Անդրադառնալով արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս Մ. Նահանգներում կատարած հայտարարությանը, թե Հայաստանը կարող է օգտվել «վետոյի» իր իրավունքից եւ խոչընդոտել 2007 թ. Թուրքիայիՙ ԵԱՀԿ նախագահող երկիր դառնալուն, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ գրում է Լոս Անջելեսից.
«Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը ռումբ պայթեցրեց հայտարարելով առաջին անգամ, որ Հայաստանը կօգտվի վետոյի իր իրավունքից, քանի որ Թուրքիան այդ մակարդակի, այդ բարձրության վրա չի գտնվում: «Թուրքիան միակ թեկնածուն է այդ տարվա համար: Նախագահող երկիրը որոշակի առավելություններ եւ իրավունքներ ունի, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ: Հաշվի առնելով անցած 12 տարիների ընթացքում տարածաշրջանի նկատմամբ նրանց (թուրքերի) քաղաքականությունը, որը չափազանց անհավասարակշիռ է եղել, եւ աներկդիմի պաշտպանությունն ու զորակցությունն Ադրբեջանին, Հայաստանը պարզապես ու նույնիսկ ցանկության դեպքում չի կարող մի ամբողջ տարի Թուրքիային որպես նախագահող երկրի տեսնել», ասված է նրա պատասխաններում:
Սա խիզախ որոշում է, որն, իմ կարծիքով, ճիշտ է: Մինչ նման որոշումները կարող են դուր չգալ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք հավանաբար կփորձեն ճնշում բանեցնել եւ պահանջել, որ վերանայվի այդ որոշումը, եւ մինչ պետք է խուսափել Մ. Նահանգներին հակադրվելուց, այնուամենայնիվ, իմ կարծիքով, Հայաստանը պետք է որոշումներ ընդունի ելնելով իր եւ ոչ թե օտար մի երկրի (Մ. Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի կամ Թուրքիայի) ազգային շահերից:
Ամերիկահայ համայնքը պարտավոր է հակադրվել Բուշի վարչակազմի անդամներին, որոնք կփորձեն ճնշում բանեցնել Հայաստանի վրա: Հատկապես ընտրական այս տարում մենք մեր ամբողջ ուժը որպես ընտրազանգված պետք է գործի դնենքՙ հակադրվելու բոլոր նրանց, ովքեր մեզանից կպահանջեն լավություն անել Թուրքիային: Մենք այս հարցում ամուր դիրքորոշում պետք է որդեգրենք: Հուսով ենք, Հայաստանի ղեկավարները 1999-ի սխալը չեն կրկնի:
Եթե Մ. Նահանգներն ու Թուրքիան իրոք ցանկանում են, որ վերջինս դառնա ԵԱՀԿ նախագահող երկիր, նրանք պետք է նախօրոք վերացնեն Հայաստանի շրջափակումը կամ ընդունեն Հայոց ցեղասպանությունը: Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ հաղթաթուղթը Հայաստանի ձեռքում է: Նա պետք է կարողանա առավելագույնս օգտագործել դա: