«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2004-07-02 | #123, 2004-07-03 | #124, 2004-07-07


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԳԵՐՈՒՄ»

Օրեր առաջ տոնական տրամադրությունն ու թախիծը հավաքել էր մտավորականների, ճանաչված քաղաքական գործիչների ու հարգարժան շատ հյուրերի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, որտեղ կայացավ «Հայաստանը երգերում» գրքի 2-րդ հատորի շնորհանդեսը: Ճիշտ երեք տարի առաջ նույն սրահում կայացավ գրքի առաջին հատորի ներկայացումը, որը նվիրված էր սիրված ընկեր, ամուսին, ճանաչված պետական քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի հիշատակին, եւ որի առաջաբանը գրել էր երջանկահիշատակ Մեսրոպ արք. Աշճյանը: Հիշատակի երեկոն բացեց Յուրի Բախշյանի կինըՙ Անահիտ Բախշյանը, նշելով, որ գրքի 2-րդ հատորի առաջաբանը նույնն է, ինչ առաջինում էր: «Հայաստանը երգերում» ժողովածուի 2-րդ հատորում տեղ են գտել Դանիել Երաժշտի մշակած Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Կոմիտաս կաթողիկոսի, Ներսես Շնորհալու, Կոմիտաս վարդապետի եւ այլոց շարականները, տաղերը, Սայաթ-Նովայի, Գուսան Աշոտի երգերը, ինչպես նաեւ ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերՙ ներկայացված նոտաներով: Ժողովածուն բարձր գնահատեց նաեւ մաեստրո Ռուբեն Ալթունյանը ու նշեց, որ այն մեծ արժեք ունի հատկապես երգիչների, կամերային համույթների, բուհերի, ազգային ժառանգությունն ուսումնասիրողների համար: Անշուշտ, Յուրի Բախշյանի կյանքը շարունակվում է 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ դաժանորեն զոհ դարձավ չար ձեռքին ու չար ուժին:

Շնորհանդեսին մասնակցում էին «Շարական» համույթը (գեղ. ղեկ. Դանիել Երաժիշտ), Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի ժողգործիքների համույթը (գեղ. ղեկավարՙ Ռաֆայել Մանուկյան):

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4