Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարությունը
Համաշխարհային հայկական կոնգրեսը տագնապով ընկալեց այն լուրը, որ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձանինՙ Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցուն, սպառնում է լիակատար կործանում:
Այդ նշանավոր տաճարը կառուցվել է 915-921 թթ. Գագիկ Ա-ի կառավարման ժամանակաշրջանում: Եկեղեցու ներքին պատերը եւ նույնիսկ գմբեթը նկարազարդվել են գեղարվեստական մեծարժեք որմնանկարներով:
Ինչպես վկայում է թուրքական «Զաման» թերթը, ներկայումս միջնադարյան հայկական ճարտարապետության այդ անկրկնելի հուշարձանն այն աստիճան քայքայված է, որ շուտով տաճարից կմնան միայն ավերակներ: Եվ դրա պատճառը ոչ միայն ժամանակն է, այլեւ քամահրական վերաբերմունքը մշակութային ժառանգության անչափ արժեքավոր այդ հուշարձանի նկատմամբ:
Ճարտարապետության այդ հայտնի հուշարձանը տակավին ներառված չէ համաշխարհային ժառանգության ցանկում կամ վտանգված պատմական հուշարձանների ցուցակում: Համաշխարհային հայկական կոնգրեսն անհրաժեշտ է համարում ամեն ջանք գործադրել համաշխարհային մշակույթի եւ պատմության ժառանգության այդ եզակի նմուշը վերջնական կործանումից փրկելու համար: Դա Թուրքիայի, որպես եվրոպական քաղաքակրթության պետությունների հետ սերտ միասնացման ձգտող պետության գործն է: Դա նաեւ Թուրքիայի պատմական պարտքն է հազարամյակներով տվյալ տարածքում ապրած հայ ժողովրդի հանդեպ:
Այդ հուշարձանի, ինչպես նաեւ հայկական ժառանգության հարյուրավոր ուրիշ հուշարձանների ճակատագրի հարցը սկզբունքորեն կարեւոր նշանակություն ունի հայ ժողովրդի հետ թուրքական պետության հարաբերությունների մռայլ անցյալին քաղաքակիրթ ձեւով վերջ դնելու համար:
Համաշխարհային հայկական կոնգրեսն ընդգծում է Թուրքիայի Հանրապետության ներկայիս պետական սահմաններում գտնվող տարածքներում հայկական պատմական հուշարձանների պահպանման կարեւորությունը համայն մարդկության համար եւ Թուրքիայի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության կառավարություններին կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետների մասնակցությամբ բանակցություններ անցկացնել այդ հուշարձանների վերականգնմանն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման նպատակով:
Մենք միաժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին առաջարկում ենք անհապաղ ձեռնարկել կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան վերականգնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցինՙ անպայման պահպանելով այդ տաճարի պատմական նկարագիրը եւ մշակութային նշանակությունը:
Հայկական պատմական հուշարձանների պահպանման աշխատանքներին հայ եւ թուրք գիտնականների ու ճարտարապետների համատեղ մասնակցությունը բացարձակապես անհրաժեշտ է, քանզի խոսքն այդ ժառանգության պատմական նկարագիրը նախաստեղծ տեսքով վերականգնելու մասին է:
Համաշխարհային հայկական կոնգրեսը պատրաստակամություն է հայտնում իր բոլոր հնարավորություններով նպաստել այդ հարցերի լուծման եւ գալիք սերունդների համար մեր ընդհանուր ժառանգության պահպանման գործի առաջընթացին:
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքակրթությունների երկխոսության զարգացման գծով բարի կամքի դեսպան