«Հայկական դիվանագիտության կարեւոր հաղթանակներից կարելի է համարել այն, որ թուրքական կառավարությունը հրաժարվեց 2007 թ. ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելուց», գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանըՙ մեջբերելով վերջերս Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի արած հայտարարությունն այն մասին, թե Հայաստանն իր «վետոյի» իրավունքը կօգտագործի Թուրքիայի թեկնածության դեմ:
Այնուհետեւ նա շարունակում է. «Թուրքական կառավարությունն անցյալ շաբաթ պաշտոնապես հայտնեց ԵԱՀԿ-ին, որ հրաժարվում է 2007-ի նախագահական թեկնածությունից: Ակներեւաբար Թուրքիան չի ցանկանում նվաստացած զգալ համաշխարհային հասարակության առջեւՙ պաշտոնական քվեարկության ժամանակ Հայաստանի կողմից «վետոյի» օգտագործման դեպքում: Այս անակնկալ քայլը նշանակում է, որ Հայաստանին ճնշելու Մ. Նահանգների եւ Թուրքիայի ջանքերը ձախողվել են, եւ որ Հայաստանն ամուր կանգնած է իր դիրքորոշման վրա: Դրանով նաեւ նրանք (թուրքերը) երեւի հասկացնում են, որ նպատակ չունեն մոտ ապագայում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ:
Առավել սուր բացատրությամբՙ թերեւս Թուրքիան չի ցանկանում, որ Եվրոմիության ճնշումների տակ Հայաստանի նկատմամբ իր հետագա դրական քայլերը համաշխարհային հասարակությունը դիտի որպես Հայաստանի վետոյի սպառնալիքի առջեւ տեղի տալու դրսեւորումներ:
Ժամանակը ցույց կտա, թե մեկնաբանություններից ո՞րն է ճիշտ: Այնուամենայնիվ, Հայաստանի սպառնալիքը դիվանագիտական խելացի քայլ էր, որ հետագայում նորանոր դիվիդենտներ կբերի: Սա նաեւ ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուժի եւ ոչ թե թուլության դիրքերից պետք է վարել: Աշխարհը հարգում է ուժեղներին այնքան ժամանակ, որ ղեկավարները չչարաշահեն ուժը եւ գիտակցեն հաստատակամության իրենց սահմանը», գրում է Սասունյանը: