«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2004-07-09 | #127, 2004-07-10 | #128, 2004-07-13


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՕՍԿԱՆՅԱՆ-ԳՅՈՒԼ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Նրանց ուշադրության կենտրոնում է Հայաստանի արտգործնախարարը

ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովում Հայաստանը ներկայացնում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա Ստամբուլում ունենում է նաեւ երկկողմ հանդիպումներ: Խոսքը տվյալ դեպքում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման մասին է: Դա եռակողմի է վերածվել, երբ Գյուլն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, թուրքական «Սաբահ» թերթի վկայությամբ, հրավիրել է բանակցությունների սեղանի շուրջ:

«Ազգը» նախորդ համարում, շնորհիվ Թաթուլ Հակոբյանի թղթակցության, անդրադարձել էր Գյուլի, ապա եւ Մամեդյարովի հետ ՀՀ արտգործնախարարի հանդիպումներին: Հիշեցման կարգով նշենք, որ Վարդան Օսկանյանը պատասխանելով «Ազգի» հարցերին ասել էր. «Գյուլի հետ երկխոսությունը բավականին լավ ստացվեց, դրական հանդիպում էր»: Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, ապա Օսկանյանի վկայությամբ, եռակողմ հանդիպման նպատակահարմարությունն առաջացել է իր եւ Աբդուլլահ Գյուլի երկխոսությունից հետո:

Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակել էր դայլայլել Ղարաբաղի մասին իր «երգն» ասելով. «Աշխարհը գիտի, որ Ղարաբաղն ու Հայաստանն օկուպանտ են: Ադրբեջանը կողմնակից է հաշտության, սակայն չի կարող զիջումներ անել»: Ըստ երեւույթին, Իլհամի երգը դուր է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա, բացելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված «Երիտասարդության համաժողովը», այնուհետեւ պատասխանել է պատվիրակների հարցերին:

Էրդողանն ի պատասխան «Կարո՞ղ են լուծում գտնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները» հարցի, բառացիորեն ասել է. «Հարցը միակողմանի է: Թուրքիան ամեն կերպ ձգտում է կյանքի կոչել հարեւանների հետ խնդիր չունեցող երկիր դառնալու նպատակը: Ցավոք, մեզ չի հաջողվում զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Դրա պատճառը նրանք (հայերը) են: Համառորեն չեն ճանաչում Թուրքիայի սահմանները: Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանին, որի հետ նմանապես խնդիրներ ունեն: Նրանք Ադրբեջանում օկուպանտի կարգավիճակում են: Կռվազան երկիր են ներկայացնում: Հայաստանի վարչակարգը որդեգրել է կոշտ դիրքորոշում: ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չեն մասնակցել: Դա բացատրություն չունի: Մենք հաշտության կողմնակից ենք: Հայաստանի հետ դժվարությունների հաղթահարման առումով խնդիրներ չունենք: Հայաստանը ձգտում է օրակարգում պահել Ցեղասպանության հարցը: Նման բան անհնար է, որ Թուրքիան ընդունի: Պատմական խնդիրներով թող զբաղվեն պատմաբանները: Նոր աշխարհը քենի եւ ատելության վրա չենք կառուցելու»:

Էրդողանն, ըստ երեւույթին, մոռացել է, որ Հայաստանը գագաթաժողովին մասնակցում է արտգործնախարարի գլխավորած պատվիրակությամբ: Համենայն դեպս, Թուրքիայի վարչապետի խոսքերը հունիսի 29-ի համարում մեջբերել է իսլամական «Վաքիթ» թերթը: Նույն օրվա համարներում Օսկանյանի երկկողմ եւ եռակողմ հանդիպումներին վերոհիշյալ «Սաբահ» թերթի հետ անդրադարձել են նաեւ «Հյուրիեթն» ու «Զամանը», ընդ որում վերջինը երկու առանձին հոդվածով: Համաձայն «Հյուրիեթի», Օսկանյանը նշել էր, որ ընդունում է Աբդուլլահ Գյուլի եւ Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպումներում «Թուրքիայի նախաձեռնությունն ու առաջնորդողի դերը»: Ըստ թերթի ստացած տեղեկության, Գյուլն ասել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում կարող է խաղալ «կատալիզատորի այն դերը», ինչ խաղացել է Կիպրոսում: «Հյուրիեթի» տվյալներով, հանդիպմանն Օսկանյանը տրամադրված է եղել եւ մատնանշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաեւ Եվրոմիությանն անդամակցության ձգտող Թուրքիան կարող է վերին աստիճանի կարեւոր դեր խաղալ արեւմտյան կառույցների հետ Հարավային Կովկասի ինտեգրացման գործում:

«Հյուրիեթի» վկայությամբ հանդիպմանն Օսկանյանն արծարծել է նաեւ Թուրքիայի հայկական սահմանի բացման հարցը, որին ի պատասխան Գյուլը Հայաստանից պահանջել է հրաժարվել «Ցեղասպանության պնդումներից եւ Թուրքիային ներկայացվող հողային պահանջներից»: Այդ ընթացքում Օսկանյանն ակնարկել է, որ հասկանում է Ցեղասպանության հարցի պատճառած մտահոգությունը:

«Զամանն» Օսկանյան-Գյուլ-Մամեդյարով հանդիպումը մոտավորապես նույն տեսանկյունից է լուսաբանում ինչ, «Հյուրիեթը», պարզապես հայ-թուրքական սահմանի բացմանն անդրադառնում է առանձին հոդվածով: «Հայաստանի սահմանը փակ է մնալու» հոդվածում ահա թե ինչ է գրում «Զամանը». «Օսկանյանն ասաց, որ եռակողմ հանդիպումները չպետք է սահմանափակել Ղարաբաղի հիմնահարցով, պետք է քննարկել նաեւ առեւտրատնտեսական հարցեր: Նրա կարծիքով, պետք է շարունակել հանդիպումները եւ այդ գործընթացում ներգրավել նաեւ Վրաստանին»: Ըստ «Զամանի», Գյուլը պաշտպանել է Օսկանյանի միտքը, եւ դիմելով հայ գործընկերոջն ասել. «Այս փուլում չպետք է ակնկալել, որ սահմանները կբացվեն»: Գյուլի այս խոսքերից, ինչպես «Զամանն» է ընդգծում, «հովացել են ադրբեջանցիների սրտերը»:

Որքան էլ թուրքական թերթերն Օսկանյան-Գյուլ-Մամեդյարով հանդիպումը լուսաբանեն Թուրքիայի տեսանկյունից, երբեմն ցանկալին ներկայացնելով իրողություն, այնուամենայնիվ, նրանք ուշադրությունը կենտրոնացնում են ՀՀ արտգործնախարարի վրա, ոչ թե Մամեդյարովի: Սա նշանակում է, որ Թուրքիան Անդրկովկասում շարունակում է բախվել հայկական գործոնին, իսկ բախումներից խուսափելու անկարողությունը զայրացնում է նրան:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4