«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2004-07-10 | #128, 2004-07-13 | #129, 2004-07-14


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԵՐԸ

Եվրոպական քամիները թափանցում են նաեւ այստեղ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Առողջապահության ազգային ինստիտուտում մայրաքաղաքի բժշկական կենտրոնների, մարզային առողջապահական վարչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց առողջապահության նախարարության հեղինակած առողջապահության օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը:

Խորհրդաժողովի նպատակը ոլորտի մասնագետների մասնակցությամբ առողջապահական քաղաքականության դրույթների համատեղ մշակումն է, քանի որ նոր օրենքը հանգուցային նշանակություն է ունենալու վաղուց բարելավումների կարիք զգացող օրենսդրական դաշտում:

Մինչ այժմ` 1992, 1996, 1998 թվականներին դաշտը կարգավորող 3 օրենք է ընդունվել` դեղորայքի, բժշկական օգնության ու սպասարկման, հիգիենիկ-համաճարակային ոլորտների վերաբերյալ: Այդ օրենքների ու օրենսդրական ակտերի բազում դրույթներ, իշխանության ապակենտրոնացման պայմաններում, ժամանակավրեպ դարձան:

Հատկապես առանձնացված չեն առողջապահության ասպարեզում տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, հստակ չեն պետական քաղաքականության սկզբունքները: Առողջապահության ասպարեզում այս ամենը հանգեցրեց անկառավարելի իրողությունների: Նոր օրենքի նախագիծը բազմաթիվ հոդվածներ ու դրույթներ է հատկացրել առողջապահության ասպարեզում պետական կարգավորիչ դերին, որն ակնկալվում է, որ պիտի իր հերթին հանգի բժշկական սպասարկման ու օգնության, որակի ու արդյունավետության բարձրացմանը:

Նոր փոփոխությունների անհրաժեշտությունն ակնհայտ է հատկապես ֆինանսավորման աղբյուրների բազմազանության պայմաններում: Ըստ նոր նախագծի, առողջապահության պետական տարեկան ծրագրերի ֆինանսավորման չափը պետք է լինի տվյալ տարվա պետական բյուջեի ծախսերի 10 տոկոսից ոչ պակաս: Փոխնախարարը հատկապես կարեւորեց նախագծի այն դրույթը, համաձայն որի առողջապահությանն ուղղված արտաբյուջետային միջոցների աճը չպետք է պետբյուջեից ֆինանսավորման կրճատման պատճառ դառնա:

Այժմ եվրոինտեգրման ճամփա ելած Հայաստանում առողջապահությունը եւս պիտի եվրոպական իր արահետը հարթի: Հիվանդի եւ բուժաշխատողների իրավունքները սահմանվել են արեւմտյան չափանիշների տեսանկյունից: Հիվանդի իրավունքները դիտարկվում են նաեւ նոր` սպառողի կարգավիճակում: Օրենքի նախագիծը քննարկումների է ուղարկվել հանրապետության մարզեր: Փոփոխությունների առաջարկներ ներկայացրել են միայն Սյունիքի, Կոտայքի, Շիրակի բուժաշխատողները:

Նոր օրենքի նախագծում հետաքրքրական փոփոխության առաջարկ է եղել` օրենքի մեջ գրանցել նաեւ մարդու սեռափոխության իրավունքը:

Մի դրույթ եւս տեղ է գտել օրենքի նախագծում` Հայաստանում արգելվում է էվթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որեւէ գործողությամբ: Սրանք, թերեւս, եվրոպական քամիների ազդեցությունն են նաեւ առողջապահության համակարգի վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4