ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հրավերով Մոսկվայում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 13-ին ՌԴ կառավարության շենքում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հանդիպումը, որը շարունակվեց նաեւ ընդլայնված կազմովՙ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ու պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: ՌԴ վարչապետ Ֆրադկովը ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ նշեց, որ ընթացիկ տարին երկկողմ համաձայնության առումով հարուստ էր իրադարձություններով, բարձր մակարդակի փոխայցելություններով, որի վկայությունն օրերս կայացած ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի այցերին հաջորդած ՀՀ վարչապետի պաշտոնական այցն է: Պրն Ֆրադկովն ընդգծեց, որ երկու երկրների երկխոսությունը բոլոր ուղղություններով նոր բովանդակությամբ է համալրվում եւ զարգանում: Նա գոհունակությամբ խոսեց ավելացող առեւտրաշրջանառության գումարային ծավալների մասին, միաժամանակ առկա ներուժը, հնարավորությունները նկատի առնելով, այն դեռեւս բավարար չհամարելով հույս հայտնեց, որ ՀՀ վարչապետի այցը կխթանի երկկողմ համագործակցությունը:
Ընդլայնված կազմով հանդիպմանը նախարարները որոշակի պարզաբանումներ են տվել հնչած հարցերի շուրջը, առաջարկներ են ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ, անդրադարձել «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքին: ՀՀ վարչապետ Մարգարյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ՌԴ-ին փոխանցված հայաստանյան ձեռնարկությունների արագ վերազինմամբ եւ վերագործարկմամբ: ՌԴ վարչապետ Ֆրադկովը եւս հավաստեց ռուսական կողմի շահագրգռվածությունն այդ հարցում եւ նշեց, որ իրոք տրամադրված է լայն ու երկարատեւ փոխգործակցության: Միաժամանակ նա նշեց, որ նախատեսվում է տրանսպորտի նախարար Իգոր Լեբիդինին նշանակել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ եւ հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի հրավիրել հանձնաժողովի նիստ:
Հանդիպման ժամանակ երկու կողմերի նախարարները ստորագրեցին կրթության բնագավառում համագործակցության համաձայնագիր: Հանդիպման ավարտից հետո երկու երկրների վարչապետները պատասխանեցին լրագրողների հարցերին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Մոսկվա