Արեւելյան եւ Հարավային Եվրոպա, բալթյան եւ ԱՊՀ երկրներ
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատրաստած ԴԱՎ-ի (դիմադրողականության անկման վարակ) այս տարվա զեկույցն առաջին անգամ ամբողջական պատկերացում է տալիս Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի, բալթյան եւ ԱՊՀ ընդհանուր հաշվով 28 երկրներում ԴԱՎ-ի համաճարակի վերաբերյալ: Զեկույցի համաձայն, նշված տարածաշրջանին սպառնում է վարակի տարածման աշխարհում ամենաբարձր տեմպը: Աշխարհում ապրող 40 մլն ԴԱՎ-ի վարակակիրներից 1,8 միլիոնը բնակվում է տարածաշրջանում եւ միայն անցյալ տարի 280 հազար մարդ փոխանցել է վարակը: Աշխարհում վարակի տարածման ամենաբարձր տեմպերը գրանցվել են Էստոնիայում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում:
Զեկույցի համաձայն, տարածաշրջանում արդեն իսկ առկա է վարակի տարածման 1 տոկոսը, որը համաճարակի դեմ պայքարի արդյունավետության շեմն է, իսկ աճի նման տեմպերի դեպքում 12 տարի անց վարակի տարածվածության չափը կարող է 20 տոկոսից բարձր լինել: Բացի այդ, կարող է բերել տարեկան 1 տոկոս ՀՆԱ-ի կորստի: 12 տարի անց լինելիք ապացույց-օրինակը Հարավային Աֆրիկայի դառը փորձն է, որին չհասնելու նպատակով էլ պատրաստվել է զեկույցը, գոնե այն պատրաստողների պնդմամբ, խնդրով զբաղվող մասնագետների համար: «Ինչպես կանխել համաճարակի տարածումը. հիմնախնդրի ներկա վիճակն ու հնարավոր լուծումները» վերնագրված զեկույցի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, որի ընթացքում ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիզ Գրանդեն հավաստեց ԴԱՎ-ի վարակի տարածման դեմ պայքարում տարածաշրջանի երկրներին օգնելու իր ներկայացրած կազմակերպության պատրաստակամությունը: ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանն էլ հատուկ ընդգծեց, որ խիստ վտանգավոր հետեւանքների կարող է հանգեցնել այն մտայնությունը, թե մեզ մոտ այնքան էլ սուր չէ ԴԱՎ-ի խնդիրը եւ կարեւորեց դրա տարածման դեմ պայքարի պետական ծրագիրը:
Իսկ զուտ Հայաստանի կտրվածքով զեկույցի տրամադրած տվյալները, որոնք ներկայացրեց ԴԱՎ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, փաստում են, որ ՀՀ-ում առաջին վարակակիրը գրանցվել է 1988-ին, մահվան առաջին դեպքըՙ 1989-ին: 1998–2004 թթ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է 279 վարակակիրՙ 206 տղամարդ, 59 կին, 3 երեխա: Վարակակիրների մեծամասնությունը 20–39 տարիքային խմբում է, իսկ փոխանցման ամենատարածված եղանակներն ենՙ թմրամիջոցների ներարկային օգտագործումը եւ սեռական կապերը: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օգնությամբ Հայաստանում էլ ի թիվս այլ 166 երկրների մշակվում են ԴԱՎ-ի վարակի տարածման եւ կանխարգելման, ընդհանրապես խնդրի լուծման ծրագիր, որը, Վլադիմիր Դավիդյանի հավաստմամբ, համապարփակ է, Սամվել Գրիգորյանի վստահեցմամբՙ մանրամասն մշակված, բայց քանի որ ծրագիրը գրվել է 2 տարի առաջ, կարող է պահանջել լրացուցիչ միջոցներ, որոնք բացատրվում են տարածման աճի տեմպերով: Շուտով Հայաստանում կգործեն 12 հզոր իմունոլոգիական լաբորատորիաներ, որոնցից 2-ը Երեւանում, մեկականՙ մարզերում, իսկ մինչ տարեվերջ կունենանք առնվազն 20 հիվանդի բուժման հնարավորություն տարեկան կտրվածքով, ինչը, Սամվել Գրիգորյանի հավաստմամբ, բացառված չէ, որ ուղիղ համեմատական չլինի վարակի տարածման տեմպերին:
Բացի մասնագիտական գրականությունից, հրատարակվում են հանրամատչելի գրքույկներՙ վարակից խուսափելու եղանակների մասին եւ վերջերս տրամադրվում է նաեւ Էստոնիա, Ռուսաստան, Ուկրաինա ուղեւորվողներին: Արդեն մշակվել եւ կրթության նախարարության հավանությանն է արժանացել 8–9-րդ դասարանցիների համար ԴԱՎ-ի առնչությամբ ծրագիր, որը նոր ուսումնական տարում արդեն կներդրվի, իսկ դրան կնախորդեն ուսուցիչների պատրաստման դասընթացները: Փաստվեց, որ իրականացվող եւ ձեռնարկվելիք ծրագրերում պարտադիր կերպով հաշվի են առնվում ազգային ավանդույթները, ավելինՙ ծառայում են որպես հենք:
Հուլիսի 11–19-ը Թաիլանդում կայանալիք ԴԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային համաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանըՙ 6 մասնագետներից կազմված խմբով: Համաժողովի ավարտին հրապարակվելիք գրքում զետեղվելու են Հայաստանում իրականացված 3 գիտական աշխատանքներ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ