Հերքում եմ 2004 թ. հուլիսի 1-ին «Ազգ» օրաթերթում տպագրվածՙ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունը, համաձայն որի ինձ աշխատանքից ազատելու պատճառը մեդալի հավակնորդների քննության ժամանակ «ծածկագիր-տետր» փոխանցելն է: Այս պնդումն իրականությանը չի համապատասխանում: Նման փաստ չի եղել եւ չէր էլ կարող լինել, քանի որ ես ինքս ծածկագրից երբեւէ չեմ օգտվել, իսկ երեխային ծածկագիր փոխանցելը որակում եմ մանկավարժին, առավել եւս կրթության եւ գիտության փոխնախարարին անհարիր քայլ:
Ինչ վերաբերում է «Հետաքննող լրագրողներին», կարծում եմ, որ նրանց առաքելությունը հանրությանը ճշմարտացի եւ փաստացիորեն հիմնավորված տեղեկատվություն տալն է: Մեկ հանգամանք եւս: Մի ամիս շարունակ լրատվական տարբեր միջոցներով երեխաների անունները կամ նրանց ծնողների ու բարեկամների պաշտոնները հոլովելը համարում եմ հակամանկավարժական եւ ոչ բարոյական երեւույթ: Դա կարող է դիտարկվել իբրեւ երեխաների իրավունքների խախտում եւ բռնության փորձ նրանց նկատմամբ:
Հարկ եղած դեպքում ցանկացած ատյանում ես պատրաստ եմ ապացուցել գրածս յուրաքանչյուր նախադասության ճշմարտացիությունը:
ԱԻԴԱ ԹՈՓՈՒԶՅԱՆ