«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2004-07-03 | #124, 2004-07-07 | #125, 2004-07-08


ՄՀԵՐ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՀԱՄԱԼՐԵՑ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Ընթացիկ մրցաշրջանում Խորեն Հովհաննիսյանի անվան «100-ի ակումբում» ընդգրկվելու համար յուրօրինակ մրցավեճ էր ծավալվել արարատցի Մհեր Ավանեսյանի եւ «Միկայի» հարձակվող Արմեն Շահգելդյանի միջեւ: Եվ ահա առաջնության 13-րդ տուրում «Կոտայքի» հետ խաղում դառնալով «հեթ-տրիկի» հեղինակ, Մհեր Ավանեսյանն առաջինն ընդգրկվեց ռմբարկուների խորհրդանշական ակումբում, որի առթիվ շնորհավորում ենք 30-ամյա ֆուտբոլիստին: Ինչ վերաբերում է Շահգելդյանին, ապա շուտով նա էլ կհամալրի ակումբի շարքերը: Արմենին մնացել է խփել 2 գոլ:

Ակումբի հաշվարկով իր առաջին գնդակը Մհեր Ավանեսյանը խփել է 1993 թ. հունիսի 14-ին Աշտարակի «Քասախի» դարպասը: Ֆուտբոլային իր կենսագրության ընթացքում Մհեր Ավանեսյանը հանդես է եկել չորս թիմերումՙ «Ղարաբաղում», «Շիրակում», «Զվարթնոցում» եւ «Արարատում»: Հետաքրքրական է, որ նա հանդիսանում է միանգամից 2 թիմի լավագույն ռմբարկուն: 1993-99 թթ. հանդես գալով «Ղարաբաղում», Ավանեսյանը 115 խաղում խփել է 39 գնդակ: Իսկ ահա, կարճ ժամանակ (1999-2002 թթ.) խաղալով «Զվարթնոցում», Ավանեսյանն այստեղ էլ աչքի ընկավ իր արդյունավետ խաղով (36 գոլՙ 65 խաղում), դառնալով նաեւ այդ թիմի լավագույն ռմբարկուն: Առայժմ 30-ամյա ֆուտբոլիստն առավել արդյունավետ է գործել 1999 թ.: Այդ տարի նա հաջորդաբար հանդես է եկել «Ղարաբաղում», «Շիրակում» ու «Զվարթնոցում» եւ ընդհանուր առմամբ անցկացրած 27 խաղում խփել է 17 գոլ:

Հայաստանի առաջնությունում Ավանեսյանի հաշվին գրանցված 88 գոլերը խփվել են 22 թիմերի դարպասները: Նրա համար անառիկ են մնացել միայն «Զանգեզուրի» (անցկացրել է 6 խաղ), «Վանի» (5 խաղ), «Զվարթնոցի» (2 խաղ), ԲԿՄԱ-ի եւ «Ղարաբաղի» (1-ական խաղ) դարպասները: Իսկ առավել հաճախ Ավանեսյանը գրավել է «Կոտայքի» դարպասը (12 գոլ): Նա 10 գնդակ է խփել «Գյումրիին», 7-ականՙ «Փյունիկին», «Կիլիկիային» եւ «Լեռնագործին»: Մհերի հարվածներից ընդհանուր առմամբ տուժել են 36 դարպասապահներ: Բոլորից շատ գոլ է նա խփել Կարեն Բաբայանի դարպասըՙ 9: Ընդ որում, վերջինս 4-ական գնդակ է բաց թողել «Փյունիկի» եւ «Կիլիկիայի» դարպասները պաշտպանելիս, իսկ մեկ գոլ էլ Բաբայանի դարպասում է հայտնվել «Բանանցում» խաղալիս: 6 անգամ գնդակը ցանցից հանել է Գառնիկ Հովհաննիսյանը («Ցեմենտում»ՙ 2, «Լեռնագործում»ՙ 3, «Միկայում»ՙ 1): 5-ական գոլ է խփել Սարգիս Ներսիսյանի եւ Հայկ Դանիելյանի դարպասները:

Անշուշտ, ռմբարկուի հատկանիշներով օժտված Մհեր Ավանեսյանի ցուցանիշներն ավելի բարձր կլինեին, եթե նա տարբեր պատճառներով որոշ ժամանակաշրջան ստիպված չլիներ հարկադիր պարապուրդի մատնվել: Մասնավորապես, անցյալ տարի վերադառնալով իր հարազատ «Արցախ», Մհերը պատրաստվում էր հանդես գալ ՀՀ առաջնությունում, սակայն թիմը չմասնակցեց մրցաշարին: Այլապես դեռեւս անցյալ տարի նա կարող էր խփել իր հոբելյանականՙ 100-րդ գնդակը պաշտոնական մրցումներում: Ինչեւէ, Մհեր Ավանեսյանը լավ հնարավորություն ունի մրցաշրջանի ավարտին ավելի բարձր դիրք գրավել «100-ի ակումբում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4