ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կյանքի 93-րդ տարում վախճանվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Պավել Լիսիցյանը: Նա մահացել է ամառանոցում, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտնել է Մեծ թատրոնի օպերային կոնցերտմայստեր Կոնստանտին Կոստիրեւը: Պավել Գերասիմի Լիսիցյանը խորհրդային օպերային առաջատար երգիչներից մեկն էր (բարիտոն): Նա ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 6-ին Վլադիկավկազում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ավելի քան 500 համերգներ է տվել ռազմաճակատներում եւ թիկունքում: Պարգեւատրվել է «Խիզախության համար» եւ «Կովկասի ազատագրման համար» մեդալներով:
1940-ից մինչեւ 1966 թվականը նա եղել է Մեծ թատրոնի մենակատար, կատարել Ելեցկու, Օնեգինի, Մազեպայի, Ռոբերտի (Չայկովսկու «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին», «Մազեպա», «Իոլանտա»), Ժերմոնի, Ամոնասրոյի (Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), Էսկամիլիոյի (Բիզեի «Կարմեն»), Թաթուլի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Արշակ Երկրորդի (Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»), Նապոլեոնի (Ս.Պրոկոֆեւի «Պատերազմ եւ խաղաղություն») եւ այլ դերերգեր: Պ.Լիսիցյանը հանդես է եկել եւ որպես համերգային երգիչ: Արտիստը Մեծ թատրոնի բեմում հանդես է եկել 1800 ներկայացումներում, մոտավորապես նույնքան հյուրախաղերի ընթացքումՙ ԽՍՀՄ առանց բացառության բոլոր օպերային թատրոններում:
Ինչպես հիշեցնում է «Նովոստի» գործակալությունը, 1960 թվականին Պ. Լիսիցյանը խորհրդային երգիչներից առաջինն է հանդես եկել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում» «Աիդա» ներկայացման մեջ: