ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
«Գռեհկությունը մեկի անօգնականությունն է եւ մյուսի անպատժելիությունը, որովհետեւ գռեհկությունը անհավասարություն է»:
Սերգեյ Դովլաթով
Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան դպրոցում պատմություն եւ տրամաբանություն էր դասավանդում Իլյա Իվանովիչ Միխայլիդին: Բարձրահասակ: Բարեկազմ: Խոշոր սեւ-սեւ աչք ու հոնքով եւ ճերմակ փարթամ մազերի դեզը գլխին: Նա կարգապահություն ու իմաստություն էր սփռում իր շուրջը: Աստվածային կրակով օժտված մանկավարժ էր: Եվ գուցե դա էր պատճառը, որ մեր ամբողջ դպրոցը սիրում էր պատմություն առարկան: Շատերը նույնիսկ տարված էին «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գրքով: Գիտեին ոչ միայն զորավարների ու կայսրերի անունները, այլեւ փիլիսոփաների եւ անտիկ բանաստեղծների:
Գիտեինք, որ Իլյա Միխայլիդին ազգությամբ հույն է, բայց բոլորովին չէինք զարմանում, որ նա հաճույքով ու համակրանքով էր պատմում Հռոմի փիլիսոփաների ու բանաստեղծների մասին: Ուղեղիս մեջ ընդմիշտ տպավորվել է, որ, ասենք, Հորացիոսը կամ, ինչպես Միխայլիդին էր ընդգծում, Քվինտոս Հորացիոս Ֆլաքիոսը ոչ միայն մեծ բանաստեղծ է, այլեւ փիլիսոփա, նույնիսկՙ գրականագետ, որ գրել է դասականության հիմքը դարձած «Պոեզիայի գիտություն» տրակտատը:
Եվ այնուամենայնիվ, ինձ համար ամենազարմանալին այն էր, որ պատմության ուսուցիչը պատմում էր ոչ միայն անտիկ փիլիսոփաների, այլեւ կենդանի, իր կողքին, մե՛ր կողքին ապրող ծերունիների մասին: Ստեփանակերտում ապրողների մասին: Իններորդ-տասներորդ դասարաններում Իլյա Իվանովիչը ասել էր, որ Հին Հունաստանում մանկավարժներն այդպես էին վարվում: Նա քաղաքի իմաստուն ծերունիներին հաճախ էր հանդիպում, երկար զրուցում նրանց հետ, հետո էլ նրանց մասին պատմում դասարանում: Նրա հերոսները երբեմն մեր համադասարանցիների պապիկներն էին, օրինակՙ իմ Մարկոս պապը: Հաճախ նա իր տպավորություններն էր պատմում լեգենդար Արտեմ-դայու մասին, որի մասին քաղաքում ոչ միայն առասպելներ էին հորինում, այլեւՙ ծիծաղելի ու բարի անեկդոտներ: Պատմության ուսուցիչը մի անգամ նկատեց. «Կարեւորը անեկդոտները չեն: Դրանք հանրաճանաչության հետեւանք են»: Եվ օրինակ բերեց. «Դուք բոլորդ ոչ մի կինոֆիլմ բաց չեք թողնում: Եվ լավ եք հիշում վերջերս ցուցադրված «Գայլեր եւ ոչխարներ» կինոնկարը (դասարանը ոռնաց, հասկացնելով, որ բոլորը տեսել են այդ ֆիլմը), երեկ ինձ թարմ անեկդոտ պատմեցին: Արտեմ Հայրապետովիչը (նա հաճախ էր նրան անուն-հայրանունով կոչում) դուրս է գալիս կինոյից, եւ հանդիսատեսներից մեկը նրան հարցնում է, թե այդպես էլ չհասկացավՙ ովքե՞ր են գայլերը, ովքերՙ ոչխարները: Արտեմ Հայրապետովիչը, ասես սպասելով նման հարցի, անմիջապես պատասխանում է. «Գայլերը նրանք են, ովքեր նկարել են այդ ֆիլմը, ոչխարներըՙ մենք, որ տոմս ենք առել ու մտել կինո»: Դասարանը ղժժաց հիացմունքից: Իլյա Իվանովիչը խորամանկ ժպտալով հասկացրեց, որ այնքան էլ համաձայն չէ երեխաների բուռն ու համերաշխ կարծիքին: Ապա ավելացրեց. «Համոզված եմ, որ Արտեմ Հայրապետովիչը այդպես էլ ասած կլինի: Չէ որ նա շատ սրամիտ ու ծաղրասեր մարդ է: Բայց երբ զրուցում եմ նրա հետ, զգում եմ, որ նրա ցանկությունը ոչ թե մարդուն ինքնանպատակ ծիծաղեցնելն է, այլ խորիմաստ միտք արտահայտելը: Օրինակՙ ես նրան հարցրի, թե կարդացե՞լ է Հորացիոս: Պարզվեց, որ չի կարդացել: Իմիջիայլոց, ես հենց այնպես չտվի նրան այդ հարցը. զրույցի ընթացքում հանկարծ որսացի, որ նա ուղղակի բառ առ բառ արտահայտեց Ֆլաքիոս Հորացիոսի ականավոր միտքը. «Եթե դու չես կարողանում ղեկավարել զգացումներդ ու տրամադրություններդ, ապա դրանք իրենք են ղեկավարում քեզ, ու այդ ժամանակ աղետն անխուսափելի է»:
Պատահական չէր, որ ես հիշեցի իմ դպրոցական ուսուցչին ու լեգենդար Արտեմ-դայուն: Արդեն մի երկու գիշեր աչք կպցնել չեմ կարողանում: Ինձ անհանգստացնում են Արտեմ-դայու թոռանՙ բանաստեղծ Արտեմ Հարությունյանի մասին մտքերը: Ավելի ճիշտ, տագնապով մտածում եմ ոչ թե նրա՛, նույնիսկ ոչ թե նրա վարմունքի՛ մասին, այլ մտածում եմ Սիլվա Կապուտիկյանի եւ Վահագն Դավթյանի մասին: Ես ամաչում եմ Սիլվա Կապուտիկյանի առաջ եւ Վահագն Դավթյանի հիշատակի առաջՙ բանաստեղծ Արտեմ Հարությունյանի գռեհկության համար: Մտածում եմ, թե հիմա երկնքում ինչպե՜ս է անհանգստանում Արտեմ-դային, որ իմ պապի ընկերն էր: Դեռ փոքրիկ տղա էի, երբ պատերազմի տարիներին երեք անգամ «սեւ թուղթ» ստացվեց մեր տանըՙ զոհվել էին իմ Մարկոս պապի երեք որդիներըՙ երեք կապիտան: Եվ հիշում եմ, թե ամեն անգամ Արտեմ-դային ինչպես էր այցելում պապիս, ու նրանք երկուսով նստում ու լռում էին: Մտածում եմ, որ բանաստեղծ Արտեմ Հարությունյանի բախտը չի բերել կյանքում: Ամբողջ Ստեփանակերտը անցել է պապերի, այդ թվում նաեւ Արտեմ-դայու, համալսարանները, միայն ապագա բանաստեղծը չի արժանացել այդ բախտին: Դատելով ամեն բանից, միայն պապի անունը եւ նույնիսկ միայն գենե՛րն էլ քիչ են պապերի իմաստությունը յուրացնելու համար:
Արտեմ-դային, իհարկե, ոչ մի գրական ու փիլիսոփայական աշխատություն չի թողել: Բայց բարի ու լուսավոր հիշատակ է թողելՙ որպես իսկական ուսուցիչ, որից խելք ու վարմունք է սովորել մի ամբողջ սերունդ: Ու մտաբերելով, թե իմ պատմության ուսուցիչ Իլյա Միխայլիդին ինչպես էր Արտեմ Հայրապետովիչի մտքերի ընթացքը համեմատում Հորացիոսի մտքերի ընթացքի հետ, կցանկանայի հիշեցնել Հռոմի մեծ բանաստեղծի մի նախազգուշացումը. «Ամեն մի խոսք իր կշիռն ունի: Եվ նախքան արտահայտելը լավ ծանր ու թեթեւ արա»: Երեւում էՙ թոռը չի յուրացրել լեգենդար ծերունու դասը:
Այս տողերը գրում եմ Փոթիի նավահանգիստ մեկնելուս ճանապարհին, որտեղից առագաստանավ «Կիլիկիան» մեկնարկելու է երկարատեւ ճանապարհորդություն: Ես գրիչս ձեռքս եմ առել խորապես գիտակցելով, որ հանգիստ չեմ առնի ո՛չ ծովում, ո՛չ ցամաքում, եթե բանաստեղծ Արտեմ Հարությունյանին չհիշեցնեմ իր պապի մասին, որի անունն է կրում նա: Իմաստուն պապը հազիվ թե ներեր իր թոռանը, որը ինքնագոհությամբ ու անձնապաստանությամբ, ցուցադրաբար չթաքցնելով գռեհկությունը, վիրավորել է ո՛չ միայն Վահագն Դավթյանին ու Սիլվա Կապուտիկյանին, այլեւ նրանց առասպելական սերնդին, սերո՛ւնդ, որին, ի դեպ, պատկանում է նաեւ Արտեմի հայրըՙ Միքայել Արտեմի Հարությունյանը: Անմոռանալի Լեոնիդ Հուրունցը բանաստեղծ Արտեմ Հարությունյանի պապի մասին գրել է. «...այդ նաՙ Արտեմ-դային էր մի անգամ ասում, թե աշուղները, բանաստեղծներն ու խեղկատակները միշտ էլ եղել են ճշմարտախոս ու պատգամախոս»: Բայց չէ՞ որ Արտեմ Հարությունյանի պապն իրավացի է գտնվել հենց Սիլվա Կապուտիկյանի ու Վահագն Դավթյանի հարցում, որոնք հայ բանաստեղծների մի ամբողջ փաղանգի հետ դարձան ղարաբաղյան շարժման ե՛ւ կանխագուշակը, ե՛ւ պատգամախոսը:
Այդ նրանց պոեզիայի ու հրապարակախոսության միջոցով դաստիարակվեց իսկապես հերոսական մի սերունդ, որը բարձրացրեց ազգային-ազատագրական պայքարի նոր փուլի դրոշը, որը հանգեցրեց հայրենիքի ազատագրման ու անկախության:
Արտեմ Հարությունյանի մտքով իսկ չի անցել, որ թունոտաբար ոչնչացնելով Դավթյանին ու Կապուտիկյանին, դրանով իսկ ոչ թե համարձակություն է հանդես բերել, այլ վախկոտություն: Քանզի հրաշալի գիտեր, որ Վահագն Դավթյանը նրան չի պատասխանելու գերեզմանից, իսկ Սիլվա Կապուտիկյանն իրականում գամված է անկողնուն: Ի դեպ, կցանկանայի հիշեցնել իր լրագրային եւ հեռուստատեսային ելույթներում Ղարաբաղի անունը վերջերս այդքան հաճախակի հիշատակող բանաստեղծ Արտեմ Հարությունյանին, որ երկու տարի առաջ Սիլվա Կապուտիկյանը ինձ հետ Արցա՛խ մեկնելու ճանապարհին, հերթական լեռնանցքում, ինչպես ժոողովուրդն է ասում, կաթված ստացավ: Կաթվա՜ծ: Արյան զեղումՙ ուղեղում: Մինչդեռ գիտեմ, Արտեմը տեղյակ է, որ Սիլվային այդ ողբերգությունը պատահել է հե՛նց Ղարաբաղի ճանապարհին: Այդ դիպվածի մեջ խորհրդանշական ինչ-որ բան էլ կա: Յոթանասունական-ութսունական թվականներին ես, ինչպես ոչ այլ ոք, Սիլվային տեսել եմ հանուն Ղարաբաղի գործնական պայքարի մեջ: Չի կարելի մտածել, թե ութսունութի փետրվարին ղարաբաղյան շարժումը երկնքից որպես մանանա է իջել մեզ վրա: Հարկավոր է մտածել, ժամանակ կար, որ քաղբյուրո նամակ գրելու (կամ դա ստորագրելու) համար պակաս քաջություն չէր պահանջվում, քանՙ ռազմաճակատում:
Արտեմ Հարությունյանին չէր խանգարի թեկուզեւ կարդալ Սիլվա Կապուտիկյանի նամակները, առանց որոնց չի կարելի պատկերացնել ոչ միայն ղարաբաղյան շարժումը, այլեւ մեր ոչ սովորական ժամանակները: Ինչ վերաբերում է կառավարական պարգեւին, որը Սիլվան որոշեց վերադարձնել, ապա, կարծում եմ, Արտեմ-դային ինքն իր յուրահատուկ իմաստությամբ կասեր, որ Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքով է ցույց տվել եւ ապացուցել, որ նման քայլ կատարելու իրավո՛ւնք էլ ունի: Գրողը տանի, Արտեմ-դայու թոռը թող մտածեր եւ ա՛յն մասին, որ Սիլվայի կրքոտ գրողական խոսքը Ղարաբաղի, ուրեմն Հայաստանի ապագայի մասին, հասցեատերերին էր հասնում հենց այն պատճառով, որ նա (Սիլվան) հայ ականավոր բանաստեղծուհի է, հրապարակախո՛ս, որ հինգ մայր ցամաքներում չկա մի հայկական դպրոց, որտեղ անգիր չսովորեցնեն նրա բանաստեղծությունները: Եթե բանաստեղծ Արտեմ Հարությունյանը մտածած լիներ, ապա գուցե, անսալով պապի նախազգուշացմանը, անտիկ բանաստեղծ Հորացիոսի օրինակով «կկշռադատեր» իր խոսքերը նախքան դրանք արտասանելը:
Եվ ընդհանրապես, եթե նա մտածեր, որ ինքը ոչ թե հանգավորող է ու խեղկատակ, այլՙ բանաստե՛ղծ (իսկ նա բանաստեղծ է, այլապես ես գրիչը ձեռքս չէի առնի), ապա հազիվ թե իրեն թույլ տար հրապարակայնորեն վիրավորել, կրկնում եմ, մեռած բանաստեղծին: Ամեն ինչից բացի, ես ցավում եմ նաեւ այն պատճառով, որ ես բարեկամ էի Վահագն Դավթյանի հետ, որին Վիլյամ Սարոյանը կենդանի կամուրջ էր համարում Հայաստանի եւ սփյուռքի միջեւ: Այստեղ ինչպե՞ս չհիշես եւ այն, որ Դեր Զորում ես մտածում էի ոչ միայն անապատի այրող ավազների մեջ վառված ու մոխրացած մեր հայրենակիցների, այլեւ Վահագն Դավթյանի մասին, ում բանաստեղծությունները ինձ կանչել էին այդ ողբերգական ճանապարհը:
Այդ ամենի մասին մտածե՞լ է արդյոք Արտեմ Հարությունյանը: Հիմա դա այլեւս նշանակություն չունի: Հիմա միայն մի բան է մնում: Եթե նա իրոք իմաստուն Արտեմ Հարությունյանի թոռն է, ապա պարտավոր է անհապաղ այցելել Վահագն Դավթյանի գերեզմանին, ծունկի գալ նրա առաջ եւ ներում հայցել: Գնալ Սիլվա Կապուտիկյանի մոտ, ծնկի գալ նրա առաջ եւ ներողություն խնդրել: Չէ՞ որ այստեղ խոսքն այն մասին չէ, թե յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր տեսակետն ունենալու: Խոսքը բոլորովին էլ սեփական կարծիքին չի վերաբերում որպես այդպիսին: Խոսքը վերաբերում է վիրավորանքի՛ն: Մարտնչող գռեհկությա՛նը: Խոսքն այն մասին է, որ բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, արհամարհելով նախնիների դասերը, «իր ճշմարտությունը» մատուցում է որպես նեխած բարեպաշտություն, նեխած առաքինություն: Իսկ դա սարսափելի է: Մեծ Հայնեն իզուր չէր նախազգուշացնում, որ բանաստեղծին վիրավորողը «մեղավոր է մեծությանը կրկնակի վիրավորանք հասցնելու համար»:
Հենց այդ պատճառով էլ ես ջանում եմ չվիրավորել Արտեմ Հարությունյանին, կոչ անելով նրանՙ ավելի շուտ հիշատակ իր պապի, որին տեղական իշխանությունները մի անգամ մեղադրել էին թաքուն Աստվածաշունչ կարդալու մեջ:
Անշուշտ, իմաստուն Արտեմ-դային, ի տարբերություն թոռան, քաջատեղյակ էր աստվածային ԶՂՋՈՒՄ հասկացության իսկական իմաստին ու իսկական էությանը, առանց որի չի լինում ՆԵՐՈՒՄ: