Պնդում է հայտնի թուրք հասարակագետ Թաներ Աքչամը
Հայտնի թուրք հասարակագետ, պատմաբան Թաներ Աքչամը ներկայումս դասախոսում է ԱՄՆ-ի Մինեսոտա համալսարանում: Միաժամանակ բուռն գործունեություն է ծավալում Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Վերջերս նա Կանադայի Տորոնտո քաղաքում «Թուրք-հայկական լարվածություն. երկխոսության եւ լուծման ուղիները» թեմայով մի շարք դասախոսություններ է կարդացել, որոնց ընթացքում հարցազրույց է տվել թուրքական «Սանսուրսուզ» ինտերնետային թերթին:
Աքչամի հարցազրույցը բավականին ընդարձակ է, նրա արտահայտած տեսակետների մեջ կան նաեւ վիճելիներ, այնուամենայնիվ, թուրքական «ԱՆՔԱ» գործակալությունը հարցազրույցը կրճատել եւ հուլիսի 6-ին «Թուրք պատմաբանը «հայկական հարցում ինքնաքննադատության» կոչ է անում» խորագրով տարածել է: Անկախ որոշ տեսակետների վիճելիությունից, Աքչամի հարցազրույցը չափազանց ուշագրավ է, իսկ հայերի ցեղասպանությունը ճանաչելու նրա պահանջըՙ հատկանշական: Ի դեպ, նա սոսկ չի պահանջում, այլ փորձում է ապացուցել, որ ճանաչումը Թուրքիայի օգտին է: Ստորեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Թաներ Աքչամի հարցազրույցի «ԱՆՔԱ» գործակալության կրճատած տարբերակը:
Հ. Չ.
«Ես զտարյուն թուրք եմ: Կարսում մեզ մեսխեթցի թուրքեր են անվանում: Սա մեծացնում է իմ գերդաստանից որեւէ մեկին հայ խմբավորումների սպանած լինելու հավանականությունը: Սակայն ես չեմ կառչում էթնիկ ծագումից: Նման բաները չեն կարող ազդել աշխատանքներիս ընթացքի վրա: Ի վերջո ես գիտաշխատող եմ եւ հարցն ուսումնասիրում եմ գիտական տեսանկյունից:
Չեմ կարծում, որ ցեղասպանությունը ճանաչելու դեպքում Թուրքիան որեւէ կորուստ կրի: Ընդհակառակըՙ նա դրանից կշահի: Միջազգային ասպարեզում կաճի նրա հեղինակությունը: Ցեղասպանության ճանաչումը չափազանց կարեւոր է նաեւ Թուրքիայի ժողովրդավարացման առումով: Եթե ժամանակին հնարավոր լիներ ազատորեն արծարծել հայկական եւ քրդական հարցերը, ապա քրդերի հետ լարվածությունը երկրում այս աստիճանի չէր սրվի: Միաժամանակ չմոռանանք, որ առ այսօր Անատոլիայում կան հայկական մշակույթի հետքեր, սա եւս առավելություն է: Թուրքիային զգալի եկամուտ կբերի: Նա դրանից կարող է միլիոնավոր դոլարներ շահել: Դրա հետ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ կկատարվեն դրական քայլեր: Միջազգային ասպարեզում եւ հատկապես ԱՄՆ-ում դուք կվայելեք հայկական հզոր լոբբիի աջակցությունը:
Ինչ խոսք, քաղաքական մի շարք կազմակերպություններ այս հարցը դարձնում են քաղաքականության միջոց: Սակայն ոչ մի հասարակություն այդպիսի հարցերի վրա հաշվարկներ չի անումՙ մտածելով, թե ժամանակին մեր նկատմամբ նման բաներ են արել, ուրեմն ես պետք է դրանք օգտագործեմ: Ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների առումով ամենակարեւոր խնդիրն այն է, որ թուրքերն անտեղյակ են հայերի գլխին եկածից: Մենք պետք է իմանանք այդ պատմությունների մասինՙ ցույց տալով, որ պատրաստ ենք նրանց լսելու: Հետո արդեն կարելի է հեշտությամբ խոսել հայերի վրեժխնդրության եւ այլ թեմաների շուրջ:
Իմ կարծիքով, 1917-22 թթ. ավելի շուտ կատարվել է էթնիկ զտում, որը փոխադարձ է եղել: Այսինքնՙ հատկապես 1919-ից հետո, երբ հայկական զորքերը զբաղեցնում էին պարտված օսմանյան բանակների տեղը, կողմերն այն սահմաններից, որոնք, ըստ իրենց, պետական սահման էին դիտարկվում, փոխադարձաբար փորձեցին ոչնչացնել կամ քշել ե՛ւ հայերին, ե՛ւ մահմեդականներին: Քանի որ թուրքերն ավելի ուժեղ էին, կարողացան ավելի շատ հայ ոչնչացնել: 1919-ին օսմանյան ներքին զորքերի նախարարության ստեղծած հանձնաժողովը երեքամսյա աշխատանքների արդյունքում հանգեց 800 հազար հայերի սպանության եզրակացությանը: Զոհերի այդ թիվը միաժամանակ Մուստաֆա Քեմալի ընդունած թիվն է, ավելինՙ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը 1927-ին «Առաջին աշխարհամարտի կորուստները» խորագրով հրատարակած գրքում նույնպես կանգ է առնում 800 հազարի վրա:
Ձեռքի տակ եղած փաստերը ցույց են տալիս, որ ցեղասպանությունն անվերապահորեն իրագործել է Իթթիհադ վե Թերաքին: Որոշումն ընդունվել է այդ կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղտնի նիստերում: Տվյալ ժամանակվա կառավարությունը որեւէ առնչություն չունի փաստին: Միայն վերջում է իմացել կատարվածի մասին»: