«Ազգ» թերթի հունիսի 23-ի համարում «17 կրոնների երկիր» խորագրով ու լրագրող Պետրոս Քեշիշյանի ստորագրությամբ հրապարակվել էր Լիբանանի մասին մի հոդված:
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թերթինՙ Միջին Արեւելքի, մանավանդ Լիբանանի, Իրաքի եւ Պաղեստինի վերաբերյալ քաղաքական լրատվական հոդվածներ տպագրելու համար:
Սակայն մեր դեսպանությունը վերոհիշյալ հոդվածում բազմաթիվ վրիպումներ գտավ: Դեսպանությունը անհրաժեշտ է գտնում պարզել իրողություններն ու ներկայացնել քաղաքական իրական պատկերն այսօր Լիբանանում:
Հոդվածի սկզբում շարադրվել է հետեւյալը. «Վերջին տարիներին իրադրությունը փոքր-ինչ հանդարտվել է .... 1947 թվականի նոյեմբերին անկախություն հռչակած Լիբանանն առայսօր միջհամայնքային պատերազմի եզրին է»: Իսկ հոդվածի վերջում շարադրված է հետեւյալը. «Երկիրը կարող է ներքաշվել արաբա-իսրայելական հակամարտության հորձանուտի մեջ, հակամարտություն, որը հետագա ծավալման դեպքում, անկասկած, միջկրոնական երանգ կստանա»:
Մեր դեսպանությունը ցանկանում է ձեր, ինչպես նաեւ հարգելի հայկական հանրային կարծիքի ուշադրությանը հանձնել հետեւյալ իրողությունները.
Լիբանանում պատերազմը վերջնականապես ավարտվեց 1990 թվականին: Սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին նույն թվականի սեպտեմբերի 21-ին:
1989 թ. Թայեֆի համաձայնագրով լիբանանյան բոլոր կողմերը համաձայնել էին այդ փոփոխությունների շուրջը, որով ներքին խաղաղության հիմքն էր դրվել երկրում: Այդ թվականից սկսած լիբանանցիները ձեռնամուխ են եղել սահմանադրական, պետական, հասարակական, զինվորական ու տնտեսական ինստիտուտների կառուցմանը, ինչը նպաստեց խաղաղության հաստատմանը երկրում:
Անցնող ժամանակաշրջանում Լիբանանն ապրեց համակեցության պայմաններում, որն արտահայտվեց տեղի ունեցած վերջին խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
2003 թ. ընթացքում Լիբանան են այցելել մեկ միլիոն հարյուր հազար զբոսաշրջիկներ, որոնք վայելել են Լիբանանում տիրող կայունության, համերաշխության ու բարգավաճման մթնոլորտը:
2000 թ. լիբանանցիները ազատագրեցին Իսրայելի զավթած տարածքները երկրի հարավում եւ արեւմտյան Բեքաայում: Դեռեւս զավթած են մնում որոշ տարածքներ, ինչպես Շեբաայի ագարակները: Լիբանանը ջանում է բոլոր միջոցներով ազատագրել իր ողջ տարածքները: Բոլոր լիբանանցիներն էլ առանց խտրության մասնակցում են իրենց հայրենի հողերի ազատագրման գործին: Լիբանանը ձգտում է, որ 1948-1967 թվականներին Պաղեստինից տեղահանված պաղեստինցի փախստականները վերադառնան իրենց հողերը: Լիբանանը մերժում է նրանց վերաբնակեցումը Լիբանանում: Այդ սկզբունքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Թայեֆի ժողովում, որն էլ ամրագրվել է սահմանադրության նախաբանում:
Լիբանանյան բոլոր ինստիտուտները համերաշխության եւ համակեցության ոգով գործում են Լիբանանի Հանրապետության մեծարգո նախագահ Էմիլ Լահուդի հովանավորության ներքո, համերաշխության եւ համակեցության ոգով, որը ղեկավարում է նավը դեպի անվտանգ մատույցներՙ Լիբանանի սահմանադրությունից բխող հիմնակետերի ու համակեցության լիբանանյան վաղեմի ավանդության շրջանակներում:
ԺԵԲՐԱՅԻԼ ԺԱԱՐԱ, ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան