«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2004-07-10 | #128, 2004-07-13 | #129, 2004-07-14


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ Է ՈՒ ՍՈՅԱ

Գենետիկորեն ձեւափոխված մթերքների մեջ ողջ աշխարհում այսօր ամենից հաճախ հանդիպում են սոյան ու եգիպտացորենը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը գալիք ուսումնական տարեսկզբից հանրապետության 4 մարզերի (Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Տավուշ) դպրոցներում ու մանկապարտեզներում իրականացնելու է պարենի ծրագիր: Ամբողջ տարվա ընթացքում պարենային ծրագրի աջակցությունից կօգտվեն 1-3-րդ դասարանների 25 հազար, իսկ նախադպրոցական հաստատություններում` 5 հազար երեխաներ: Դոնոր կազմակերպությունը դպրոցներին կտրամադրի 3 տեսակ սննդամթերք` ալյուր, բուսական յուղ, ընդեղեն (ոսպ կամ լոբի): Մանկապարտեզներին կտրամադրվի բուսական յուղ, ընդեղեն, եգիպտացորենի եւ սոյայի փոշու խառնուրդ, որից կարելի է շիլա եւ այլ կերակրատեսակներ պատրաստել:

Ընդհանրապես, օգնության տրամաբանությունն այն է, որ ողջ օրվա ընթացքում դպրոցի կամ մանկապարտեզի սաները նշված սննդամթերքներից պատրաստված նախաճաշ կամ այլ կերակուրներ կստանան: Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից 2001 թվականից իրականացվող այս մարդասիրական ձեռնարկը գուցե եւ ուշադրություն չգրավեր, եթե օգնության տեսականու մեջ չհիշատակվեին եգիպտացորենն ու սոյան:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել ենք գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ (ԳՁՕ) պարունակող սննդամթերքի պրոբլեմին, սննդամթերք, որն այսօր վաճառվում է աշխարհի շատ երկրներում: Գենային ինժեներիայի սկզբունքներով ստացված բուսական ծագման մթերքը ամենեւին էլ անվտանգ չէ մարդու առողջության համար, եւ, գիտնականների համոզմամբ, հաջորդ սերունդների վրա նրա բացասական, նույնիսկ մուտացիոն ազդեցությունները միանգամայն հավանական են: Սննդամթերքի շուկայում հայտնված այս նոր խնդրի վերաբերյալ, սակայն, մեր սպառողները չնչին տեղեկություններ ունեն: Խնդրին անհամեմատ լավատեղյակ են Եվրոպայում, եւ այստեղ արդեն հասարակական կազմակերպությունները համաեվրոպական արշավ են սկսվել ԳՁՕ սննդամթերքի մուտքն իրենց երկրներ կանխարգելելու վերաբերյալ: Ֆրանսիայում վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների համաձայն եգիպտացորեն եւ սոյա պարունակող 103 տեսակի սննդամթերքներից 36-ում հայտնաբերվել են սոյայի եւ եգիպտացորենի ԳՁ տարբերակներ: Փորձագիտական տվյալներով, 2001 թ. սկսած միլիոնավոր ակր տարածությունների վրա կանադացի եւ ամերիկացի ֆերմերները աճեցրել ու աճեցնում են հատկապես ԳՁ սոյա եւ եգիպտացորեն: Հիշեցնենք, որ ի տարբերություն սովորական սոյայի կամ եգիպտացորենի, սրանք կայուն են մանրէների, վնասատուների, զանազան վարակների ազդեցությունների հանդեպ, ուրեմն եւ շահույթ ստանալու տեսանկյունից`առավել նախընտրելի:

Անցած տարվա մարտի 28-ին առողջապահության նախարարի` «Պարենային հումքին եւ սննդամթերքի անվտանգությանն ու սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներում» հատուկ հավելվածով առանձնացվեց ԳՁՕ սննդամթերքին ներկայացվող պահանջը, այն է` նման սննդատեսակների պիտակների վրա պարտադիր պիտի նշումներ լինեն ԳՁՕ-ի առկայության մասին: Դրանք, այնուամենայնիվ, Եվրոմիության հաստատած նորմերով թույլատրելի սահմաններ ունեն, որից այն կողմ դրանց օգտագործումը կարող է անվտանգ չլինել մարդկանց առողջության համար: Ավելորդ է ասել, որ այս որոշման ոչ մի տողը չի կատարվում այսօր, բայց ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ ԳՁՕ-ի հավանականությամբ սննդատեսակների ցանկում նույն նախարարի հրամանում առաջինը նշվում են եգիպտացորենն ու սոյան:

Ոչ վաղ անցյալում Սպառողների շահերի պաշտպանության միությունը եւս, դիմելով սպառողներին, կոչ արեց հրաժարվել եգիպտացորենի ու սոյայի ծագման յուղերից, կրախմալներից, սպիտակուցներից:

Դժվար է ենթադրություններ անել, թե անցած տարիների ընթացքում բարեգործության անվան տակ ԳՁՕ ծագմամբ ինչքան ալյուր, բուսական յուղ կամ ընդեղեն է մտել Հայաստան: Եվ ինչպիսին են եղել ու լինելու դրանց վնասները մեր ու հաջորդ սերնդի առողջության վրա: Բայց որ այսօր էլ շարունակվում է դրանց մուտքը հանրապետություն, երբ նույն առողջապահության նախարարի հրամանով պաշտոնապես զգուշացվել է այդ մասին, առնվազն անհասկանալի է:

Եվ հիմա թերեւս կասկածելի սննդատեսակը հասցեագրվում է նախադպրոցական տարիքին, ում օրգանիզմն առավել փխրուն ու դյուրաբեկ է բացասական ներգործությունների հանդեպ: Մարդասիրական խողովակներով այսօր էլ ստեպ-ստեպ շարունակվում է պարենային օգնության տարբեր ծրագրերի իրականացումը Հայաստանում: Բայց թե ինչ ծագման ու որակի սննդատեսակներ են դրանք, ոչ ոքի չի մտահոգում: Վերահսկողական ու փորձաքննական ոչ մի կառույց ի սկզբանե չի գործել ու չի գործում այս օղակում:

Գուցե մեր այս հրապարակումը գոնե այս անգամ դրա հնարավորությունը տա, որպեսզի, ի վերջո, ԳՁՕ-ի իրական վտանգով ողջ Եվրոպայում մերժված եգիպտացորենն ու սոյան բարերարության անվան տակ չմատուցվեն մեր երեխաներին:

Հայաստանը 2001 թ. մայիսին միացել է Օրհուսի կոնվենցիային, որի պահանջներից է նաեւ ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ այդ միջավայրում աճեցված ու հասունացած սննդամթերքի վերաբերյալ սպառողի տեղեկացված լինելու իրավունքը տեղեկություններ ԳՁՕ ծագման սննդատեսակների դաշտային փորձաքննությունների (եթե դրանք իրականացվում են), առեւտրային նպատակով աճեցման առանձնահատկությունների, թույլատրելի նորմաների, հավանական վտանգավոր ազդեցությունների, շուկայում իրացման պատկերի վերաբերյալ: Ե՛վ տեսականորեն, եւ գործնականում Հայաստանի օրենսդրական ե՛ւ սպառողական շուկայում այս առումով ամայություն է:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4