Գրողների համահայկական երկրորդ համաժողովի շրջանակներում սփյուռքից ժամանած գրողների եւ Հայաստանի ԳՄ պատվիրակությունը օրերս եղավ Արցախում:
ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրերին ընդունեց նախագահ Արկադի Ղուկասյանը: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերինՙ նրանց ներկայացրեց ԼՂՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, նշելով, որ Արցախն անցնելով ծանր փորձություններՙ հաղթանակել է ու այսօր էլ զբաղված է ստեղծագործ աշխատանքով: Իսկ դա նշանակում է, որ կյանքն այստեղ շարունակվում է լիարժեք լիցքերով:
Ա. Ղուկասյանը կարեւորեց մշակութային միջոցառումների նշանակությունը պատերազմից նոր թոթափված երկրի համար:
Սփյուռքահայ եւ հայաստանաբնակ գրողների պատվիրակության ժամանումը նաեւ նպատակ ուներ Արցախում մասնակցելու հայ գրականության կարկառուն դեմքերից մեկիՙ Մուրացանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս առնչությամբ ԼՂՀ նախագահն ասաց, որ պետք է նման մեծամասշտաբ մշակութային միջոցառումները Արցախում դառնան ավանդական: Նա ԼՂՀ-ում իրականացվող պետականաշինության ընդհանուր գործընթացում արժեւորեց սփյուռքի կողմից Արցախին ցուցաբերվող մշտական օգնությունը: «Այստեղ է որոշվում հայ ժողովրդի ճակատագիրը, եւ մեր միասնությունը կծաղկեցնի հայոց երկու հանրապետությունները: Ամեն մի հայ ունի ներդրում Արցախի հաղթանակի մեջ: Իսկ այս հանդիպման արձագանքները կտարածվեն սփյուռքում, ինչպես 88-ին, եւ նրանք, ովքեր «հիվանդ» չեն Արցախով, կվարակվեն այդ կարոտախտով», ասաց նախագահը:
Նույն օրը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ Մուրացանի հոբելյանական միջոցառումը: Լեփ-լեցուն դահլիճում վերստին կյանք առան Մուրացանի անմահ տողերը, հնչեցին մեծ գրողի ստեղծագործությունները գնահատող ելույթներ: Իսկ թատրոնի դերասանների ուժերով ներկայացվեց մի հատված «Ռուզան» դրամայից: Վերջում տրվեց համերգ տեղի արվեստի վարպետների կատարմամբ:
Մուրացանյան միջոցառումները հաջորդ օրը շարունակվեցին գրողի ծննդավայր Շուշիում: Մինչ այդ պատվիրակության եւ Արցախի գրողների միության անդամները ծաղիկներ դրեցին Ստեփանակերտի հուշահամալիրում եւ 1992-ի մայիսի 8-ին Շուշին ազատագրած առաջին տանկի պատվանդանին:
Շուշիի Մուրացանի անունը կրող դպրոցում տեղի ունեցավ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի «Մուրացան» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը վարող Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, բարձր գնահատելով առհասարակ Մուրացանի դերը հայ գրականության մեջ, նշեց նաեւ վերոհիշյալ գրքի արժանիքները մուրացանագիտության մեջ: Մյուս ելույթները եւս ընդգծեցին Սարինյան գիտնականի այս աշխատության մեծ նշանակությունը:
Մուրացանյան միջոցառումներին մասնակցելու ժամանած սփյուռքահայ եւ հայաստանաբնակ գրողները, իրենց իսկ խոստովանությամբ, Արցախից մեկնեցին հագեցած տպավորություններով:
Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ