Երեւանում Վրաստանի դեսպանությունից երեկ տեղեկացանք, որ հարեւան հանրապետությունը Հայաստանի համար դեռեւս դեսպանի հարմար թեկնածու չի գտել: Նախկին դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլուՙ Սամցխե-Ջավախքում նախագահ Միխայիլ Սաակաշվիլու լիազոր նշանակվելուց հետո արդեն մի քանի ամիս Վրաստանը Հայաստանում ներկայացվում է ժամանակավոր հավատարմատարի աստիճանով (Գեորգի Թելզաձե): Դեսպանատնից ասացին, որ նոր դեսպանի նշանակման մասին «որեւէ ինֆորմացիա չկա»:
Աշխարհի 22 երկրներ Հայաստանում ունեն դեսպանատներ, նրանցից 5-ը ներկայացված են ժամանակավոր հավատարմատարի կարգավիճակով: Մեկ տարուց ավելի է Երեւանում դեսպաններ չունեն Սիրիան, Իրաքը, Թուրքմենստանը եւ Բուլղարիան: Երեւանում Սիրիայի նախկին դեսպանի դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտից հետո ավանդաբար բարեկամ համարվող արաբական այս երկիրը ոչ մի կերպ չի կարողանում հարմար դեսպան ընտրել: Այժմ գործերի հավատարմատարը Ղասան Ռասլանն է, իսկ դեսպանությունից ասացին, որ չգիտեն, թե երբ կնշանակվի նոր դեսպան:
Ի դեպ, Սիրիայում Հայաստանը եւս ներկայացված է գործերի հավատարմատարի մակարդակով: Նախկին դեսպան, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբորՙ Լեւոն Սարգսյանի Երեւան վերադառնալուց հետո դեսպանի պարտականությունները կատարում է Յուրի Բաբախանյանը, որը ժամանակին Իրաքում Հայաստանի հավատարմատարն էր:
Իրաքի պարագան հասկանալի է: Ամերիկացիների կողմից այս երկրի օկուպացումից հետո Երեւանում Իրաքի դեսպանը հեռացավ Հայաստանից (Սադդամ Հուսեյնի տապալումից հետո Իրաքի բոլոր դեսպանատները դադարեցրին գործունեությունը), դեսպանատունն առայժմ փակ է: Հունիսի 28-ին ամերիկացիներն իշխանությունը հանձնեցին իրենց իսկ ձեւավորած Իրաքի ժամանակավոր կառավարությանը: Ինչպես Երեւանում Իրաքի դեսպանատան, այնպես էլ Բաղդադում Հայաստանի դեսպանատան հեռախոսները չեն պատասխանում: Հավանաբար մոտ ապագայում Իրաքում Հայաստանի դեսպանության գործունեությունը կվերականգնվի: Այդ ուղղությամբ այսօր շփումներ են տեղի ունենում եւ այն ժամանակ, երբ այդ երկրի կառավարությունն ընդունակ կլինի ապահովել օտարերկրյա դիվանագետների անվտանգությունը, Բաղդադում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը կվերականգնվի:
Երեւանում դեսպան չունի նաեւ Թուրքմենստանը: Նախկին դեսպան Թոյլի Կուրբանովի «անհետացումից» հետո (խոսակցություններ էին տարածվում, որ նա քաղաքական ապաստան է խնդրել եվրոպական երկրներից մեկում) Աշգաբադը Հայաստանում դեսպան դեռեւս չի պատրաստվում նշանակել: Ժամանակավոր հավատարմատարի պարտավորությունները կատարում է դեսպանության առաջին քարտուղար Սերդար Դուրդիեւը:
Թ. Հ.