«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2004-07-09 | #127, 2004-07-10 | #128, 2004-07-13


ՄԵՆՔ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՑՐԻՆՔ

Երեւանի «Անի» հյուրանոցում աշխույժ եռուզեռ էր: Հերթական անգամ Հայաստան էին ժամանել Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մարի Մանուկյան-Տեմիրճյան վարժարանի սաները: Հանդիպեցի խմբի ղեկավար, վարժարանի հայկական բաժանմունքի վարիչ Մինաս Գոճայանին, որը եղել է ԵՊՀ-ի շրջանավարտ եւ արդեն գիտությունների թեկնածու է: Խնդրեցի պատմել այցի ու վարժարանի մասին: «Մեր վարժարանը 80 լավագույն ուսուցիչներով հայեցի ոգի ու կրթություն է տալիս 1000 աշակերտի: Դպրոցում տրվում է երկլեզուՙ հայերեն եւ անգլերեն բարձրակարգ ուսուցում, հեշտացնելով ամերիկյան բարձրակարգ համալսարաններում սովորելը, որի ապացույցն է Բերքլիի, Հարվարդի եւ այլ բուհերում մեր սաների բազմաքանակությունը»: Դպրոցի սաների թիվը տարեցտարի աճում է, ինչը ստիպել է եւս մեկ մասնաշենք կառուցել, ասում է պրն Գոճայանը: Հստակ միտում է նկատվումՙ անգլիախոս երկրորդ սերունդը ցանկանում է իր զավակներին հայ-կական կրթության տալ ու որ կարեւորն էՙ հայրենասիրական ոգով դաստիարակել:

Ամերիկացի Ջերալդ Մկկեյի (աշակերտների գծով կառավարիչ) առաջարկով ու նախաձեռնությամբ 1999 թ.-ից դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին (16-17 տարեկան) մեկ շաբաթով Հայաստան են բերում: Պրն Մկկեյը մեր զրույցի ժամանակ նշեց, որ «հայ ժողովուրդը խելացի, ուշիմ եւ ստեղծարար է: Հայ աշակերտներն ուսման առանձնահատուկ սեր ունեն, ես դա նկատել ու բարձր եմ գնահատում այն 17 տարիների ընթացքում, որ պաշտոնավարել եմ դպրոցում: Պարզապես հաճույք եմ ստանում հայ աշակերտներից, որոնք էլ ինձ պահում են դպրոցում, մինչդեռ վաղուց կարող էի չաշխատել: Աշակերտների սերը, ձգտումն իր արմատներին ու հայրենիքին, սա էր հիմնական պատճառը, որ ես նախաձեռնեցի ու պնդեցի Հայաստանում շրջապտույտի գաղափարը եւ շատ գոհ եմ, որ մեր սաները խանդավառված են վերադառնում»:

Դպրոցի սաների 30 տոկոսը Հայաստանից գնացած երեխաներ են, որոնք շատ հեշտությամբ մերվում են տեղացի, նախկին պոլսահայ, լիբանանահայ, սիրիահայ իրենց հասակակիցների հետ: Հովիկ Վարդանյանը ծնվել է Աբովյանում եւ մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել ԱՄՆ: Նա արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան եւ շատ փոփոխություններ է նկատել. «Կարծես թե մուրացկանները քչացել են ու էլ ճամփադ չեն կտրում ու մուրում: Այցելելով իմ հարազատներին նկատեցի, որ մշտական ջուր, լույս, գազ կա: Իսկ այստեղ ու այնտեղ հասակակիցներիս մեջ տարբերությունն այն է, որ այստեղ շատ ազատ են, ֆուտբոլ են խաղում, թղթախաղ, զրուցում են, ուրախանում, երգում ու պարում, ինչպես քույր ու եղբայր: Հենց դա Ամերիկայում չկա, այդպիսի մտերմությունն այնտեղ այլ կերպ է ընդունվում: Այստեղ հանգիստ կարող ես քայլել փողոցներով, այնտեղՙ շրջում ենք մեքենայով եւ կաշկանդված ենք փողոց դուրս գալիս, վտանգ կա...»:

Լիբանանահայ Լարա Աջապահյանը պատմում էր, որ իրականացել է իր երազանքը. «Շրջում եմ մայր հայրենիքում ու թվում է, թե միշտ այստեղ եմ եղել: Վերադարձիս ամենքին պատմելու եմ իմ չքնաղ երկրի մասին, որտեղ ամենուր հայերեն են խոսում, եւ ես էլ այս մեկ շաբաթվա ընթացքում ավելի վարժ ու ազատ եմ խոսում եւ հասկանում»: Արեգ Հոռոզյանն ավելի շատ հավանել էր երիտասարդության անմիջականությունը, միասնական լինելը եւ հայրենիքում բոլոր աղջիկներին որպես քրոջ է ընկալում, իսկ այնտեղ այլ է...

Արփի Հինդոյան-Ասլանյանը հայոց լեզվի ու կրոնի պատմություն է դասավանդում եւ շրջապտույտի պատասխանատուներից է: «Առաջին անգամ լինելով մայր հայրենիքում, ժամ-ժամի վրա տպավորություններս փոխվում են դեպի դրականը: Այցելելով թանգարաններ, պատմական վայրեր, զգացինք մեր ժողովրդի ուժն ու քաջությունը, իսկ երբ այցելեցինք Եռաբլուր, մեր քաջարի զոհվածների շիրիմներին, աշակերտները բոլորը երդվեցին բարձր պահել հայի պատիվը, օտար հողում զորացնել հայապահպանման ու հայրենասիրության ոգին, հայի ինքնությունը: Մենք այստեղ մեզ զգում ենք ինչպես զավակը մոր գրկում: Ես չէի կարծում, որ պիտի հանդիպեմ մի երիտասարդ սերնդի, որն ավելի լավ է տիրապետում անգլերենին, քան ուրիշ տեղ...»:

Ալեք Բժիշկյանը հուզված էր Արարատն ամեն օր տեսնելուց ու ոգեշնչված. 100-ից ավելի լուսանկարներ էր արել տարբեր տեղերից, տարբեր ժամերի: «Այս վեհությունը տեսնելիս ամենասուր զգացումը ջղայնությունն էր, որովհետեւ Արարատը մերն է եւ միեւնույն ժամանակ «մերը չէ»: Երբ ոտք դրեցի այս հողի վրա, զգացի, որ ես էլ եմ տերն իմ հայրենիքի: Երեւանը շատերը չէին պատկերացնում այսքան գեղեցիկ ու զարգացած, լուսավորված փողոցներ, շքեղ ու թանկ մեքենաներ, շենքեր...»:

Վարժարանի սաներն, այցելելով Հայաստանի տեսարժան վայրերը, մտածում էին, թե ինչպես երկարաձգեն այցը: Մենք մեր ինքնությունը զորացրինք, ասում էին ՀԲԸՄ Մանուկյան-Տեմիրճյան վարժարանի սաները, որոնց ընդունել է Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը, որի հայրապետական օրհնությունը երեխաները կտանեն իրենց հետ որպես ազգապահպան պատգամ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4