Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանը 6-ամյա ընդմիջումից հետո կրկին կհագնի հարազատ ակումբի մարզաշապիկը: Ինչպես հայտնի է, Սարգիսը 1998 թ. «Փյունիկից» տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», իսկ վերջին մրցաշրջանում նա Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգի» կազմում էր հանդես գալիս: Սակայն թիմի նոր գլխավոր մարզիչը Սարգսին չէր ընդգրկում հիմնական կազմում, որի հետեւանքով Հովսեփյանը ստիպված էր խաղալ փոխարինողների կազմում: «Տորպեդո-Մետալուրգը», որը վերջերս վերանվանվել է «Մոսկվա», տրանսֆերի էր հանել Սարգսին: Եվ ահա «Փյունիկի» ղեկավարությունը գնել է նրա տրանսֆերային իրավունքները եւ այսուհետեւ Սարգիս Հովսեփյանը կրկին հանդես կգա «Փյունիկում»: Ինչ խոսք, եվրոգավաթների շեմին թիմում փորձառու ֆուտբոլիստի հայտնվելը նկատելիորեն կամրապնդի «Փյունիկի» պաշտպանությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Սկոպիեում կմրցի Մակեդոնիայի չեմպիոն «Պոբեդայի» հետ: Սարգիս Հովսեփյանն ամենայն հավանականությամբ արդեն այսօր «Փյունիկի» կազմում կմասնակցի «Կիլիկիայի» հետ խաղին: 1992-97 թթ. նա ՀՀ առաջնություններում «Փյունիկում» անցկացրել է 153 խաղ եւ խփել 6 գնդակ: