Որովհետեւ շատանում են եվրոպական միջակ քաղաքներին բնորոշ կառույցները
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակելիս նախկինում միշտ հաշվի է առնվել Հայաստանի ճարտարապետների միության կարծիքը, սակայն վերջին գլխավոր ճարտարապետից հետո այս ավանդույթը կարծես խախտվել է, որովհետեւ առ այսօր միության նախագահ Մկրտիչ Մինասյանից որեւէ թեկնածուի մասին կարծիք չեն հարցրել: Նա դժվարանում է ասել, թե ո՞վ կնշանակվի Երեւանի գլխավոր ճարտարապետի թափուր պաշտոնում, եւ առանձնապես վիրավորված չի զգում միության կարծիքը հաշվի չառնելուց, որովհետեւ, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում, եւ եթե իրենց պաշտպանած թեկնածուն հետագայում վատ աշխատի, դրա մեղքի բաժինը ենթադրաբար նաեւ իրենցն է լինելու:
«Չեմ կարծում, որ նոր ճարտարապետի գալով ամեն ինչ փոխվելու է: Նախկինը լավ ծրագրերով սկսեց, սակայն հետեւողական չեղավ հասարակական տարածքները պահպանելու կարեւոր հարցում, նրա կապը հասարակության հետ իրականում չկայացավ:
Դրա համար էլ հասարակության վերահսկողությունը մեզանում անպտղաբեր է դարձել, խոսքի ուժը մի տեսակ կորել է, քանի որ ղեկավարները խորանում են ոչ թե դժգոհությունների ու բողոքների պատճառ դարձած խնդիրների էության մեջ, այլ հասարակությանը մտահոգող խիստ հրատապ հարցերի լուծումն անձնավորում են, ամեն մի պաշտոնյայի թվում է, թե տվյալ բողոքն ուղղված է իր անձի եւ ոչ երեւույթի դեմ: Անտեսվում է այն էական հանգամանքը, որ դա ամենից առաջ արվում է մեր քաղաքի համար: Այդքան բողոքներից հետո այգիներում շարունակվում է սրճարանների կառուցումը, առանց հաշվի առնելու, որ դրանք հասարակական տարածքներ են, որոնք չի կարելի ծանրաբեռնել կառույցներով: Աշխարհի ոչ մի քաղաքում այսպիսի բան գոյություն չունի, իսկ մեզ մոտ սրճարանատերերը նույնիսկ սեփականության վկայական են ստանում կադաստրից, հասարակական տարածքները 49 տարվա պայմանագրով տրվում են վարձակալության: Նման բան չի կարելի անել, որովհետեւ դրանք պատկանում են հասարակությանը, նա է դրանց սեփականատերը, մինչդեռ նրանից խլվում են անգամ բակերի տարածքները», ասում է պրն Մինասյանը:
Խոսելով քաղաքի ճարտարապետական տեսքի մասին, նա խոր ափսոսանքով նկատում է, որ «նոր Երեւան» ստեղծողների հայտնագործած ճարտարապետական խայտաբղետ ոճերը քաղաքին զրկում են յուրատիպությունիցՙ նրան տալով եվրոպական միջակ քաղաքին բնորոշ տեսք, ինչը, բնականաբար, անհետաքրքրական է զբոսաշրջիկների համար:
«Մենք պարտավոր ենք մեր եզակի ճարտարապետությունը պահել ու զարգացնել, քանի որ համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ մերն իր տեղն ունի որպես ինքնուրույն, վառ ու վճիտ ճարտարապետություն: Այս բնագավառում ուրիշներին նմանակելը, մեղմ ասած, տգիտություն է: Նախկինում ոչ մի կարեւոր նախագիծ առանց ճարտարապետների միության քննարկման հաջորդ փուլ չէր անցնում, դրա համար էլ ճարտարապետներն այն ժամանակ ավելի զգոն էին, ավելի պատասխանատու եւ կարողանում էին պաշտպանել ու իրագործել ամեն մի առաջարկ: Այսօր այդպիսի հնարավորություն չկա, եւ ճարտարապետները խնդրողի դերում են հայտնվել: Մեզ դիմում են այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում:
Այսպես հյուրերի համար մեր քաղաքը կամաց-կամաց կորցնում է իր յուրահատկությունը, քանի որ նրանք կամենում են տեսնել հայկական ճարտարապետության դեմքը, յուրահատկությունն ու ինքնուրույնությունը: Մենք բազմիցս խոսել ենք այս մասին, սական այդ հեղեղի դեմն առնել մեզ դեռ չի հաջողվում»:
Մեր քաղաքում գլխավոր ճարտարապետի վրա ճնշումները շատ մեծ են, բավականին դժվար է դրան դիմանալը, բայց պետք է հենվել հասարակական կազմակերպությունների վրա: Դա է ամենալավ միջոցը, երբ գլխավոր ճարտարապետն այլեւս հնարավորություն չունի թելադրողների ու հրամայողների ճիրաններից ազատվելու, նա պետք է դիմի հասարակական կազմակերպություններին, նրանց օգնությամբ հասնելու անթույլատրելի կառույցների արգելմանը:
«Քաղաքը զարգացող օրգանիզմ է, պետք է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործել հասարակությանը պատկանող հատվածները: Ներդնողներն այստեղ տիրանում են քաղաքի ամենակենտրոնական հատվածներին, ոչ մեկը դեռ չի ցանկացել տարածք վերցնել նախագծվող բաց թաղամասերում ու կյանք մտցնել այնպիսի մոխրացած տարածքներում, ինչպես Դավիթաշենի կամ դեպի Աշտարակ տանող որոշ հատվածները: Դրանք նախագծված են դարձնելու մեծ բնակելի թաղամասերՙ իրենց բոլոր կենտրոններով: Իսկ ներդնողները կամենում են հենց քաղաքի սրտում, եթե թույլ տան Հանրապետության հրապարակի մեջտեղում էլ կկառուցեն:
Հիմա էլ լեզվաբանության ինստիտուտի շենքն են ուզում քանդել, որի մի թեւը ժամանակին մտածում էինք բացել, որպեսզի դրսից եկեղեցին երեւա: Մեզ չի հուզում այն հարցը, թե շենքը ո՞ւմ սեփականությունը կդառնա: Մենք կողմ ենք, որ այդ հարցին մոտենան շատ նրբորեն, եթե արագորեն քանդենք, ցույց կտանք, որ պետությունն ինքն է քանդում, ուրեմն սեփականատերն էլ կարող է քանդել:
Այդ շենքը փլուզված ներկայացնելը ճիշտ չէ, դա բավականին ամուր շենք է, պետք չէ քանդել, այլապես դա վարակիչ օրինակ կդառնա եւ կսկսենք քանդել նաեւ մյուս շենքերը:
Այսօր ահավոր բաներ են կատարվում Հրազդանի կիրճում, որից շատ են գոհ դրանք կառուցողները: Այդ գեղեցիկ կիրճի հունի վրա շենքեր կառուցելն ուղղակի հանցագործություն է, ափսոս, որ այս տարվա հեղեղը չսրբեց ու չտարավ դրանք: Ուրիշ երկրներում հատուկ այդպիսի արհեստական կիրճեր են ստեղծում, իսկ մենք բնականն ունենք ու չենք կարողանում պահել, կիրճի մի ափից մյուսն արդեն չի երեւում, ամբողջությամբ պարսպապատվել է: Իսկ դա հասարակական տարածք է, ժողովրդին է պատկանում, եթե այնտեղ անբարո տեղեր են կառուցվում, ուրեմն վաղը մեզանից ոչ մեկն իր երեխային այնտեղ այլեւս չի տանի», նկատում է նա, նմանատիպ երեւույթները կանխելու միակ ելքը համարելով այն, որ հասարակությունը կամաց-կամաց պետք է վերադարձնի իրեն պատկանող տարածքները: Դրա համար պետք է պայքարենք բոլորս ու ազատենք մեր քաղաքն ընչաքաղցների անճաշակությունից: