ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովի եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն (ՀՑԿ) եւ դիտեց «Հայաստան» տաղավարը: 2003 թ. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի պաշտոնական այցի ընթացքում բացվեց Հայաստանի տաղավարըՙ հիմք ունենալով ՌԴ կառավարության որոշումը: Այսօր արդեն մեր տաղավարը զբաղեցնում է 2600 քմ տարածք, որից 1800 քմ օգտագործվում է հայ բիզնեսմենների արտադրանքի ցուցադրության համար: Միաժամանակ կառուցվում են նոր ցուցատեղեր Հայաստանի թեթեւ արդյունաբերության արտադրանքի նմուշները ներկայացնելու համար: Այսօր հայկական տաղավարում ներկայացված են 24 հայկական ընկերություններ, եւ վերջին 10 ամիսներին տաղավարը իրացրել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլարի հայկական արտադրանք: Հայկական տաղավար ունենալու գաղափարը հետապնդում է մի նպատակՙ օգնել Հայաստանի ձեռնարկություններին, մտնելու ընդարձակ ռուսական շուկա եւ ձեւավորել հայկական որակյալ արտադրանքի համբավ: Երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը խոստացավ «Հայաստան» տաղավարի վարձակալության գումարները չավելացնել եւ ժամկետը երկարաձգել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Մոսկվա