«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2004-07-01 | #122, 2004-07-02 | #123, 2004-07-03


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳԻՐԸ

Կյանքի խորշերը շրջանցելու, չնկատելու ցանկությունից չէ, երբ աչքը գեղեցիկն է որոնում, երբեմն անգամ ակամա, այլ աշխարհն ուրիշ գույնի ու ձեւի մեջ ներկայացնելու ունակությունն է, որ հնարավորություն է տալիս ճանաչելու եւ ճանաչելի դարձնելու դրանք ուրիշներին: Լեւոն Լաճիկյան արվեստաբան լրագրողն ունի գեղեցիկը տեսնելու այդ կարողությունը, որն էլ անխուսափելիորեն նրա մեջ սեր է ծնել արվեստի նկատմամբ: Մարդկային հոգու լույսը մթագնող ցավին ու զրկանքին շատերն են զոհ գնում, տրվում կյանքակուլ օրենքներինՙ երազները թողնելով առօրյայի մացառուտներին: Երբ 1992-94 թթ. մղձավանջային խավարը տիրել էր հայ մարդու կյանքը, եւ շատերը իբրեւ ելքի ճանապարհ ընտրեցին երկրից հեռանալը, իսկ մնացածը մի կերպ իր գոյության պահպանման բնազդին էր տրված, եղան այնպիսիք, որոնք այդ անլույս օրերին գույն, ոգի ու լույս հաղորդեցին: Խոստովանենք, որ նման կարելիությամբ օժտված է միայն ճշմարիտ արվեստը, որքան էլ այսօր մեր կյանքից հանիրավի դուրս էին մղված հոգեւոր-բարոյական արժեքներ կրող արվեստագետն ու նրա ստեղծածը: Ապշահար հուսահատությամբ այդ տարիների հիշողությունը ճղճիմ կենցաղ ու մռայլ առօրյա է միայն արձանագրում, ավելինՙ երբ չկար ջերմություն տներում, երբ պակասել էր սեղանին հացը, մարդիկ դարձել էին մռայլ, ինքնամփոփ ու եսակենտրոն:

Սակայն պարզվում է, որ մայրաքաղաքն այդ տարիներին նաեւ լուսավոր բռնկումներ է ունեցել, եւ ահա Լեւոն Լաճիկյանը նրանցից է եղել, որ որսացել է այդ կարճ պահերը եւ վավերացրել օրերի մշակույթի պատմությունը «Անլույս օրերի ոգեղեն ղողանջները» ժողովածուում: Այդ տարիների մշակութային անդրադարձների կաթիլ առ կաթիլ արձանագրումը նա կատարել է «Ազգ» օրաթերթում աշխատելիս, այսօր դրանք վերածվել են մշակութային իրողությունների մնայուն տարեգրության:

Օրաթերթային լրագրությանը բնորոշ հպանցիկ-տեղեկատվական բնույթը, պարզ սղագրում-արձանագրումը բացակայում են նրա հոդվածներում: Հակառակըՙ գեղագետ արվեստասերի նրբաթափանց տեսողությամբ լրագրային արվեստաբանության այս նորահայտ էջերը մշակութային իրողությունների վերլուծություն-մեկնաբանություններ ենՙ անհատականության դրոշմով, կատարված դիտողունակ եւ զգայուն հայացքի ներքո:

Այդ տարիներին, երբ լույս չէին տեսնում արվեստաբանական շատ հանդեսներ, դադարեցրել էր իր գործունեությունը «Գրական թերթը», «Ազգ» օրաթերթը ստանձնեց մշակութային կյանքի խոսափողը դառնալու պարտավորությունը, եւ թերթի աշխատակից Լեւոն Լաճիկյանը ներքին նվիրումի ու սիրո «հաշվին» կարողացավ մթության մեջ նշմարել լույսի թույլ առկայծումները: Հեղինակի ուսանողական տարիների մտերմուհինՙ Անուշ Նագգաշյանը Երուսաղեմից, մի քանի դրվագ հիշեց գրքի շնորհանդեսին, հիշեց, թե երբ ինքը Երեւան էր եկել ու շատերը թմրել էին կյանքի խավարից, իրենք ձեռք-ձեռքի տված սառած փողոցներով սրահից սրահ էին վազում, արվեստանոցից արվեստանոց: Այդպես խնամքով ու ջանադրաբար հավաքվել ու մշակվել է նյութը, առօրեական լրագրությանը հաղորդելով գեղագիտական նրբաճաշակություն, լեզվական մաքրություն, արվեստը գնահատողի, ճանաչողի ու քննադատի որոշակի վերաբերմունք, նաեւ մատուցման կուլտուրա:

«Առանց չափազանցության, բարեբախտություն էր մշակույթի գործիչներիս եւ ընդհանուր վերցրած մեր մշակութային կյանքի համար, որ հազվագյուտ ազգանունով եւ նույնքան նուրբ ճաշակով այդ երիտասարդ գեղագետը ձեռքն առավ մշակութային մեկնաբանի գրիչը եւ գիտական գործունեության զուգահեռ ստանձնեց մշակութային ժամանակագրի բարդ ու պատասխանատու դերը», ժողովածուի առաջաբանում գրում է Տիգրան Լեւոնյանը:

«Անլույս օրերի ոգեղեն ղողանջները» ժողովածուի «Մշակութային անդրադարձներ» եւ «Դիմանկարային էսքիզներ» բաժիններում ամփոփված հեղինակի հիմնականում 1992-95 թթ. հոդվածները պատմում են գրականության, նկարչության, երաժշտության, քանդակագործության, կինոյի եւ թատրոնի ոլորտներում տեղի ունեցող նշանակալի (նաեւ ձախողված) երեւույթների եւ անունների մասին, անդրադարձներ արվել են նաեւ երիտասարդ սկսնակ արվեստագետների գործերինՙ արվեստաբանի շիտակ հայացքով, առանց հետեւելու խաղի ընդունված կանոններին... Իր հոդվածների հերոսներն արվեստի ամենատարբեր ոլորտի մարդիկ ենՙ Գրիգոր Խանջյան, Վարդուհի Վարդերեսյան, Տիգրան Լեւոնյան, Վիլեն Գալստյան, Պերճ Ժամկոչյան, Ալեքսանդր Գրիգորյան, Հարություն վրդ. Պզտիկյան, Էդմոն Քեոսոյան, Հենրիկ Սիրավյան, Բարսեղ Թումանյան եւ շատ-շատերը:

Ժողովածուի ոգուն բնորոշ պարզ ու անկեղծ մթնոլորտում օրեր առաջ նորընծա գրքի շնորհանդեսը կատարվեց ԱՕԿՍ-ի դահլիճում: Այնտեղ իր արվեստագետ բարեկամներն էին, հեղինակի ընկերները: Գրքի խմբագիր-գրականագետ Գուրգեն Գասպարյանը ժողովածուն արժեւորեց որպես ոգեզուրկ ժամանակների ոգեղեն արտահայտությունՙ ընդգծելով հեղինակի բանիմաց եւ մասնագիտական վերլուծական կարողությունը, գործնական եւ տեսական գիտելիքների փորձը, որով եւ ակադեմիական գրագիտության սկզբունքներ բերեց լրագրություն: Վլադիլեն Բալյանըՙ հեղինակի երաժիշտ բարեկամը, հեղինակի կատարածը համեմատեց մեղվի աշխատանքի հետՙ իբրեւ անցյալ օրերի մշակութային մնայուն տարեգրություն:

«Արարչից հետո արվեստագետին եմ համարում արարող: Եվ մշտապես փորձել եմ հասկանալ այդ սրբազան պրոցեսը»: Դա հասկանալու համար իրեն օգնել են ոչ միայն արվեստաբանական գիտելիքները, գործնական շփումները, այլ նաեւ արվեստի հանդեպ ունեցած սերը: Լեւոն Լաճիկյանը հիշեց, թե այդ օրերին ինչպես ոտքով Դավիթաշենից «Ազգի» խմբագրություն էր գալիս, մի բան, որ այսօր տարակուսելի է թվում: Հեղինակը խոստովանեց, որ եթե չլիներ «Ազգ» թերթը, ինքը թերեւս չէր գրի:

«Երբեմն մարդիկ հարցնում ենՙ ինչով ես զբաղվում, ասում եմՙ թիթեռնիկ եմ թռցնումՙ 24-ժամյա կյանք ունեցող մի թերթ, ապա հաջորդ օրվա թիթեռնիկի մասին եմ մտածում: Հաճախ ես մտածում, թե օրաթերթի խմբագրի գործն իմաստավորվո՞ւմ է արդյոք: Այնուամենայնիվ, այժմ տեսնում ենք, որ այդ ցավագին, դժվար օրերի աշխատանքը կուտակվել, դարձել է հիշատակարան, տարեգրություն, այդ ժամանակաշրջանի համար հում նյութ: Մեր թերթում այդ տարիներին Լեւոն Լաճիկյանը նախանձախնդրորեն հետեւում էր մշակութային իրադարձություններին եւ ահա դրանք արձանագրվել ու պատմություն են դարձել, որն էլ մխիթարում է նրանց, որոնց թվում է, թե անիմաստ գործ են անում», ասաց «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

«Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» ժողովածուն (399 էջ) գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակությամբ լույս է տեսել Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ (սեւ, սպիտակ եւ գունավոր լուսանկարներով, բարձրորակ տպագրությամբ, «Տիգրան Մեծ» տպարանում), նաեւ հեղինակի արվեստագետ ընկերների աջակցությամբ: Գիրքը նվիրված է հեղինակի ծննդավայր Կումայրիին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4