Այս տարվա օգոստոսի 8-ին ԼՂՀ-ում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կապակցությամբ Ադրբեջանն ակտիվ հակաքարոզչություն է սկսելՙ դրանք տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտելու նպատակադրությամբ: Հարեւան երկրի քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե Ղարաբաղում ընտրությունները չեն կարող համարվել օրինական, քանի որ հակասում են միջազգային իրավունքի նորմերին: Նրանց այս մոտեցման հիմքն այն է, որ իբր հակառակ Ադրբեջանի ազգային օրենսդրությանՙ ընտրությունները Ղարաբաղում անցկացվում են առանց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության մասնակցության:
Այս կապակցությամբ օրերս հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, որում ադրբեջանական կողմի դիրքորոշումը խիստ կտրված է համարում առկա իրողություններից: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ ահա արդեն 16 տարի ապրում է Ադրբեջանից անկախ եւ ինքնուրույն է կազմակերպում իր կյանքը սեփական պատմական տարածքում, ոչ մի կապ չունի նրա օրենսդրության հետ, հետեւաբար, նման կարգի հղումները միանգամայն անհիմն են», նշվում է հայտարարության մեջ:
Միեւնույն ժամանակ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը ուշադրություն է հրավիրում ադրբեջանական իշխանությունների անտրամաբանական գործողությունների վրա: Մասնավորապես, պաշտոնական Բաքուն միջազգային կազմակերպությունների ամբիոններից Լեռնային Ղարաբաղն անվանելով չվերահսկվող տարածքՙ դատապարտում է ընտրությունների անցկացման եւ դրանց հիման վրա իշխանության ու կառավարման օրինական մարմինների ձեւավորման բուն փաստը: Ինչ վերաբերում է ընտրություններին ԼՂՀ ադրբեջանական բնակչության չմասնակցելուն, ապա այս տրամաբանությամբ հարկ է անվավեր ճանաչել Ադրբեջանում անցկացված բոլոր ընտրությունները, քանի որ էթնիկ զտումների հետեւանքով հարյուր հազարավոր հայ քաղաքացիներ են վտարվել այս երկրից:
ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը նաեւ համոզմունք է հայտնում, որ ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների օգոստոսի 8-ին կայանալիք ընտրությունները, ինչպես նաեւ հանրապետության բոլոր մակարդակների իշխանության մարմինների նախորդ ընտրությունները համահունչ են միջազգային չափանիշներին, եւ Լեռնային Ղարաբաղում ու տարածաշրջանի մյուս երկրներում ժողովրդավարական գործընթացների զարգացումն ու խորացումը թույլ կտան պայմաններ ստեղծել ամբողջ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման համար:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ