Մարի Հակոբյանի ցուցահանդեսում
«Ակադեմիա» պատկերասրահն այս օրերին ներկայացնում է Մարի Հակոբյանի աշխատանքները: Ուշ աշնանային բնանկարային շարքՙ մերկացող ծառերի նուրբ գծագրությունների գրաֆիկական աշխատանքներՙ ամայության ներհուն տարածության մեջ ստեղծված ներդաշնակ ու հաշտ (առաջին հայացքից կոնտրաստային) իրականություն:
Ով ճանաչում է, թեկուզ մեկ-երկու անգամ շփվել է տիկին Մարիի հետ, կամ եղել է Հակոբյանների հյուրընկալ հարկի տակ, միայն հրաշալի տպավորություններով ու հիացմունքով է խոսում նրանց մասին:
Չգիտես ինչու, սովորաբար ընտանեկան հարկը ամուսինների ստեղծագործական կյանքի համար թվում է անհարիր մի բան, խոչընդոտ, եւ նրանցից մեկի նահանջն արվեստից անխուսափելի դարձնումՙ կորուստ արձանագրելով: Սակայն ազատ մտածողությունը, հոգու առողջ, ներդաշն զարգացումը բացառում է դա: Ահավասիկ հայ գեղանկարչության վարպետիՙ Հակոբ Հակոբյանի կնոջՙ Մարի Հակոբյանի ցուցահանդեսը դրա վկայությունն է: Այդ օրը Հակոբյանների ստեղծագործ աշխարհի ներքին բարությունը պարուրել էր պատկերասրահի բազմամարդ մթնոլորտը:
Տիկին Մարին մասնագիտությամբ մոդելյոր է, հագուստի նրբաճաշակ գիտակ եւ վարպետ, Փարիզում 1955-56 թթ. մասնակցել է մոդելյորի կատարելագործման դասընթացներին, տարիներ աշխատել մասնագիտությամբ: Փարիզում սովորելու ընթացքում նա հետաքրքրվել է նկարչությամբ, ծանոթացել համաշխարհային հռչակ ունեցող արվեստի կենտրոններին, այցելել հին եւ ժամանակակից ցուցահանդեսներ, Լուվր, ժամանակակից արվեստի թանգարան եւ այլն: Նկարչուհին պրոֆեսիոնալ կրթություն չի ստացել, սակայն բնածին ճաշակը եւ ներքին սերը նկարչության հանդեպ կյանքի տարբեր տարիներին նրան մղել են վրձինը երբեմն-երբեմն ձեռքն առնելու:
1969 թ. էր, երբ նա առաջին անգամ նկարելու իր ցանկության մասին պատմեց ամուսնուն. «Ես շատ ուրախացա եւ ըսի անմիջապեսՙ կտավ կա, ներկեր կան, վրձիններ կան, հիմա սկսե... Եվ Մարին սեղանի վրա, մի ծաղկամանի մեջ մի քանի չորացած ծաղիկ, ավելի ճիշտՙ փուշ դրեց ու սկսեց նկարել... Մի-երկու ժամ վերջ արդյունքը ցնցիչ էր, հրաշալի մի նկար. գծագրությունըՙ հստակ, կոմպոզիցիանՙ կատարյալ եւ գույնով շատ աշխույժ ու գրավիչ նկար մըն էր: ...Մարդը բնատուր նկարիչ է: Այն ինչ որ անում է, կարելի չէ ուրիշեն սովորել: Սորված բանը միշտ մեռնում է: Բնական, ներսից եկածը, որ նկարվում է, գեղեցիկ է ու գրավիչ: Տարածության սքանչելի զգացողություն, կոմպոզիցիայի մեծ կարողություն, նյութի կատարյալ զգացողություն եւ տիրապետում», կնոջ մասին ասում է վարպետը:
Այսպես, տարիների ընդհատումներով տիկին Մարին իր ներաշխարհային զգացումները հաղորդել է կտավներինՙ յուղաներկ եւ գրաֆիկական աշխատանքներով, որոնցում առաջին պլանի վրա նուրբ արտահայտչաձեւերն են, զարմանալի թեթեւությունը, կուտակում-թանձրացումների բացակայությունը: Նոսրացած, տարրալուծված զգացողություններ-պատկերներն իբրեւ բեմի (կյանքի) հետնամասը ծածկող յուրատեսակ շղարշ են ընկալվում:
Տիկին Մարին մինչ այս ցուցահանդեսն ունեցել է յուղաներկ եւ գրաֆիկական աշխատանքների երեք անհատական ցուցադրությունՙ պետական պատկերասրահում, Գյումրիում, Էջմիածնում, ցուցադրվել է Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում, Իսպանիայումՙ հայ նկարիչների ցուցահանդեսում:
«Եթե ուշադիր նայեք բոլոր պատկերներին, ցուցահանդեսի բացման օրը ներկայացնելով արվեստի խորհուրդըՙ ասաց Շահեն Խաչատրյանը, կտեսնենք, որ Մարին դուրս է եկել հայրենի բնաշխարհ եւ ծառերի ճյուղերի, դաշտերի գծային շարժումների մեջ արտահայտում է, բացում է իր սիրտը: Եվ այդ հոգին վերին աստիճանի մաքուր է, շնչում է հրաշալի, ուսանելի, ճաշակով: Ցուցահանդես բացելու գաղափարը, կարծում եմ, մարդու ներքին պահանջն էՙ ներկայացնելու իր ներաշխարհը, որով եւ մտերմության, գեղեցկության, բարության մի հոգեւոր շղթա, մի շունչ է տարածվում հասարակության վրա, եւ սա է արվեստի բուն խնդիրը, սա է ազնիվ արվեստագետի ամենաբարի զգացումը:
Այսօր Մարին եզակի է մեզանում, իր մտքով, մարդկային վերաբերմունքով, իր սրտով, արվեստագետի իր ճաշակով: Կարող է հանդիպեք պրոֆեսիոնալ բարձր կրթություն ստացած նկարչի հետ, բայց հնարավոր է այդ պրոֆեսիոնալիզմը մարդուն ոչինչ չհաղորդի, որովհետեւ արվեստը չի ստեղծվում միայն պրոֆեսիոնալիզմով, սրտից դեպի ձեռք գնացող զգացումն է, որ սրտի պատկերը վերածում է գեղանկար-պատկերի: Սա բնածին տաղանդի հատկություն է, քիչ է նկարել Մարին, բայց նկարել է սրտով ու զգացմունքով»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ