Հայտնի է, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ էր անցկացնում հանրապետության դեղագործական շուկայում: Այդ ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են չարաշահումների ու օրինախախտումների բազմաթիվ դեպքեր, այնպես որ դրանք դարձան նախագահի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության քննարկման նյութ: Խոսքը վերաբերում է հատկապես բարեգործական խողովակներով ստացված դեղորայքի բաշխման, պահպանման խնդիրներին: Հանրապետության նախագահը իրավասու մարմիններին հանձնարարել է պատասխանատվության ենթարկել օրինազանցության հեղինակներին, իսկ առողջապահության նախարարին` բարեգործական խողովակով ստացվող դեղերի բաշխումը եւ դրանց պահպանությունը կանոնակարգող միջոցառումներ իրականացնել:
Ինչ է ձեռնարկվել նախագահի հրահանգներից հետո: «Ազգի» այս հարցադրմանը ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ նախագահի հետ, որ հումանիտար դեղագործական շուկան պետք է կարգի բերվի, շատ թերություններ կան: Հատկապես կոմերցիոն ոլորտի խնդիրներն են շատ: Պարզապես կան մարդիկ, ովքեր չպետք է աշխատեն այդ ոլորտում: Դեղորայքի շուկայում պետական քաղաքականությունը պետք է ամբողջությամբ վերափոխել»:
Իսկ առայժմ, ըստ նախարարի, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Ավելի կոնկրետ ու մանրամասն պատասխաններ նա խոստացավ տալ իրավիճակը պարզաբանելուց հետո:
Ասենք, որ վերահսկողական ծառայությունը նախագահի հանձնարարությամբ շարունակում է ուսումնասիրությունները դեղագործական շուկայում:
Կ. Դ.