«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2004-07-03 | #124, 2004-07-07 | #125, 2004-07-08


100-ԻՑ 50-Ի ԴԵՊՔՈՒՄ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՏՂԱՄԱՐԴՆ Է

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում բացվել է տղամարդու սերմնահեղուկի հետազոտման նոր ծառայություն: Իսրայելի արտադրության ինքնաշխատ նոր սարքը միակն է Հայաստանում: Նոր անալիզատորը հնարավորություն է ընձեռում արագ եւ մանրամասն հետազոտություն իրականացնել:

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ կանանց չբերության պատճառներից մեկը զուգընկերոջ սեռական անառողջ վիճակն է: Առ այսօր կատարված ուսումնասիրությունների արդյունքները, այնուամենայնիվ, անակնկալ կարելի է համարել: 47 հետազոտված հիվանդներից կեսի դեպքում անպտղության պատճառը եղել է տղամարդու սերմնահեղուկի անորակությունը: 1 միլիլիտր սերմնահեղուկում նորմատիվային 60 մլն-ի փոխարեն արձանագրվել է նվազագույն սահմանից` 20 մլն-ից ցածր քանակի սպերմատոզոիդների պարունակություն: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը բացատրում է պատճառները, որոնք հանգեցնում են նման հետեւանքների: Սեռական թուլության հիմքեր են դառնում զանազան վնասվածքները, որոնց սովորաբար լուրջ ուշադրություն չեն դարձնում, վաղ մանկական հասակում տարած խոզուկ հիվանդությունը, իսկ համեմատաբար նոր ժամանակներում` նաեւ սեռավարակ հիվանդությունները:

Ամենից հաճախ վերջիններիս նպաստող գործոններ են դառնում մի քանի զուգընկերոջ առկայությունը եւ մարմնավաճառների ծառայություններից օգտվելու սովորությունը: Մանավանդ հանրապետության մարզերում այսպես ասած` խոպանային համախտանիշը եւս իր սեւ գործն անում է. հեռուներում աշխատանք փնտրող հայ տղամարդիկ հաճախ տուն են վերադառնում նաեւ սեռական ախտեր վաստակած:

Սերմնահեղուկի հետազոտման բարձրակարգ սարքից բացի կենտրոնին հաջողվել է ձեռք բերել նաեւ արյան կենսաքիմիական ու հեմատոլոգիական ուսումնասիրության 2 նորագույն անալիզատոր: Ընտանեկան բժշկի նոր ծառայության հետ դրանք հնարավորություն են տալիս ընդլայնելու կրծքագեղձի վիճակի ախտորոշման շրջանակը: Եթե ռադիոլոգը կնոջ կամ տղամարդու կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշ չի հայտնաբերում, հիվանդն, այնուամենայնիվ, կենտրոնից անպատասխան չի գնում: Նրա բողոքների պատճառը վերջնականապես պարզելու նպատակով նախկին ու ներկա հիվանդությունների ուսումնասիրություն է իրականացնում կենտրոնի ընտանեկան բժիշկը: Առայժմ ծառայությունում աշխատում է միայն մեկ ընտանեկան բժիշկ, նա օրվա ընթացքում սպասարկում է 10-15 մարդու: Հետագայում կենտրոնը մտադիր է ընդլայնել ծառայության շրջանակները: Ընտանեկան բժշկի սպասարկումից օգտվելը, սակայն, կամավոր է. հիվանդը ինքն է որոշումՙ շարունակել հետազոտությունը, թե ոչ:

Իսկ ընդհանրապես հիշեցման կարգով ասենք, որ Հայաստանում ուռուցքային հիվանդությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին տեղը, դրան հետեւում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Հանդիպում է նաեւ տղամարդկանց կրծքի քաղցկեղ: Կենտրոնում հետազոտված 200 տղամարդկանցից 2-ին այդպիսի ախտորոշում է տրվել: Կանանց վիճակագրությունը շատ ավելի տխուր է: Հետազոտված կանանցից յուրաքանչյուր 18-րդի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4