«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2004-07-10 | #128, 2004-07-13 | #129, 2004-07-14


ԱՐՏԱՌՈՑ ՀՐԱՄԱՆ

Երեկ ստացանք Երեւանի Սբ. Զորավոր եկեղեցու ծխական խորհրդի արտահերթ նիստի արձանագրությունը եւ դրան կցվածՙ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանի թիվ 52 հրամանի պատճենները: Առաջինից պարզվում է, որ հուլիսի 11-ին խորհրդում քննարկվել եւ անվստահություն է հայտնվել ծխական խորհրդի ատենապետ Խաչիկ Ստամբոլցյանին նախորդ օրն «Առավոտ» հեռուստատեսությամբ «Ընդդեմ սոցիալական քարտերի» թեմայով ելույթ ունենալու համար, իսկ երկրորդիցՙ Խ. Ստամբոլցյանիՙ ծխական խորհրդի ատենապետի լիազորությունները դադարեցված համարելու վերաբերյալ:

Մեր օրերում, երբ անգամ Հռոմի կաթոլիկ եկեղեցին է սկսել հանդուրժել այլակարծությունը շատ ավելի դոգմատիկ հարցերի վերաբերյալ, տարօրինակ է թվում ծխական խորհրդի եւ, առավել եւս, առաջնորդական փոխանորդի նման վարմունքը մեզ արտառոց է թվում: Առավել արտառոց է Սրբազան հոր «հրամայում եմ» արտահայտությունը, որը մեր եկեղեցին վաղուց պետք է վտարած լիներ իր արտահայտչաձեւերից որպես սովետական աթեիստական վարչակարգի մնացորդ:

Հիշենք, որ մեր ժողովրդի մի ստվար հատվածը դեմ է սոցքարտերին, որոնց ինչ լինելը եւ հետագայի համար ինչ վտանգ պարունակել-չպարունակելը դեռեւս հայտնի է միայն օտարերկրյա «ներդնողներին»:

Բաց աստի, եթե մեր եկեղեցին այս հարցում նպատակ ունի հետեւողական լինելու, ապա անհրաժեշտ է, օրինակ, Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի կողմից ազատել նույն խորհրդի եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանին, որը, ինչպես գիտեն մեր ընթերցողները, սոցքարտերի կիրառման մասին բազմաթիվ առարկություններ է արել, այդ թվումՙ հոգեւոր բնույթի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4