«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2004-07-10 | #128, 2004-07-13 | #129, 2004-07-14


ՊՈԼՍԱՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ

Ռոպեր Հատտեճյանի «Յուշատետրը»

Արձակագիր Ռոպեր Հատտեճյանը Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի խմբագրապետն է 1967 թվականից ի վեր: Մինչ այդ, 50-ական թթ. պոլսահայ նշանավոր գրողներ Խրախունու եւ Զահրատի հետ «Մարմարայում» գրական էջեր էր կազմում:

«1967-ից ի վեր կարողացա գրականությանս ճաշակը դնել «Մարմարայի» մեջ, մի թերթ, որտեղ գրականությունը եւ քաղաքականությունը քայլում են ձեռք-ձեռքի: Եթե ոմանք «Մարմարան» համով թերթ են համարում, ուրեմն սիրում են հայ մշակույթը, լեզուն, գրականությունը», ասում է նա:

Հատտեճյանը գրում է 1947-ից ու մինչեւ օրս հրապարակել է մոտ հինգ տասնյակ գիրք, եւս 50-ը շարված են համակարգչում ու սպասում են ծնունդի: Այս անդադրում մտավորականը գրել է կատակերգություններ, թատերախաղեր, մենագրություններ, պատմվածքներ, վեպեր, թարգմանել Ցվայգին, Քաչային, Սարոյանին: 23 տարի շարունակ ամեն Աստծո օր «Մարմարայի» առաջին էջի աջ անկյունում նա գրում է իր «Յուշատետրը»ՙ կարճ պատմվածք, գրախոսություն, ակնարկ:

Հերթական անգամ այս համով մարդու հետ հանդիպեցի իր թերթի խմբագրատանը: Հունիսի 28-ի «Յուշատետրը» «Նռան կուտն» էր: Սիրուն արեւմտահայերենով Հատտեճյանը զարմանում է, թե ինչու է նռան կուտը շատ, միսն ու հյութըՙ քիչ: «Նուռը բնութեան ձախողած ստեղծագործութիւններէն մէկն է: Այսպէս կը մտածեմ: Նուռին մէջ սխալ բան մը կայ, կ՛ըսեմ: Բնութիւնը տարբեր ձեւով ստեղծած ըլլալու էր նուռը... Նուռին հաստ կեղեւին ու իւրաքանչիւր հատիկին մէջ գտնուող կուտին միջեւ գրեթէ շատ քիչ բան կայ եւ ասիկա կրնայ ընդվզում պատճառել նուռ սիրողներուն»:

Նոր էր վերադարձել Կանադայից, որտեղ երեք շաբաթ դասախոսություններ էր կարդում պոլսահայ գրականության պատմությունից, կրթական, կրոնական եւ մշակութային կյանքից: Ափսոսաց, որ չկարողացավ լինել Հայաստանումՙ գրողների հերթական հավաքին:

«Առաջին անգամ Հայաստան եմ գնացել 1970-ին, այդ երկշաբաթյա այցի մասին գիրք գրեցիՙ «Օրագրիս 15 էջերը», ասում է Հատտեճյանը: Այսօր էլ «Մարմարան» Հայաստանի մասին շատ է գրում: «Մեր սպասած Հայաստանի անկախացումը շատ շուտ եկավ: Մենքՙ պոլսահայերս, գիտեինք, որ գալու է օրը, բայց երազն անակնկալ եկավ»:

Հատտեճյանը ցավում է, որ Հայաստանի տնտեսական վերելքն ուշացավ, բայց համոզված է, որ հայրենիքը պիտի հաղթահարի այսօրվա տնտեսական դժվարությունները, որովհետեւ «Հայաստանի ետեւը սփյուռք կա»:

«Մարմարայի» ամենօրյա թեմաներից են հայ-թուրքական հարաբերությունները: «Մենք հավատում ենք, որ թուրքական պետությունն ուզում է Հայաստանի եւ սփյուռքի հետ լավ հարաբերություններ ունենալ: Թուրքիան սփյուռքի նկատմամբ զգուշավոր է: Մոտ կամ հեռու ապագայում Թուրքիան քայլեր կանի կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները, եւ այստեղ ցեղասպանության հարցի չափ կարեւոր է նաեւ Ղարաբաղի խնդիրը: Ղարաբաղը մեզ համար («Մարմարայի») կարեւոր է, թեեւ գիտենք, որ կռվախնձոր է հայ-թուրքական հարաբերություններում», ասում է նա:

Հատտեճյանն ասում է, որ այսօր Թուրքիայում հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ չկա թշնամանք, ճիշտ էՙ «ծայրահեղականներ, հայոց նկատմամբ թշնամանք ունեցողներ էլ կան»: «Պոլսահայությունը, ի տարբերություն սփյուռքի մյուս մասի, շատ տարբեր վիճակ ունի, մենք երկու կրակի միջեւ ենք: Մենքՙ մի կողմից այս պետության հավատարիմ քաղաքացիներն ենք, պաշտպանում ենք այս պետության շահերը, մյուս կողմիցՙ պահպանում ենք մեր հայ ինքնությունը: Այսինքնՙ եւ այս երկրի լավ, հավատարիմ քաղաքացիներն ենք եւ հայ ենք: Այդ պատճառով պոլսահայերը բարելավում են ուզում հայ-թուրք հարաբերություններում, որպեսզի ավելի հարմար զգանք մեր հայկականության մեջ, ավելի օրինավոր, արդյունավետ կապեր հաստատենք Հայաստանի հետՙ ավելի արդյունավետ օգտագործելով Հայաստանի մտավոր եւ կրթական հնարավորությունները»:

Այսօր Ստամբուլում գործում են 33 հայկական եկեղեցիներ (աշխարհի ոչ մի այլ քաղաքում չկան այսքան հայկական եկեղեցիներ), 18 հայկական դպրոցներ ավելի քան 3 հազար աշակերտներով, ազգային 2 հիվանդանոց, մշակութային ակումբներ, եկեղեցական երգչախմբեր, մշակութային այլ օջախներ: «Մեզ համար եկեղեցին շատ կարեւոր է, քանի որ այսօր էլ ազգային իշխանության դերն է տանում: Մենք եկեղեցի ենք գնում ոչ միայն Աստծո, այլ մեր ժողովրդի ու մեր անցյալի հետ ժամադրվելու», ասում է Հատտեճյանը:

Պոլսահայության թիվը մոտ 80 հազար է, որոնց մոտ 70 տոկոսը հայախոս է կամ հայերեն չի կարդում: Նախկինում խառն ամուսնություններ գրեթե չկային, այսօր հայ երիտասարդները սկսել են ազգային տարբերություններ չդնել: Սա վատ է, ասում է Հատտեճյանը, բայց մյուս կողմից լավ է, որ «պոլսահայ երիտասարդները սկսել են ուսանել Հայաստանի համալսարաններուն մեջ կամ մշտական բնակություն հաստատել, գործ դնել, սրանք մեզ մխիթարող բաներ են, որոնք ինչ-որ տեղ կհավասարակշռեն արտագաղթը»:

Ռոպեր Հատտեճյանը փափագում է, որ պոլսահայ մշակույթի, գրականության մասին գրվի հայկական մամուլում, «մասնավորապես «Ազգ»-ի նման կարեւոր թերթում»: «Ամեն տեղ, ուր մեր մշակույթի, գրականության մասին գրվում է, մեզՙ պոլսահայերիս հպարտություն, երջանկություն է պարգեւում», ասում է նա:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Ստամբուլ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4