«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2004-07-10 | #128, 2004-07-13 | #129, 2004-07-14


«ՆՅՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ԷՐ»

Անցած մի քանի տարիներին ձեռնարկությունն աշխատել է 0,1-0,6 տոկոս ծանրաբեռնվածությամբ

Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկության (ՆԳՁ) տնօրեն Միքայել Աբովյանը կարծում է, որ ձեռնարկությունը ռուսներին հանձնելը դրական քայլ էր, քանի որ անցնող երեք տասնամյակների ընթացքում արտադրանքի սպառողը գերազանցապես եղել է Ռուսաստանը:

«Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին հանձնված (բաժնետոմսերի 100 տոկոսով) հայկական հինգ ձեռնարկություններից մեկըՙ Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը գնահատվեց 350 հազար դոլար (մյուս չորսըՙ «Մարս» գործարանըՙ 56,29, Հրազդանի ՋԷԿ-ըՙ 31 մլն, կառավարման ավտոմատացված համակարգեր ԳՀԻ-ինՙ 3,37 մլն եւ մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ինՙ 2,75 մլն):

Համաձայնագրի ստորագրումից հետո հայկական եւ ռուսական մամուլի, քաղաքական շրջանակների արձագանքները տարբեր էին: Այսպես, ռուսական մամուլում հաճախ էր գրվում, որ համաձայնագիրը ձեռնտու էր Հայաստանին, քանի որ հայերին հաջողվեց իրենց ունեցած մոտ 100 մլն դոլար պարտքը փակել Ռուսաստանի համար անկարեւոր եւ մաշված 5 ձեռնարկություններով: Հայկական մամուլը, հակառակը, գրում էր, որ գրոշներով ռուսներին հանձնվեցին Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող 5 խոշոր ձեռնարկություններ:

Միքայել Աբովյանն ասում է, որ 350 հազարը պայմանական թիվ է: ԽՍՀՄ փլուզումից հետո հայկական ավելի խոշոր ձեռնարկություններ վաճառվել են խորհրդանշական գումարներով, որոնք մի քանի տարվա ընթացքում վաճառվել, թալանվել, փոշիացվել են: Աբովյանը կարեւորում է ոչ թե վաճառքի գինը, այլ ձեռնարկության ապագան: Խորհրդային Միությունում ՆԳՁ-ն իր տված արտադրանքի առումով մենաշնորհային դիրք ուներ: 1970 թ. ստեղծված ձեռնարկությունն արտադրում էր յուրահատուկ ապակիներ, որոնք օգտագործվում էին տիեզերագնացության, ավիաշինության ոլորտում, ինչպես նաեւ ապակեցեմենտ, լեյկոսապֆիր, ալյումինաօքսիդային խեցեղեն, հերմետացման զոդանյութեր:

ՆԳՁ-ն ունի երեք մասնաշենքՙ փորձնական գործարանը 4-րդ գյուղում, Խանջյան փողոցում գտնվող 7 հարկանի մասնաշենքը եւ Չարենցի 17 հասցեում գտնվող գլխամասային մասնաճյուղը, որի մի մասը տրվել է Զարգացման հայկական գործակալությանը: Եթե այս երեք շենքերն ուղղակի վաճառվեին, ապա ստացված գումարը մի քանի անգամ կարող էր ավելի լինել, քան 350 հազարը:

Աշխատողների թիվը 80 է, նախկինում եղել է 300: Աբովյանն ասում է, որ, չնայած դժվարություններին, ՆԳՁ-ն անցնող 10-12 տարիներին երբեք կանգ չի առել, բայց աշխատել է 0,1-0,6 տոկոս ծանրաբեռնվածությամբ: «Նյութեր կան, որ մենք ենք հեղինակել, որոշ տեխնոլոգիաներ մենք ենք մշակել: Կամՙ ապակեձուլման վառարանն ստեղծվել է հայ գիտնականների երեք սերունդների ջանքերով», ասում է Աբովյանը:

Փաստորեն, ՆԳՁ-ն պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասիՙ արտադրություն եւ գիտատեխնիկական աշխատանք (նոր տեխնոլոգիաների եւ նյութերի մշակում): «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանի սեփականություն դարձած ՆԳՁ-ն պատկանում է Ռուսաստանի պետգույքի գործակալությանը, որն էլ իր հերթին ձեռնարկությունը կառավարման է հանձնել ավտոմատ սարքերի գիտատեխնիկական ինստիտուտին:

Ի՞նչ ապագա է սպասում Ռուսաստանին հանձնված 5 ձեռնարկություններին, մասնավորապես ՆԳՁ-ին: Օրերս պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վարդան Օսկանյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրեց «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ռուսական կողմի սեփականությունը դարձած ձեռնարկությունների հնարավորինս արագ վերակենդանացման անհրաժեշտությանըՙ նկատելով, որ դա կնպաստի թե՛ ռուսական կողմի հայաստանյան տնտեսության մեջ ներդրումների ծավալի աճին եւ թե՛ մեր երկրի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Սա, ըստ էության, ազդանշան էր Մոսկվային, որ Երեւանն այնքան էլ գոհ չէ Ռուսաստանի դանդաղկոտությունից: Ի դեպ, Մոսկվա է այցելել Հայաստանի վարչապետըՙ ռուսական կողմի հետ քննարկելու հարցեր, որոնք առնչվում են այդ համաձայնագրին:

Միքայել Աբովյանը «95 տոկոսով վստահ է», որ ՆԳՁ-ն ռուսներին հանձնելը դրական քայլ էր, քանի որ արտադրության զարգացման հեռանկար չկար այն առումով, որ արտադրանքը սպառողը հենց Ռուսաստանն է: Իհարկե, կա նաեւ արտասահմանյան շուկա, որտեղ մտնելը, ըստ Աբովյանի, շատ բարդ է եւ պետք է ունենալ բացառիկ արտադրանք:

Բացի այդ, եթե ռուսներին հանձնելով ՆԳՁ-ի արտադրական հզորությունները վերականգնվեն, ապա դա կհանգեցնի գիտական պոտենցիալի զարգացմանը: «Վերջին մի քանի տարիներին դրամաշնորհների հաշվին գիտական պոտենցիալը զարգացել է, եւ անկախ Ռուսաստանին հանձնել-չհանձնելուց մենք զարգանալու, առաջ էինք գնալու: Բայց այս դեպքում չկար արտադրության զարգացման հեռանկարը», ասում է Աբովյանը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4