ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի կառավարության հատկացրած 5 մլն յուանի (մոտ 600 հազ. ԱՄՆ դոլար) դրամաշնորհով ձերք բերված գյուղգործիքներով համալրված 51 տրակտորը հիմնականում աճուրդով կվաճառվի սահմանամերձ եւ լեռնային գոտում գտնվող գյուղացիական տնտեսություններին: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գյուղնախարար Դավիթ Լոքյանի եւ Հայաստանում Չինաստանի դեսպան Զո Սյուելյանի միջեւ տրակտորների փոխանցման փաստաթղթի ստորագրումից հետո: Վարչապետը նշեց, որ գյուղացիական տնտեսությունների զարգացման նպատակով կտրվեն նաեւ որոշակի արտոնություններ. մասնավորապես, աճուրդներին կմասնակցեն նույն տարածաշրջանի գյուղտնտեսությունները: Գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է նաեւ աճուրդին ընդգրկել համայնքները: Գյուղնախարար Դավիթ Լոքյանը հայտնեց, որ հուլիսի երկրորդ կեսին կազմակերպվելիք աճուրդին մեկ միավորի մեկնարկային գինը կլինի մոտ 3 հազ. ԱՄՆ դոլար, չնայած տրակտորի իրական արժեքը կազմում է մոտ 10 հազ. ԱՄՆ դոլար:
Ըստ Անդրանիկ Մարգարյանի, դրամաշնորհը տրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Չինաստանի Կոմկուսի համագործակցության շրջանակներում: Հայ-չինական հարաբերությունները ընթանում են նաեւ քիմիական արդյունաբերությունում: 2001թ.-ին կնքված պայմանագրի համաձայն, «Նաիրիտ 2» ԲԲԸ-ն եւ «Սինթետիկ կաուչուկների Շանսիի խմբային բաժնետիրական ընկերություն»-ը Չինաստանում պետք է կառուցեն քլորոպրենային կաուչուկի գործարան: Ներկայումս որոշակի աշխատանքներ են տարվում նաեւ երկու երկրների միջեւ զբոսաշրջիկության զարգացման ուղղությամբ: Վարչապետի խոսքերով, հայ-չինական տնտեսական համագործակցության բնագավառում կան ռեզերվներ: