ԲԱՔՈՒ, 7 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանում հուլիսի 8-10-ը Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆի պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել քաղաքական հայտարարագիր: Այս մասին հաղորդում է Բաքվի «525» թերթըՙ վկայակոչելով Ադրբեջանում Պակիստանի դեսպանությանը: Ներկայումս կողմերը շարունակում են փաստաթղթի նախագծի համաձայնեցումը: Այնտեղ կարտացոլվեն երկու երկրների դիրքերը հետագա քաղաքական համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ: Այցի ընթացքում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն ռազմական, տնտեսական, սոցիալ-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերի առնչությամբ: Փ.Մուշարաֆին կուղեկցի Պակիստանի գործարար շրջանակների պատվիրակությունը, որը մտադիր է ադրբեջանական կողմի հետ քննարկել առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները: Ամբողջությամբ վերցրած նախատեսվում է ստորագրել մոտ 5 երկկողմ փաստաթղթեր, որ նախատեսում են համագործակցության զարգացում առեւտրի, գյուղատնտեսության, ֆինանսների եւ այլ ոլորտներում: