«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2004-07-03 | #124, 2004-07-07 | #125, 2004-07-08


«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ» ԴԵՊՔԵՐ ՄԵԶԱՆՈՒՄ ԴԵՌ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Մեզ խեղդել են կոռուպցիան եւ հարկային պատասխանատվությունից խուսափողները

«Ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման կանխարգելում» թեմայով ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպած սեմինարի ավարտից հետո երեկ տեղի ունեցավ մամլո ասուլիսՙ դեսպան Վլադիմիր Պրյախինի եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ: Սեմինարի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի գլոբալ ծրագիրն ընդդեմ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման, Եվրոխորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» համաձայնագիրը, փողերի լվացման մեթոդներն ու դրա դեմ արդյունավետ պայքարի օրինակները, եվրոպական մի շարք երկրների օրենսդրությունը քննարկվող ոլորտում եւ այլ հարցեր: Մասնակցել են պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Դեսպան Պրյախինը ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման կանխարգելման թեման համարեց խիստ արդիական, քանի որ այդ երեւույթը հավակնում է դառնալ 21-րդ դարի ամենալուրջ սպառնալիքներից մեկը: Հենց այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել միավորելու մեծ եւ փոքր պետությունների ջանքերը, նկատի ունենալով, որ արդեն իսկ կան երկրներ, ուր «կեղտոտ փողերը» գերազանցում են պետական բյուջեն: Հայաստանի մասնակցությունն այդ պայքարին, ըստ նրա, էական նշանակություն կունենա աշխարհում կիրառվող պայքարի ձեւերին ու մեթոդներին ծանոթանալու, նաեւ օրենսդրական դաշտը կարգավորելու առումներով:

Տեսական իմաստով մեր երկիրը գուցե կշահի, բայց խնդիրն այն է, որ ահաբեկչության ֆինանսավորման կամ փողերի լվացման դեպք Հայաստանի դատախազությունում առ այսօր չի գրանցվել: Պատճա՞ռը: Պրն Հովսեփյանը դժվարացավ պատասխանել այդպիսի դեպքեր մեզանում գոյություն ունե՞ն, թե՞ ոչ, հնարավոր է, որ դրանք չեն բացահայտվել դատախազության անբավարար աշխատանքի պատճառով, սակայն փաստը մնում է փաստ, որ դեռեւս ոչ մի ահազանգ դատախազությունը չի ստացել: Խոսելով օրենսդրական դաշտի անկատարության մասին նա նշեց, որ ահաբեկչության ֆինանսավորումը որպես առանձին հանցակարգ մեր օրենսգրքում չի առանձնացված, որեւէ հանցագործություն ֆինանսավորողը պատասխանատվության է ենթարկվում որպես օժանդակող եւ ոչ հանցագործ:

Խնդիրն այլ է կոռուպցիայի դեմ պայքարում, որի նպատակով 2 ամիս առաջ ստեղծված բաժինն արդեն գործի է անցել, նշանակվել են դատախազներ, մշակվել է կանոնադրություն, անցկացվել են հարցումներ եւ ստացել բազում բողոքներ, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր: Դրանց մասին լրագրողներին տեղեկություն կտրվի որոշ ժամանակ անց: Գլխավոր դատախազը նշեց, որ կոռուպցիայի դեպքեր կան նաեւ դատախազությունում, կառավարման համակարգում եւ այլուր: «Իսկ ո՞ւր են գնում ստվերային տնտեսության գումարները» հարցին, փոքր-ինչ երկար մտածելուց հետո նա պատասխանեց, թե դրանք բռնագանձվում են եւ մտցվում պետբյուջե: Նա հատկապես մտահոգիչ խնդիր համարեց հարկային պարտականություններից խուսափելը, որը խորացման միտում ունի, դարձյալ օրենսդրական անկատարության պատճառով: Եթե եվրոպական երկրներում հարկային պարտականություններից խուսափելու համար սահմանված է 10-12 տարվա ազատազրկում, մեր օրենսգրքով առավելագույն պատիժը 2 տարի է: Իբրեւ օրինակ նա պատմեց 7 մլրդ դրամ հարկային պարտականությունից խուսափելու դեպքի մասին, հավելելով, որ թույլ պատժաչափի պատճառով օրենքը խախտողները գերադասում են կրել այդ պատիժը, լավ իմանալով, որ 2 տարվա ընթացքում այդքան գումար չեն վաստակի:

Գլխավոր դատախազության առաջարկով այս եւ համանման այլ հարցեր առաջիկայում կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4