազար դրամ կազմող ներկայիս աշխատավարձի հետ, կտեսնենք, որ ներկայումս գործող եւ 11 տարի հետո նախատեսվող բոլոր աղքատության սահմանագծերը, նվազագույն աշխատավարձերն ու միջին թոշակները իշխանությունների ցինիզմի արդյունքում ստացված թվեր են:
Մի շարք հետաքրքրական ցուցանիշներ են կանխատեսվում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնչությամբ: Սպասվում է, որ 2015 թ.-ին այն պետք է քառապատկվի, կազմելով գրեթե 4 տրիլիոն դրամ: Սակայն պետբյուջեի հարկային եկամուտներն ավելանալու են ընդամենը 4,5 տոկոսով: Գումարային առումով նշենք, որ այս տարվա շուրջ 250 մլրդ դրամի փոխարեն 2015 թ. 22 տոկոս հարկային մուտքերը ՀՆԱ նկատմամբ կկազմեն մոտ 800 մլրդ դրամ: Այսինքնՙ ՀՆԱ-ի աճին համարժեք քառապատկվելու փոխարեն դրանք կավելանան 3-3,5 անգամ: Դա նշանակում է, որ 11 տարի հետո ստվերային շրջանառությունը ոչ միայն չի նվազելու, այլեւ ավելանալու է, իսկ հարկային մուտքերի աճն ակնկալվում է ոչ թե ստվերի, այլ միայն ՀՆԱ աճի արդյունքում:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թ.-ին Հայաստանում պետք է տարեկան կազմի 2000 դոլար: Համեմատության համար նշենք, որ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը դեռեւս 1998 թ.-ին կազմել է 2110 դոլար, իսկ զարգացած երկրներումՙ շուրջ 22 հազար դոլար: Հետեւաբար մի քանի տարի հետո միջին եվրոպական ցուցանիշներին հասնելու մասին ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարի վերջերս արված հավաստիացումներն առնվազն ծիծաղելի են:
Կարծում ենք, վերոշարադրյալը բավարար է հասկանալու համար, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր կոչվածը ոչ այլ ինչ է, քան խաբեություն: Այն, փաստորեն չի համապատասխանում իր անվանմանը եւ կոչված չէ լուծելու աղքատության խնդիրը Հայաստանում: Զարմանալի է, որ մեր իշխանությունների նախաձեռնած այս խաբեությանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերում այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը: Մինչդեռ այդ գումարները հնարավոր կլիներ շատ ավելի նպատակային եւ արդյունավետ օգտագործել: