«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2004-07-13 | #129, 2004-07-14 | #130, 2004-07-15


ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԼԱՎ Է ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Նշել են համանախագահները Ստեփանակերտում

Հուլիսի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Ստեփանակերտ: Վեց ամսվա ընդմիջումից հետո այս մի այցը հազիվ թե հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նոր քայլ էր ենթադրում: Այդուհանդերձ, այս մի այցի նորությունն այն էր, որ առաջին անգամ համանախագահները հանդիպեցին նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանի հետ հանդիպումից հետո կայացավ Մինսկի խմբի հանդիպումը ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենը նշեց, որ քանի դեռ առկա է գրավյալ տարածքների խնդիրը, պատերազմի վերսկսման հավանականությունն ավելի մեծ է:

Խոսելով «Նոր հարեւաններ» ծրագրի մասին, նա ասաց, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը չկարողանան գտնել կարգավորման երկուստեք ընդունելի բանալին, ապա չեն կարողանա օգտվել այդ ծրագրից: Դա նույնն է, Ա. Ժակոլենի խոսքերով, ինչ երկաթուղային կայարանում կանգնած մնալ եւ ձեռքից բաց թողնել գնացքը: Մինսկի խումբը չունի այնպիսի իշխանություն, որ ուժով լուծի հարցը, ուստի համանախագահների խնդիրն է հակամարտող կողմերին իրար մոտ կանգնեցնել եւ նպաստել այնպիսի որոշման կայացմանը, որը կլինի երկուսի համար էլ ձեռնտու: Իսկ դա հնարավոր է, ֆրանսիացի համանախագահի համոզմամբ, փոխզիջումների միջոցով:

Համանախագահների համար տպավորիչ էր ԼՂՀ փախստականների կոմիտեի ներկայացուցչի դիտարկումը, որով նա դժգոհություն հայտնեց, որ փախստականների հիմնախնդիրների քննարկումներում միշտ անտեսվում է Ադրբեջանից բռնագաղթած եւ Ղարաբաղում բնավորված հայերի կարգավիճակի ու նրանց համապարփակ օգնություն ցուցաբերելու խնդիրը:

Յուրի Մերզլյակովը, Անրի Ժակոլենը եւ Սթիվեն Մաննը հանդիպում ունեցան ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Այս հանդիպման վերաբերյալ երեկոյան տեղի ունեցած մամուլի ասուլիսում արտահայտվելով, համանախագահները գոհունակություն հայտնեցինՙ նշելով, որ Արկադի Ղուկասյանը լավ է տիրապետում իրավիճակին, եւ նրա հետ քննարկումները բավական օգտակար էին:

Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ համանախագահները ի պատասխան տրված հարցիՙ թե Մինսկի խումբը ինչպես է վերաբերվում եվրոպական մյուս կառույցներիՙ վերջին ամիսներին դրսեւորած ակտիվությանը, նշեցին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը երեք տարի առաջ դառնալով Եվրոխորհրդի անդամ, որոշակի պարտավորություններ են ստանձնել, եւ միայն այդ շրջանակներում կարելի է դիտարկել այս կառույցի հետաքրքրությունները: Իսկ Եվրոմիությունը ոչ մի առանձնահատուկ առաքելություն չունի կարգավորման գործում, բացի Հայաստանին ու Ադրբեջանին օժանդակելուց, որպեսզի նրանք դուրս չմնան «Նոր հարեւաններ» ծրագրից: Ինչ մնում է ԵԱՀԿ-ին, ապա Մինսկի խումբը ստեղծվել է դրա հովանու ներքո, եւ բնական է ԵԱՀԿ-ի շահագրգռությունը:

Ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննին ուղղված հարցը վերաբերում էր նրա համանախագահ դառնալու շարժառիթին: Վերջինս նշեց, որ թեեւ ինքը երբեւէ զբաղված է եղել Կասպիականի խնդիրներով, սակայն դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը կարգավորման համատեքստում կարեւորում է նավթային գործոնը: Համանախագահի պարզաբանմամբ, ինքը 25 տարի առաջ դիվանագիտական աշխատանք է կատարել Խորհրդային Միությունում, նաեւ Հայաստանում, եւ թերեւս իր ունեցած փորձով է բացատրվում ՄԽ-ում իրեն ընդգրկելու փաստը: Նա եւ մյուս համանախագահները նշեցին, որ գոյություն չունի ամերիկյան, ֆրանսիական կամ ռուսական հատուկ տեսակետ, իրենք գործում են միասին եւ քննարկվող բոլոր գաղափարներն էլ երեքի նույնական դիրքորոշումն են:

Հնչեց հարց բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտության մասին: Ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը նշեց, որ ԵԱՀԿ-ի որոշման մեջ կա մի կետ, ըստ որի բանակցություններին պիտի մասնակցեն հրադադարի համաձայնագիրը ստորագրածները: Այս հիմքով էլ մինչեւ 1997 թ. ԼՂ-ն մասնակցել է բանակցություններին, իսկ թե ինչու է այդուհետեւ Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից, բոլորովին էլ Մինսկի խմբի մեղքը չէ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4